HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բոլորը մեղադրում են, իսկ ո՞վ է պատժելու

Վերջին մի քանի ամիսների ընթացքում տարբեր մարզերի անտառներում սանիտարական հատման անվան տակ առողջ ծառեր են հատվում: Այդ մասին ահազանգում են հասարակական կազմակերպություններն ու լրագրողները: ԱԺ մի քանի խմբակցությունների պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ այդ մասին իրենք էլ չեն բարձրաձայնում: Զարմանալի էր, որ զրուցակիցներս տեղյակ չէին թե’ Գուգարքի, թե’ Ջիլիզայի անտառներում կատարվող հատումների մասին, չէին էլ լսել: Քանի դեռ տարբերություն կա օրենք կատարողների եւ չկատարողների միջեւ, երկիրը ոտքի չի կանգնի Գոհար Ենոքյան (ԲՀԿ խմբակցություն) Ծառերը հատում են, բայց ոչ մի պատգամավոր տեղյակ չի լինում, բա ո՞նց դրա դեմ պայքարենք, նախ այդտեղից սկսենք: Ես Երեւանում եմ, Գուգարքում ծառ են կտրում, ես ի՞նչ իմանամ, որ գնամ պայքարեմ: Եթե նախօրոք իմանամ, որ ծառ են կտրելու, չեմ ալարի, կգնամ կհասնեմ այնտեղ, թեկուզ վիզս կտրեն: Բայց կան համապատասխան կազմակերպություններ, ովքեր պատասխան են տալիս դրա համար: Մի տնկին 50 տարվա մեջ է ծառ լինում, այ դրա համար բնապահպանության պատասխանատուները գիշեր ու ցերեկ պետք է պայքարեն, նույնիսկ պատգամավորներից էլ շատ, որովհետեւ իրենք դրա համար են աշխատավարձ ստանում: Ամենակարեւորն այն է, որ այս երկրում չկա պատիժ օրենքը չկատարողի համար, այս երկիրը ոտքի չի կանգնի, եթե չկարողանա պատժել մեղավորին, ոչ թե ասի` սա բարեկամ է, ծանոթ է, վերադասի զավակ է եւ դրանց չի կարելի պատժել: Ինչո՞ւ ուրիշ երկրների նախագահների տղաներն ու աղջիկները մի խախտում են անում` 15 օրով կալանավորվում են, մեծ տուգանքներ են մուծում, մամուլում էլ գրվում է այդ մասին: Դե եկեք մեր երկրի ղեկավարների, հարուստներից մեկի զավակը մի բան անի ու կարողանան պատժել նրան, ոչ մի անգամ: Քանի դեռ տարբերություն կա օրենք կատարողների եւ չկատարողների միջեւ, երկիրը ոտքի չի կանգնի: Մեքենայով գնում ես, ավտոմեքենայի պատուհանից էլ սիգարետի տուփ, էլ բանանի կճեպ, ինչ ասես շպրտում են, մեքենայի մեջ նստած` քեզ թվում է հեսա սիգարետի տուփը գլխիդ է դիպչելու: Մեզ մոտ չկա օրենք, նրանք էլ գիտեն, որ անպատիժ են մնալու, քանի որ ոչ ոք չի կանգնեցնելու, չի տուգանելու: Բայց գնացեք դրսում տեսեք, թե հայերն ինչ օրինապահ են, նույնիսկ մեկ լուցկու հատիկ գետնին չեն գցում: Ասում եք, որ Ջիլիզայում էլ են անտառներ հատո՞ւմ, իբր այդ թունավոր գործարանների մեջ Ալավերդիում շնչելու օդ շատ կա, հիմա էլ ծառերն են հատո՞ւմ: Այնտեղ երեխաներն արդեն հիվանդ են ծնվում: Կծանոթանամ ձեր կողմից նշված խնդիրներին ու Ազգային ժողովում անպայման հարցը կբարձրացնեմ: Երկիրը ղեկավարվում է ախպերաընկերական կլանայինհամակարգով Լիլիթ Գալստյան (ՀՅԴ խմբակցություն) Ես այն համոզմունքն ունեմ, որ բնապահպանական խնդիրները կայացած, ժողովրդավարական եւ կայուն երկրների չափանիշ են: Հայաստանի նման երկրները, որոնք հայտարարում են ժողովրդավարական երկիր լինելու մասին, բայց իրականում ավտորիտար են, պետական ինստիտուտները չեն աշխատում, բնական է, որ բնապահպանական խնդիրները ետին պլան են մղվում: Միջազգային ցուցանիշ կա` որքան երկիրը զարգացած է, այնքան բնապահպանությունն իր համար կարեւոր է: Մենք տիպիկ արեւելյան կլանային կյանքով ենք ապրում: Այսօրվա մեր իշխանությունների որակի համար բնապահպանությունը բացարձակապես օրակարգային հարց չի: Բարբարոսաբար ենք վերաբերվում մեր ռեսուրսների նկատմամբ, որովհետեւ, ցավոք սրտի, պետական բարձր գիտակցում չկա` հասկանալու, թե որքան կարեւոր է ռեսուրսների պահպանումը: Պարզապես որոշ մարդկանց առաջ խնդիրր է դրված` շուտ եւ արագ հարստանալ: Սա սպառողի եւ տգետի հոգեբանություն է, քանի ոչ չեն մտածում, որ վաղը իրենց սերունդները շարունակելու են ապրել: Օրենքներն էլ չեն աշխատում, հրաշալի օրենքներ ունենք, բայց դրանք չեն գործում, որովհետեւ երկիրը ղեկավարվում է ախպերաընկերական կլանային համակարգով: Ես ինքս բազմիցս բարձրացրել եմ բնապահպանական, քաղաքաշինական թեմաներ, ոչ թե հետողականությունս է մարել, այլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ չինական պատի հետ երկխոսություն եմ վարում: Այդ հարցի ընկալումը չկա, եւ ինչ-որ տեղ ինքդ էլ ես քեզանից հիասթափվում, որ տեսնում ես անհավասարների զրույց է: Քաղաքացիներն էլ անընդհատ բողոքում են, որ այս ինչ տեղը ծառեր են հատվում եւ այլն, քաղաքացին ի՞նչ անի, երբ իշխանությունը արագ հարստացողի կողքին է, ոչ թե իր: Այսօր իշխանությունը խնդիր է դրել` ինչպես անի, որ ամեն գնով վերարտադրվի: Այս երկիրը էկոլոգիական կրթություն չի տալիս, իսկ քաղաքացիները շատ անփույթ են վարվում բնության նկատմամբ: Այն ռեսուրսը, որ այսօր իշխանության մեջ է, դժվար թե ունենա այն բարձր քաղաքական գիտակցումը, որ երկիրը որակական մի քայլով առաջ տանի: Այսօրվա իշխանությունը ծառ կտրող իշխանություն է: Կտրում են այն ծառը, որի վրա նստում են, որն իր ազգային դպրությունն է, մշակութային ժառանգությունը: Մի խոսքով` այսօր պետության եւ քաղաքացու կռիվ է: Պատգամավորները անտարբեր լինել չեն կարող, քանի որ ապրում են այդ նույն բնության մեջ Հերմինե Նաղդալյան (ՀՀԿ խմբակցություն) Որպես երեւույթ` բացարձակ անընդունելի է, որ ինչ-որ մեկի համար առողջ ծառը, բուսականությունը փչացնում են, կտրում, հատկապես եթե դա անում են շահադիտական նպատակներով, շինարարության կամ այլ նախագծի համար: Կառուցապատումը թույլատրող մարմինները պետք է առավելագույն ուշադրությամբ եւ պատասխանատվությամբ մոտենան այս գործին: Բնապահպանական մարմիններն էլ պետք է առավելագույն պատասխանատվություն ցուցաբերեն: Քաղաքացիական հասարակությունը եւս պետք է պահանջատեր լինի, քանի որ դա մեր մաքուր օդն է: Պատգամավորները անտարբեր լինել չեն կարող, քանի որ ապրում են այդ նույն բնության մեջ: Եթե որեւէ մեկն էլ անտարբեր է, պետք է նրան էլ կոչ անենք եւ միանանք բնապահպանական ուղղվածություն ունեցող առաջատար հասարակական կազմակերպություններին եւ լրագրողական համայնքին եւ աջակցենք նրանց: Այդ դատապարտելի երեւույթը չպետք է թույլ տանք, որ տարածվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter