HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանները և Շիրինյանները ենթարկվում են քաղաքական հալածանքների

Քրիստինե Աղալարյան
Շուշան Ստեփանյան

Ախալցխայի շրջանային դատարանը «Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի անդամ, սկաուտական շարժման առաջնորդ Գուրգեն Շիրինյանին 17 տարի ազատազրկման դատապարտեց: Իսկ «Միասնական Ջավախքի» նախագահ Վահագն Չախալյանի դատավարությունը դեռևս շարունակվում է:

2008թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի Թամարա թագուհու փողոցում, այն տան մոտ, որտեղ ապրում է Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը, պայթյուն էր որոտացել: Կասկածներն ընկան 26-ամյա «Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի անդամ, սկաուտական շարժման առաջնորդ Գուրգեն Շիրինյանի վրա։  Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչները շրջափակեցին և խուզարկեցին Գուրգեն Շիրինյանի հայրական տունը, և անհայտ պայմաններում սպանվեց Ախալքալաքի շրջանի Բարալետ գյուղի բնակիչ, քրեական ոստիկանության աշխատակից Արթուր Բերուջանյանը։ Գուրգեն Շիրինյանը փախուստի դիմեց, և մինչ օրս հայտնի չէ նրա գտնվելու վայրը: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզման մեջ գտնվող Գուրգեն Շիրինյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ հաղորդողին խոստացել է 10 000 լարի պարգև։ Գուրգեն Շիրինյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ` սպանության, մահափորձի եւ անօրինական զենք կրելու հոդվածներով։ Իսկ նրա հորը և հորաքրոջը` Հարություն և Կարինե Շիրինյաններին ձերբակալեցին: 

Հուլիսի 19-ին անհայտ պայմաններում սպանվել էր ևս մեկ ոստիկան` Արմեն Գաբրիելյանը։ Վարկածներից մեկի համաձայն՝ Գաբրիելյանն ինքնասպանություն է գործել Շիրինյանին բռնելու հատուկ գործողության ժամանակ, ըստ մեկ այլ վարկածի՝ այդ գործողության ժամանակ Գաբրիելյանին պատահաբար գնդակահարել են իր գործընկերները։ Երրորդ վարկածն էլ այն էր, որ նա տեղյակ էր առաջին ոստիկանի` Արթուր Բերուջանյանի մահվան մանրամասներին, այսինքն` սպանության ականատեսն էր, և այդ պատճառով նրան էլ են սպանել, որպեսզի ճշմարտությունը դուրս չգա: Մինչ բոլոր վարկածները հաստատվեին կամ ապացուցվեին դատարանում, Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազությունը հուլիսի 30-ին փակում է գործը` հիմնավորելով, որ «Արմեն Գաբրիելյանը հրազենային զենքի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում կրակ է բաց թողել: Երբ արդեն ոստիկանության մյուս աշխատակիցները մոտեցել են կրակոցի ձայնի վրա, հայտանաբերել են Արմենին գետնի վրա պառկած, որի գլխի վրա հրազենային վնասվածք կար»,-ասված է Արմեն Գաբրիելյանի հորն ուղարկված բացատրականում: 

Հուլիսի 21-ի «Միասնական Ջավախքի» եւ Երիտասարդական ռադիոյի գրասենյակից, ինչպես նաեւ «Միասնական Ջավախքի» նախագահ Վահագն Չախալյանի տնից` իբրև առգրավվել է զենք։ Վահագն Չախալյանը ձերբակալվել է, կալանավորվել էին նրա եղբայրը եւ հայրը՝ Արմեն եւ Ռուբեն Չախալյանները։ Նրանք մեղադրվում են անօրինական զենք պահելու մեջ: 

Այդ ընթացքում շարունակվեց նաև «Միասնական Ջավախքի» մեկ այլ ակտիվիստ` Արթուր Պողոսյանի դատավարությունը, որը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման: 

Հեռակա կարգով սկսվեց Գուրգեն Շիրինյանի և նրա ընտանիքի անդամների դատավարությունը: Դեկտեմբերի 24-ին դատավարությունը մտավ եզրափակիչ փուլ և դեկտեմբերի 25-ին վերջապես ընթերցվեց դատավճիռը:  Դատարանը մեղավոր ճանաչեց Գ. Շիրինյանին երկու հոդվածով` սպանություն եւ զենք-զինամթերքի պահպանում, սահմանեց 17 տարի ազատազրկման պատիժ: Հարություն եւ Կարինե Շիրինյաններին դատավորը մեղավոր ճանաչեց միայն մեկ` կեղծ ցուցմունքներ տալու հոդվածով` որպես պատիժ սահմանելով 2 տարի պայմանական ազատազրկում եւ յուրաքանչյուրի համար 2000 լարի (շուրջ 340.000դրամ) տուգանք: Փաստաբան Զ. Ռոստիաշվիլին բողոքարկելու է վճիռը, սակայն Գուրգեն Շիրինյանի պարագայում կան օրենսդրական դժվարություններ. «Եթե վրացական օրենքը թույլ է տալիս մարդուն դատել իր բացակայության դեպքում, ապա մեղադրական վճիռը բողոքարկելու հնարավորություն մեղադրյալի բացակայության դեպքում չի տրվում, սակայն վճիռը բողոքարկելու են Հարություն և Կարինե Շիրինյանների մասով, դրա հետ մեկտեղ կգնա և Գուրգենի մասը»,-ասում է «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը, ով որպես դիտորդ մասնակցում է «Միասնական Ջավախքի» ակտիվիստների դատավարություններին:

Դեռևս ընթացքի մեջ է «Միասնական Ջավախքի» նախագահ Վահագն Չախալյանի, նրա հոր և անչափահաս եղբոր դատավարությունը: Ռուբեն և Արմեն Չախալյաններին գրավով ազատ են արձակել:  Վահագն Չախալյանը մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 6 հոդվածներով` զենքի, զինամթերքի կամ պայթուցիկ նյութերի ձեռքբերման կամ պահման հոդվածով, ( 236 հոդվածի 1-ին մաս), հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման (225, 226 հոդվածների Ա և Բ կետեր), ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրության (353 հոդվածի 2-րդ մաս), խուլիգանության` կատարված ա) խմբակային համաձայնությամբ և բ) պետական պաշտոնյայի դեմ (239 հոդվածի 2-րդ մասի Ա և Բ կետեր) հոդվածներով: Բացի զենք-զինամթերք պահպանելու հոդվածից, մյուս բոլոր մեղադրանքները կապված են  են 2006 թ. Վահագնի ծավալած քաղաքական գործունեության հետ, մասնավորապես 2006-ի հոկտեմբերին Ախալքալաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների բողոքարկման ցույցի և 2006-ի մարտի 11-ին Ախալքալաքում տեղի ունեցած հանրահավաքի կազմակերպման մեջ:

Չախալյանների ընտանիքի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը փաստեց, որ վերջին դատավարությունների ժամանակ Վահագն Չախալյանի նկատմամբ հարուցվել են նոր քրեական գործեր: Առաջինը հարուցել է Բորժոմի շրջանի դատախազությունը, որի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն, իսկ երկրորդը`Ախալքալաքի դատախազությունը` 2006թ. դեպքերի հետ կապված ու կրկին խուլիգանության հոդվածով: 

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վրացական իշխանություններն ամեն գնով ուզում են դատապարտել Վահագն Չախալյանին բանտարկության, եւ քանի որ մինչ այժմ առաջադրված մեղադրանքներն ակնհայտորեն քաղաքական աստառ ունեին և տեսնելով գործի նկատմամբ միջազգային կառույցների կողմից աճող հետաքրքրությունը, վրացական իշխանությունները փորձում են Վահագն Չախալյանին ներկայացնել եւ դատել զուտ որպես մի սովորական «խուլիգան»»,-տեղեկացրեց Չախալյանների փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Փաստաբանի կարծիքով, «վրացական իշխանությունները արհեստականորեն ձգձգում են դատավարության անցկացումը, որովհետև չգիտեն, թե ինչպես դրա տակից դուրս գան: 

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, «Հզոր Հայրենիք» կուսակցության համանախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նույնպես համոզված է, որ Չախալյանը քաղբանտարկյալ է, և կոչ է անում հայկական իշխանություններին ևս հետամուտ լինել այս գործին և պաշտպանել ջավախքահայության շահերը. «Չախալյանները և Շիրինյանները, իրենց ընտանիքների հետ հանդերձ, ենթարկվում են քաղաքական հալածանքների, նոյեմբերի 6-ին սկսված դատավարությունը ցույց տվեց, որ ներկայացված մեղադրանքներից և ոչ մեկը ապացուցված և հիմնավորված չէ»,-Հետքին ասաց ԱԺ պատգամավորը:  

«Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի նկատմամբ իրականացված գործողությունները «Երկիր» միության դիտորդը դիտում է որպես քաղաքական ճնշում տեղի ակտիվի նկատմամբ: Ռոբերտ Թաթոյանն ասում է, որ Չախալյանը միանշանակ քաղբանտարկյալ է, և այդ դատավարությունները հետզհետե փլվելու են: Իսկ թե ինչու և ում էր ձեռնտու այս ամենը, Ռոբերտ Թաթոյանի կարծիքով, կան մի քանի պատճառներ. «Առաջին հարթությունը կապված է 2006թ.-ի ՏԻՄ ընտրությունների հետ, որտեղ միասնական Ջավախքը հանդես եկավ որպես ընդդիմադիր ուժ, իսկ ոստիկանապետի որդին հանդես էր գալիս իշխող կուսակցության ցուցակով: Պաշտոնական տվյալներով Ախալքալաք քաղաքում պարտվել էր` հավաքել էր 40 տոկոս ձայն»,-ասում է Ռ. Թաթոյանը: Երկրորդ հարթությունն էլ, ըստ նրա,  այն է, որ «Միասնական Ջավախքը» և Վ. Չախալյանը մեծ հեղինակություն էր վայելում և մեծ կշիռ ուներ տարածաշրջանում, և նրա գործողությունները վտանգավոր կարող էր համարվել, կար մի ուժ Ջավախքում, որը կառավարելի ու վերահսկելի չէր իշխանությունների կողմից: Երրորդ հարթությունն էլ` վրաց-օսական մոտալուտ հակամարտությունն էր: «Հուլիսի 17-21-ի բոլոր գործողությունների նպատակը Վահագն Չախալյանին ձերբակալելն էր»,-ամփոփեց «Երկիր» միության ծրագրերի համակարգողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter