Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվել է Արծնիի դպրոցը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պաշտոնապես բացվել է Լոռու մարզի Արծնի համայնքի դպրոցը, որը հիմնանորոգվել է Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ: Շուրջ 80 միլիոն ՀՀ դրամի չափով դրամաշնորհը Հնդկաստանի կառավարությունը «Հայաստան» հիմնադրամին տրամադրել է բարեկամ երկրներին ցուցաբերվող «Աջակցության ու զարգացման ծրագրի» շրջանակներում:
Հիմնանորոգվել է 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջակողմյան մասնաշենքը, որը լիարժեք կսպասարկի համայնքի դպրոցականներին: Վերահատակագծված մասնաշենքում փոխվել են տանիքը, մանրահատակը, տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ, կառուցվել է կաթսայատուն:
Համայնքում այլ փոփոխոթյուններ էլ են սպասվում: Օրերս շահագործման կհանձնվի Հիմնադրամի կառուցած համայնքային կենտրոնը, ընթացքում է խմելու ջրի ծրագիրը:
Համայնքի ղեկավար Խենկո Խաչանեսյանը ցավով նկատեց, որ նախկինում համայնքի բնակչությունը շատ ավելի մեծ էր, եւ այսօրվա 49 աշակերտի փոխարեն գյուղի դպրոցում սովորում էր շուրջ 300 -ը: Մեկ այլ ծրագրով ներկայումս գյուղում ջուր է անցկացվում, եւ գյուղացիները հույս ունեն, որ ջուր կրելը գյուղի մերձակայքում գտվող տարբեր աղբյուրներից շուտով հիշողություն կդառնա: Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք այսօր հանգեցրել են գյուղի երիտասարդների եւ հիմնական աշխատուժի արտագաղթին: Այդ խնդիրների շարքում գյուղապետն առաջնահերթ համարեց ջրի, գազի, մանկապարտեզի, ժամանցի կազմակերպման ձեւերի բացակայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել