Կստեղծվի «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի բերդ» հուշարձանախումբը կարիք ունի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի սահմանման, կառավարությունը որոշել է ստեղծել «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց - «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ, հաստատել դրա կանոնադրությունը, սահմանների և տարածքների նկարագրությունը։ Արգելոցը գտնվում է Լոռու մարզի Լոռի բերդ գյուղական համայնքի վարչական տարածքում, որտեղ արգելվում է տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը, օգտակար հանածոների մշակումը, բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, թունաքիմիկատների օգտագործումը և այլն։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 11,000.0 հազար դրամ հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքերի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցի NN45, 47, Պրոմեթևսի փողոցի N28, 29 անավարտ շենքերի գազիֆիկացման, բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Գործադիրը «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ից հետ է վերցրել քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանք վարձակալության իրավունքով 15 տարի ժամկետով հանձնել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամին` քաղաքի տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունն ապահովելու նպատակով օգտագործելու պայմանով։ Կենտրոնը քաղաքի ձեռնարկություններին և ձեռներեցներին կառաջարկի տեխնոլոգիական զարգացման ծառայություններ, ուսումնական դասընթացներ, տեխնոլոգիական աջակցություն և ինկուբացիոն ծրագիր։
Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև գործող վարկային համաձայնագրով իրականացվող միջոցառումների մասին կառավարության ընդունած որոշումը թելադրված է կառուցված և վերականգնված օբյեկտների շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ընդունված որոշման իրագործմամբ երկու համայնք կունենա խմելու ջրագծի ներքին ցանց, կարգավորվող ջրավազան, երեք համայնք` մայր ջրագիծ, չորս համայնք` ոռոգման պոմպակայանի մղման խողովակաշար, ոռոգման ցանց, էլեկտրամատակարարման հոսանքի գիծ, կաթի ընդունման կետ։
Գործադիրը որոշել է նոր խմբագրությամբ շարադրել իր ավելի վաղ ընդունած «ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների և ՊՈԱԿ-ների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման հավելվածը, ինչը պայմանավորված է դրամի փոխարժեքի նվազման արդյունքում որոշմամբ սահմանված` ավտոմեքենաների նախահաշվային արժեքները վերանայելու հանգամանքով։ Ներկայացված գները սահմանվել են հիմք ընդունելով համանման չափանիշներին համապատասխանող ավտոմեքենաների շուկայում գործող գները։ Հաջորդ որոշմամբ ևս մեկ փոփոխություն կատարելով 2010թ. պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում կառավարությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացրել է 440000 հազար, շենքերի և շինությունների ձեռքբերման համար` 60000 հազար, վարչական սարքավորումների ձեռքբերման համար` 40000 հազար դրամ։
Գործադիրը ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղու կայարաններում կատարվող սպասարկման և մատուցվող ծառայությունների դիմաց 2010թ. առաջին կիսամյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ վճարելու համար հատկացրել է 27933772,0 դրամ։
Նաև որոշվել է հայերեն նոր խմբագրությամբ հրատարակել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը` ուժը կորցրած ճանաչելով նույն խնդրով կառավարության նախկին որոշումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել