HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը մասնակցել է «Ֆրութֆուլ Արմենիա» միջազգային համաժողովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է եղել «Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ համաժողովի բացմանը, որն անցկացվում է 2010 թ. սեպտեմբերի 16-17-ը։ 2005 թ. ի վեր Երևանում անցկացվող ամենամյա համաժողովի նպատակն է բիզնես նախագծերի բացահայտման, նպատակաուղղման, զարգացման և օժանդակության միջոցով նպաստել Հայաստանում ֆերմերային ու սննդի վերամշակման շուկաների ոլորտի զարգացմանը և գյուղական համայնքների բարգավաճմանը։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին` վարչապետը, մասնավորապես նշել է, որ «Ֆրութֆուլ Արմենիա» ագրոֆորումը տարեցտարի դառնում է ավելի հետաքրքիր. ավելանում է մասնակիցների քանակը, և բարձրանում է հարցերի քննարկման պրոֆեսիոնալիզմը։ «Այն էապես նպաստում է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, քանի որ հնարավորություն ենք ունենում համատեղ քննարկել կուտակված պրոբլեմները, ինչպես նաև ծանոթանալ լավագույն միջազգային փորձին և մտքերի փոխանակում կազմակերպել։ Արդեն գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որ նաև երիտասարդ հետազոտողների ուշադրությունն ենք հրավիրում գյուղատնտեսության զարգացման խնդիրների վրա։ Նրանց հետաքրքրական ու նորույթ պարունակող առաջարկները կարող են խթանել բարեփոխումները գյուղատնտեսության ոլորտում և նոր բիզնես ծրագրերի ներդրումը, ինչը հնարավորություն է տալիս ագրոֆորումի շրջանակներում համախմբել գիտական-ստեղծագործական ներուժը»։ Իր ելույթում Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության հաստատած գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ռազմավարական հայեցակարգի հիմնադրույթները։ «Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին։ Հրավիրվածների թվում են հեղինակավոր խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ ու մարկետոլոգներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Իտալիայից, Ավստրիայից, Ավստրալիայից և այլ երկրներից։ Հիմնական թեման երեք բաղադրիչի` որակյալ խաղողի մշակման, բարձրորակ գինու արտադրության ու արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպման միջոցով հայկական գինու ճանաչելի ապրանքանիշի` բրենդի ստեղծման հնարավորության քննարկումն է։ Համաժողովի շրջանակներում տեղի կունենա հայկական գինիների համտես-մրցույթ` աշխարհի հանրահայտ գինեգետներից մեկի` Միշել Ռոլանի մասնակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter