Ինչո՞ւ Կառավարությունը չի ցուցաբերում միանման մոտեցում Յակ-40 ինքնաթիռի օդաչուների ընտանիքներին

Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը բանավոր եւ գրավոր հարցում է հղել Կառավարությանը «Հայկական ավիաուղիներ» ՓԲ ընկերության 2001 թվականին Իրանի տարածքում վթարի ենթարկված Յակ-40 ինքնաթիռի մահացած օդաչուների ընտանիքներին պարտքը վերադարձնելու վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք գրավոր հարցումը:
«Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ սնանկ է ճանաչվել եւ չի կարողանում մարել 2001թ.-ին Իրանի տարածքում վթարի ենթարկված Յակ-40 ինքնաթիռի մահացած օդաչուների ընտանիքներին` կերակրողին կորցնելու հետ կապված պարտք: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարը քաղաքացի Լարիսա Օհանյանին ուղղված 09.03.2010թ. N83 գրությամբ դիրքորոշում է արտահայտել, ըստ որի այս հարցը «գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ուշադրության կենտրոնում եւ պարտքերի գնման ցանկություն հայտնած ցանկացած անձի ի հայտ գալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նման գործընթացին ընթացք կտրվի»: Տեղեկացել եմ նաեւ, որ Կառավարությունը մի քանի անգամ պետական պահուստային ֆոնդից գումար է հատկացրել նման պարտքերի մարման համար կամ գնել է գոյացած պարտքը: Արդյունքում միայն 3 ընտանիքների պահանջներն են մնացել չբավարարված: Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ պատասխանել, թե`
- ինչո՞ւ Կառավարությունը չի ցուցաբերում միանման մոտեցում Յակ-40 ինքնաթիռի մահացած օդաչուների բոլոր ընտանիքներին,
- ինչո՞ւ չի ցուցաբերում նախաձեռնություն` գնելու «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ պարտքը վերջիններիս մասով` քաղաքացիներին ծանր սոցիալական կացությունից դուրս բերելու համար,
- կամ ինչո՞ւ պետական պահուստային ֆոնդից չի հատկացվում անհրաժեշտ միջոցներ նույն նպատակով,
- հնարավո՞ր է արդյոք այս հարցի կապակցությամբ կետ նախատեսել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում, թե՞ ոչ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել