
Սեպտեմբերի 17-ի առավոտյան, ժամը մոտ 9.30-ից ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանի գլխավորությամբ տարածքի մաքրման, բարեկարգման եւ ծառատունկի աշխատանքներ են սկսել Իջեւան քաղաքի կենցաղի տան հարակից տարածքում: Այդտեղ նախկինում ապօրինաբար առեւտուր էին անում գյուղմթերք վաճառողները:
Ծառատունկի սկզբից մի ժամ անց ժամանել են ռազմական ոստիկանության աշխատակիցները: Ռազմական ոստիկանության կապիտան, Տավուշի մարզի ռազմական ավտոտեսչության պետ Գագիկ Թանանյանը բանակցություններ է վարել Իջեւանի ոստիկանապետի հետ :
Հետո վերջինիս զանգահարել է Տավուշի մարզի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սուրիկ Ամիրյանը` հայտնելով, որ 2007թ. շուրջ 100 քառակուսի մետր այդ տարածքը սեփականաշնորհվել է իր ազգականին` Էդգար Ամիրյանին:

Նշենք, որ այդ տարածքի վաճառքը կատարվել է շուկայականից բազում անգամ էժան գներով: Ի վերջո, ոստիկանները տարածքում երկու ծառ տնկելով` դադարեցրել են իրենց գործը:
Հավելենք, որ կենցաղի տան հարակից տարածքը նախկինում կանաչապատ գոտի է եղել,եւ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածի համաձայն այն չէր կարող սեփականաշնորհվել: Այս կապակցությամբ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը 2009թ. հուլիսից քննություն է կատարում, սակայն դրա ավարտը չի երեւում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել