Երեւան տանող ճանապարհները փակ են
Այսօր Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անցկացնում Երեւանում: Այդ պատճառով չեն աշխատում մարզերից Երեւան եկող մի շարք հասարակական տրանսպորտային միջոցներ: Մասնավորապես, քաղաքացիներից ահազանգ ենք ստացել, որ առավոտից Երեւան չեն գալիս Արագածոտնի մարզի Ագարակ, Փարպի գյուղերի ավտոբուսները, իսկ Բյուրականի ավտոբուսը սպասարկում է անկանոն:
Մարդիկ Երեւան չէին կարողանում գալ նաեւ Էջմիածնից: Երթուղին պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Վերջինս գրեթե բոլոր հանրահավաքների օրերին 111 համարի ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդներին չի թողնում առավոտյան ժամերին աշխատանքի դուրս գալ: Վարորդներն այդ օրերին աշխատում են միայն երեկոյան ժամերին, այն էլ միակողմանի ուղղությամբ. հանրահավաքից 2-3 ժամ առաջ Էջմիածնից դատարկ գալիս են Երեւան, որպեսզի ուղեւորներին տեղափոխեն Էջմիածին: Դրանից պատգամավորը վնասներ չի կրում, քանի որ միկրոավտոբուսների ու ավտոբուսների փոխարեն Էջմիածնից քաղաքացիներին Երեւան են տեղափոխում նրան պատկանող «Քարավան» տաքսիներով: Եթե Էջմիածին-Երեւան երթուղու տոմսի արժեքը 250 դրամ է, ապա այդ օրերին պատգամավորին պատկանող տաքսիները մեկ հոգուց վերցնում են 500 դրամ: Իսկ կանգառներում, բացի «Քարավանի» տաքսիներից որեւէ այլ տաքսի կանգնելու իրավունք չունի, քանի որ հսկողությունն իրենց ձեռն են վերցրել անձամբ պատգամավորի մարդիկ: Երբ մարդիկ դժգոհում էին, թե ինչու երթուղին չի սպասարկվում, տաքսու վարորդները պատասխանում էին. «Էսօր միտինգ ա»:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Հետքին» խոստացան այս մասին պարզաբանումներ տալ առաջիկա ժամերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել