Փոխվարչապետը մեկնել է Մոսկվա
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Այցի շրջանակում տեղի ունեցավ Արմեն Գեւորգյանի հանդիպումը ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի հետ:
Զրուցակիցները քննարկեցին ՀՀ տարածքային կառավարման եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարությունների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվեց, որ մեծ նշանակություն է տրվում միջռեգիոնալ մակարդակով համագործակցության խորացմանը եւ այդ ձեւաչափը համարվում է արդյունավետ` վերականգնելու նախկինում եղած տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում հարաբերությունները, ինչպես նաեւ հաստատելու նոր փոխշահավետ կապեր:
Այդ համատեքստում կողմերն անդրադարձան 2011թ. առաջին եռամսյակում Հայաստանում համաժողովի անցկացման հնարավորությանը, որի ընթացքում ՌԴ նահանգապետերն ու ՀՀ մարզպետները կարող են քննարկել փոխգործակցության խորացման հեռանկարները:
Անդրադարձ եղավ նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեության ընդլայնման հնարավորությանը: Մասնավորապես քննարկվեցին ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հայեցակարգի վերաբերյալ հայկական կողմի նկատառումները, ըստ որոնց առաջարկվում է շեշտը դնել միջռեգիոնալ համագործակցության վրա, ինչը հնարավորություն կտա անկախ ընդհանուր սահմանի առկայությունից` միջռեգիոնալ մակարդակով հարաբերություններ հաստատել ու խորացնել ԱՊՀ երկրների հետ:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ բնակարանային ֆոնդի կառավարաման հարցում գործակցության հարցեր: Նշվեց, որ այդ ոլորտում երկու երկրների փորձի համադրումը օգտակար կլինի նախատեսվող բարեփոխումների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել