HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչների պայքարը շարունակվում է

Մինչ որոշ պետական մարմիններ զբաղված են աճպարարությամբ կամ ստախոսությամբ 2005թ. քաղաքապետարանը թույլ էր տվել «Լիբեր» ՍՊԸ-ին 12 հարկանի շենք կառուցել Կոմիտասի 5ա, 3, եւ 7 շենքերի միջեւ, իսկ այնտեղ այսօր գոյություն ունեցող տրամվայ-տրոլեյբուսներին սպասարկող ենթակայանը քանդվելու է եւ նորից կառուցվելու արդեն Կոմիտասի 5ա շենքին գրեթե կպած: Նոր շինությունները կառուցվելու են ճարտարապետական, քաղաքաշինական, բնապահպանական եւ առողջապահական նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով: Ըստ 24.11.2006-ի «Առավոտ» թերթում լույս տեսած հրապարակման` 2005թ. մարտի 29-ին, համաձայն Երեւանի քաղաքապետարանի 08.02.2005թ. թիվ 184-Ա որոշման, Արաբկիրի թաղապետը Երեւանի քաղաքապետի անունից քաղաքապետի նույն թվականի նոյեմբերի 25-ի հ. 2616-Ա որոշման հիման վրա հողի վարձակալության պայմանագիր է կնքել «Լիբեր» ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Արաբյանի հետ առ այն, որ վերջինս Կոմիտասի 5 հասցեում 10 տարի ժամկետով վարձակալում է 1000 քմ մակերեսով տարածք՝ 438.191 դոլարով՝ բազմահարկ շենք կառուցելու նպատակով: Ընդ որում` տարածքը «Լիբերին» տրվել է առանց մրցույթի՝ ուղիղ վաճառքի ձեւով: Բացի դրանից` հայտնի է, որ հողի կադաստրային արժեքը որոշվում է ըստ տարածքի գոտիականության: Կոմիտասի 5 հասցեն, որտեղ «Լիբերը» տարածք է վարձակալել, համարվում է 3-րդ գոտի, սակայն կնքված պայմանագրում այդ հասցեն ներառվել է 4-րդ գոտում, որտեղ հողի կադաստրային արժեքն ավելի էժան է, քան 3-րդ գոտում (այս գործի հետ կապված այլ ապօրինությունների մասին տես` «Առավոտի» հրապարակման մեջ <http://www.aravot.am/am/articles/politics/12969/view/function.session-start> հասցեով): Նշված շենքերի բնակիչները ակտիվ պայքար են սկսել այս ապօրինության դեմ, որը ուղեկցվել է օգոստոսի 26-ին Երեւանի քաղաքապետարանի առջեւ բողոքի ակցիայով, ինչպես նաեւ բնակիչների անունից զանազան պատկան մարմինների ուղղված նամակներով: Բնակիչները նաեւ կանխել են կառուցապատողի կողմից Կոմիտասի 5 հասցեում գտնվող ծառերի հատումը (կառուցապատողի ներկայացուցիչները հասցրել են հատել միայն 3 ծառ): Բնակիչները վճռական են տրամադրված եւ ասում են, որ եթե իրենց պահանջը` չեղյալ համարել ենթակայանի` իրենց անմիջական հարեւանությամբ տեղափոխման եւ 12 հարկանի շենքի կառուցման ապօրինի թույլատվությունը, չբավարարվի, ապա իրենք նախաձեռնելու են շատ ավելի զանգվածային ակցիաներ, ընդ որում` արդեն ՀՀ նախագահի նստավայրի առջեւ: Ի դեպ, դատական նիստերի ժամանակացույցից երեւում է, որ 2008թ. դեկտեմբերի 25-ին թիվ 2463-02 գործի համարով Արաբկիրի թաղապետարանը դատի է տվել «Լիբեր» ՍՊԸ-ին` գումարի պահանջի մասին հայցով: Բնակիչների նամակներին դեռեւս պատասխանել են պետական պատկան մարմիններից մի քանիսը: Այսպես, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին ուղղված նամակին ի պատասխան` նշված շենքերի բնակիչների ներկայացուցիչները հրավիրվել են ՀՀ նախագահի վերահսկողության վարչություն, ուր հանդիպել են վարչության պետի խորհրդատու Գոռ Դարբինյանի հետ: Վերջինս խոստացել է ուսումնասիրել գործի էությունը եւ տեղեկացնել բնակիչներին ընթացքի մասին: Մյուս պատասխանը եկել է ՀՀ բնապահպանության նախարարությունից, ուր ասվում է, թե «Ձեր նշած տարածքում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, չեն կատարվել նաեւ ծառահատումներ»: Փաստորեն, Բնապահպանության նախարարությունը կամ չի բարեհաճել մարդ ուղարկել ստուգելու ծառահատման փաստը (հիշեցնենք, որ բնակիչները նկարահանել էին ծառահատման գործողությունը, եւ այդ մասին պատմող տեսանյութը կարող եք տեսնել  <http://www.azatutyun.am/video/10007.html> հասցեով), կամ էլ իր պաշտոնական պատասխանում պարզապես ստում է: Քաղաքաշինության նախարարությունից բնակիչներին պատասխանել է քաղաքաշինական պետական տեսչության պետ, ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Ս.Հայրապետյանը, որը հայտնել է, որ Երեւանի  Կոմիտասի  պողոտայի թիվ 5ա հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի եւ էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման նպատակով «Լիբեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Երեւանի քաղաքապետի  կողմից 2010 թվականի հուլիսի 28-ին տրվել է թիվ 01/50-15303-396 շինարարության թույլտվությունը: «Շենքի կառուցման օրինականությունը պարզելու համար կառուցապատողից  պահանջվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչություն ներկայացնել վերոհիշյալ հասցեում նախատեսվող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար հիմք հանդիսացող իրավական եւ քաղաքաշինական բոլոր փաստաթղթերը: Նշված համաձայնեցված փաստաթղթերը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո Ձեզ  կտրվի սպառիչ պատասխան»,- ասված է պատասխան նամակում (տես www.e-gov.am <http://www.e-gov.am> , Քաղաքաշինության նախարարություն, հսկիչ համար` 0754-A801-10A0): Մեկ այլ պատասխան տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը, որում պատասխանատու նամակագիր Հ. Դարբինյանը բնակիչներին հայտնում է, որ  Կոմիտասի 5ա շենքին կից տրամվայ-տրոլեբուսների բարձր լարման էլեկտրական սնուցման ենթակայանը շենքին ավելի մոտ տեղափոխելու եւ տեղում բնակելի շենք կառուցելու վերաբերյալ ճարտարապետա-շինարարական նախագծային փաստաթղթեր ՀՀ առողջապահության նախարարությանը չի ներկայացվել: «Միաժամանակ հայտնում եմ, որ կատարվել է հարցում ՀՀ Երեւանի քաղաքապետարանին` նշված հարցի պարզաբանման համար»,- ասված է պատասխան նամակում: Բնակիչներին դեռ օգոստոսի 26-ին ընդունել էր նաեւ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանը եւ խոստացել, որ երկու օրում բնակիչներին կտրամադրի ծրագրվող շինարարությանը վերաբերող փաստաթղթերի պատճենները, նաեւ հավաստիացրել, որ առավելագույնը 2-3 օրում կառուցապատողը («Լիբեր» ՍՊԸ սեփականատերը) կհանդիպի բնակիչների հետ: Սակայն Ս. Դանիելյանը որեւէ փաստաթուղթ բնակիչներին ոչ 2 օրից, ոչ էլ 20 օրից այդպես էլ չի տրամադրել: Բնակիչների խնդրանքը` իրենց տրամադրել համապատասխան փաստաթղթերը, Դանիելյանը որեւէ արձագանքի չի արժանացրել: Իսկ քաղաքապետարանը բնակիչների պաշտոնական հարցմանն ի պատասխան` սեպտեմբերի 16-ին նամակով հայտնել է, որ «Լիբեր» ՍՊԸ-ին նշված տարածքում շինարարություն իրականացնելու թույլտվությունն իրոք առկա է` նշելով այդ թույլտվության համարն ու ամսաթիվը: Շինարարության թույլտվությունը հիմնավորող որեւէ այլ փաստաթուղթ, որը նաեւ կհավաստեր նման թույլտվության տրամադրման օրինականությունը, ի հեճուկս բնակիչների գրավոր պահանջի առկայության, այդ թվում` երկրաբանական (սեյսմիկ), առողջապահական, բնապահպանական, քաղաքաշինական/ճարտարապետական փորձաքննությունների եզրակացությունները, քաղաքապետարանն այդպես էլ չի տրամադրել: Ինչ վերաբերում է կառուցապատողներին, ապա «Լիբեր» ՍՊԸ նոր սեփականատեր ներկայացած Ա. Հովհաննիսյանը բնակիչների հետ հանդիպեց միայն 20 օր անց` սեպտեմբերի 13-ին, ապա 16-ին: Նպատակն էր` համոզել բնակիչներին, որ ենթակայանի տեղափոխումը եւ նոր շենքի կառուցումը օրինական են եւ չեն վնասում բնակիչների շահերը: Սակայն ո'չ նա, ո'չ էլ իր հետ եկած մասնագետները չկարողացան ներկայացնել բավարար փաստարկներ: Նրանք նաեւ չներկայացրեցին բնակիչների պահանջած փաստաթղթերի մեծ մասը: Իսկ ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի պարագայում ներկայացվեց ընդամենը դրա հին տարբերակը, քանի որ նորը անգամ հաստատված չէ: Սեփականատիրոջ եւ բնակիչների երկու հանդիպումն էլ ավարտվեցին անարդյունք: Բնակիչները շարունակում են կտրականապես դեմ մնալ իրենց շենքի անմիջական հարեւանությամբ ենթակայանի եւ նոր բնակելի շենքի կառուցմանը: Ընդ որում` բողոքի ալիքը գնալով մեծանում է: Այսպես, վերջին հանդիպմանը ներկա էին ոչ միայն Կոմիտասի 5ա, այլ նաեւ 3 եւ 7 շենքերի բնակիչներ: Նմանապես, քաղաքապետին եւ այլ պատկան մարմիններին սեպտեմբերի 14-ին ուղարկված նոր հարցման տակ ստորագրել են արդեն 50 մարդ նշված երեք շենքերից: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակին ԱԺ աշխատակազմից ընդամենը պատասխանել են, որ բնակիչների դիմումը 25.08.2010թ. թիվ ԶԶ-849 գրությամբ ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան, որտեղից էլ բնակիչները պետք է ստանան պատասխան: Այլ խոսքերով, բնակիչների դիմումը ԱԺ աշխատակազմն իր վրայից պարզապես «ցրել է»: Որեւէ պատասխան առայժմ չի եկել նաեւ բնակիչների` ԱԺ խմբակցություններին ուղղված նամակին: Եվ միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից են բնակիչներին տեղեկացրել, որ հետամուտ են լինելու նրանց օրինական շահերի պաշտպանությանը: Ի դեպ, խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այս հարցով հանդիպել են բնակիչների հետ, նաեւ վերջիններիս հրավերով մասնակցել կառուցապատողի հետ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած նրանց հանդիպմանը: Այսօր Լարիսա Ալավերդյանը պաշտոնական նամակներով դիմել է Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանին, ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանին, ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանին` խնդրելով տրամադրել Երեւանի քաղաքապետի 25.11.2005թ.` Կոմիտասի 5ա հասցեում «Լիբեր» ՍՊԸ-ին բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլատվություն տալու որոշման, այդ հասցեում ծրագրվող նոր շինությունների ճարտարապետա-հատակագծային առաջադրանքների, գլխավոր հատակագծերի, շինարարական. թույլտվությունների (մասնավորապես` Երեւանի  քաղաքապետի  կողմից  2010 թվականի հուլիսի 28-ին «Լիբեր» ՍՊԸ-ին տրված թիվ 01/50-15303-396  շինարարության   թույլտվության), բնապահպանական, քաղաքաշինական եւ գոյություն ունեցող այլ հատուկ փորձաքննությունների ակտերի եւ այդ շինությունների հետ կապված առկա մյուս բոլոր փաստաթղթերի պատճենները: Նա նաեւ խնդրել է պարզաբանել, թե ի՞նչ պատճառով է տարածքը «Լիբերին» տրվել  առանց մրցույթի/աճուրդի՝ ուղիղ վաճառքի ձեւով: Քաղաքացիական ազգային նախաձեռնության ներկայացուցիչներս ողջունում եւ քաջալերում ենք Կոմիտասի 5ա, 3, 7 շենքերի բնակիչների պայքարը սեփական իրավունքների համար եւ հայտարարում ենք, որ մենք եւս ուժերի ներածին չափով աջակցելու ենք նրանց այդ պայքարում եւ աչալրջորեն հետեւելու ենք պետական պատկան մարմինների գործունեությանը` այս խնդրի լուծման, այն է` Կոմիտասի 5 հասցեում նոր շենքերի կառուցումը կանխելու ուղղությամբ: Քաղաքացիական ազգային նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter