Մեծ հետաքրքրություն` «Հայաստան» տաղավարի շուրջ
Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 47-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցել է փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը:
Խորհրդի նիստում քննարկվել եւ հավանության են արժանացել երկու տասնյակից ավելի հարցեր: Մասնավորապես, Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագիծը, Մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի նախնական նախագիծը, ԱՊՀ երկրների պարենային անվտանգության բարձրացման հայեցակարգի նախագիծը եւ այլ հարցեր: Խորհուրդն ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության առեւտրային քաղաքականության մասին ամփոփ տեղեկատվությունը:
Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամները եղել են Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում ներկայացված ազգային տաղավարներում: Այցելուների շրջանում իր բազմազանությամբ մեծ հետաքրքրություն է առաջացրել «Հայաստան» տաղավարը: Այն, ի տարբերություն ԱՊՀ մի շարք այլ երկրների տաղավարների, արդեն գործում է մի քանի տարի եւ ներկայանում է մշտական ցուցահանդեսով: Տաղավարում ցուցադրված է շուրջ 200 ձեռնարկության արտադրանք: Այն համարվում է լավագույններից, եւ որպես օրինակ ներկայացվել է ԱՊՀ մի շարք երկրների, որոնց տաղավարները դեռեւս լիարժեք չեն գործում:
Ինչպես հաղորդում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդի անդամները նաեւ ծանոթացել են Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի հնարավորություններին եւ քննարկել ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսի անցկացման հետ կապված հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել