Ֆրանսիական «La Poste»-ը կաջակցի «Հայփոստին»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի «La Poste» ազգային փոստային օպերատորի միջազգային կապերի գծով տնօրեն Ժան Պոլ Ֆորսևիլին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովն ու արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը։
Ժան Պոլ Ֆորսևիլը վարչապետին ներկայացրել է «Հայփոստ»-ի և «La Poste»-ի միջև Համագործակցության ծրագրի իրականացման մանրամասներ։ Նա տեղեկացրել է, որ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է փոստային ծառայությունների ընդլայնում և փոստային նամակագրության, ծանրոցների փոխադրման ու ֆինանսական ծառայությունների մատակարարման որակի բարձրացում։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, ընդգծելով «Հայփոստ» ընկերության զարգացման իրատեսական ներդրումային ծրագրի կարևորությունը` Տիգրան Սարգսյանն առաջնային է համարել համագործակցության շրջանակներում փոստային բաժանմունքների արդիականացումը, նոր ծառայությունների քանակի և ներդրումների ծավալի շարունակական ավելացումը։ Վարչապետը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել