Մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը
Երեկ Անթալիայում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է: Մրցաշարում Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: Հայաստանի ծանրամարտի հավաքականի մի մասը` ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ արդեն իսկ գտնվում է Թուրքիայում: Սեպտեմբերի 14-ից սկսվել է տարբեր երկրների ծանրորդների ներհոսքը։ Ոլորտի մասնագետների գնահատմամբ, այս առաջնությունը մասնակիցների քանակի առումով ռեկորդային է լինելու, քանի որ հենց այստեղից է սկսվում 2012թ. օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվառումը։
Հայաստանի կանանց հավաքականը Անթալիա է ժամանել սեպտեմբերի 16-ին։ Գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ մրցավայր են եկել Էլեն Գրիգորյանը (53 կգ քաշային կարգ, Քասախ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ քաշային կարգ, Գյումրի), Եվրոպայի չեմպիոններ Մելինե Դալուզյանը (69 կգ քաշային կարգ, Գյումրի), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ քաշային կարգ, Քասախ)։
Տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են գալիս օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն ու Եվրոպայի չեմպիոն Գևորգ Դավթյանը (երկուսն էլ 77 կգ ք/կ), օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանն ու Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանը (երկուսն էլ 85 կգ ք/կ), Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը (94 կգ ք/կ) և Արթուր Բաբայանը (105 կգ ք/կ):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել