HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատաիրավական բարեփոխումները դրական արդյունքներ են արձանագրել

Կարծում է ԾԻԳ-ի տնօրենը Ներկայումս ընթացքի մեջ է «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի երկրորդ փուլը: Առաջին փուլը իրականացվել է 2001-2006 թթ.-ին, իսկ երկրորդը սկսել է 2007 թ.-ից և կշարունակվի մինչև 2012 թ. դեկտեմբեր ամիսը: Համակարգային բարեփոխումների շրջանակում, բացի դատարանների շենքերի կառուցման և վերակառուցման աշխատանքներից, նախատեսվում է դատարաններին տեխնիկական աջակցության ցուցաբերում, արբիտրաժային համակարգի ամրապնդում, դիտարկվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքների ծավալման մեթոդիկայի փոփոխության հնարավորությունը, որտեղ ենթադրվում է ներգրավվել նաև մասնավոր ընկերությունների: Մեծ նշանակություն է տրվում նաև այս հարցերի շուրջ ազգաբնակչության տեղեկացվածությանն ու իրավական ոլորտի վերաբեյալ տեղեկությունների մատչելիության ապահովմանը: Այս նպատակով, մասնավորապես, Երևանում և մի քանի մարզերում արդեն տեղադրված են «Դատալեքս» հատուկ էլեկտրոնային կրպակներ, որոնց թիվը երեսունն է և նախատեսվում է դրանց թվաքանակի ավելացում: Մայրաքաղաքի բոլոր դատարաններում տեղադրված են «Դատալեքս» մոնիտորներ, որոնց միջոցով հնարավոր է իմանալ, թե ինչպիսի դատական նիստեր են տվյալ օրը նախատեսված: Ծրագրերն հիմնականում իրականացվում են Համաշխարհային բանկի վարկերի շնորհիվ: Ընդհանուր առմամբ, երկրորդ փուլի ծրագրերի արժեքը գնահատվում է մոտավորապես 36-37 միլիոն ԱՄՆ դոլար, որից վարկերից ստացված գումարը կազմում է 22.5 մլն դոլար: Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ա.Թունյանը երեկ հայտնել է, որ ավարտվել են Լոռու մարզի, Չարենցավանի, Մասիսի և Վայքի դատարանների կառուցման և վերանորոգման աշխատանքները: Ավարտին են մոտենում աշխատանքները նաև Գորիսում և Մեղրիում, իսկ մի քանի քաղաքներում նախատեսվում են սկսել համանման աշխատանքներ: Բանախոսն ընդգծել է, որ մարզերում դատարանների շենքերի խնդիրը առավել սուր է, քան Երևանում, որի պատճառով էլ մայրաքաղաքի սահմաններից դուրս գործնականում հարկ է լինում ոչ թե վերանորոգել, այլ կառուցել հիմնովին նոր շենք: Գրասենյակի տնօրենը նշել է նաև, որ այս ամսում մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում սկսվել են Դատական ակադեմիայի շենքի կառուցապատման աշխատանքները: Ա.Թունյանի կարծիքով` տաս տարվա աշխատանքների ընթացքի արդյունքում հաջողվել է հասնել որոշակի դրական արդյունքների: Որպես մեծ ձեռքբերում, նա հատկապես նշել է նաև դատական համակարգի ավտոմատացման սկզբունքը, այսինքն` դատական նիստերի տեխնիկական հագեցվածությունը, ընթացակարգերի համակարգչային ձայնագրությունը և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter