HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռեցեսիա չկա, բայց ճգնաժամը շարունակվում է

«Այն տնտեսական իրավիճակը, որ կա ՀՀ-ում, կարելի է գնահատել որպես ստագնացիոն փուլ, երբ կա կայունացում կամ որոշակի աճ, բայց այդ աճը սոցիալական իրավիճակի վրա լուրջ ազդեցություն չի թողնում»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց անկախ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Սամվել Ավագյանը:

Նա նշեց, որ Հայաստանը միանշանակ դուրս է եկել ռեցեսիայից, բայց ճգնաժամից դեռ դուրս չի եկել: Երկրում արձանագրվել է ՀՆԱ-ի աճ, բայց այլ մակրոտնտեսական ցուցանիշները չեն բարելավվել: Այսօր, ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների, Հայաստանում գործազրկությունն ավելի բարձր մակարդակ ունի, քան 2008 և նույնիսկ 2009 թ.-ին, երբ ճգնաժամն ամենամեծ ազդեցությունն էր թողել տնտեսության վրա: Հայաստանում արձանագրվել են արտաքին առևտրի հաշվեկշռի վատթարացում և գների ավելի բարձր մակարդակ, քան նախատեսվում էր: «Ի վերջո, այս ամենը միասին հանգեցնում է սոցիալական իրավիճակի որոշ վատթարացմանը կամ բարելավման ավելի ցածր տեմպին: Այդ պայմաններում մենք չենք կարող խոսել այն մասին, որ ճգնաժամը վերջնականապես հաղթահարվել է, թեև ռեցեսիա չունենք»,- ասաց անկախ փորձագետը: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Հայրապետյանն, ասաց, որ այս տարի արտահանումն աճել է մոտ 43 %-ով, ներմուծումը` 22 %-ով: Հունվար-հուլիս ամիսների ընթացքում արձանագրվել է 4 % տնտեսական աճ: «Տարվա սկզբի տնտեսական աճի համեմատ տնտեսական աճի որոշակի դանդաղում նկատվեց, ու դա հիմնականում պայմանավորվեց մեր գյուղատնտեսության ոչ բարենպաստ զարգացումներով: Գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա. գյուղատնտեսության թողարկման ծավալները նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ մոտ 23 %-ով անկում են արձանագրել»,- ասաց Արմեն Հայրապետյանը: Նա կանխատեսեց, որ մինչև տարեվերջ տնտեսական աճի իրենց սպասելիքները նորից կդանդաղեն: «Տարին կանխատեսում ենք փակել 3-4 % աճի սահմաններում»,- ասաց վարչության պետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter