Ալավերդու հիվանդանոցի վերանորոգման ավարտի ժամկետները հայտնի չեն
Վերջին 10-ը տարիներին պետական միջոցներով Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող Ալավերդու առողջապահական կենտրոնի շենքը երրորդ անգամ է կապիտալ վերանորոգվում:
88-ի երկրաշարժից հետո Կառավարության մասնագիտական հանձնաժողովը շենքը վթարային է ճանաչել, սակայն առ այսօր այնտեղ ամրացման աշխատանքներ չեն կատարվել, թեեւ Լոռու մարզպետարանը կապիտալ վերանորոգման նպատակով այն ընդգրկել է մարզի աղետի գոտու վերականգնման 1999-2001 թթ. եռամյա ծրագրում` 100 մլն դրամ նախագծային արժեքով:
«Տիգրան Մեծ» շինարարական կազմակերպությունը 3 տարվա ընթացքում շենքի մի հատվածի ներքին հարդարման, լուսամուտների վերանորոգման ու ներկման աշխատանքեր է կատարել: Ըստ «Լոռու մարզ» թերթի հրապարակումների` 2001-2002 թթ. աղետի գոտու եռամյա ծրագրով շենքի վերանորոգման վրա ծախսվել է 50 մլն դրամ:
Երկրորդ անգամ նույն շենքի կապիտալ վերանորոգման նպատակով փոշիացվել են հիվանդանոցի աշխատողների 5 տարվա` 2002-2006 թթ. աշխատավարձի գումարները` շուրջ 60 մլն դրամ:
Առողջապահական կենտրոնի գործող տնօրեն Ստեփան Մոսինյանն ասում է, որ 2006 թ. տնօրենի պաշտոնը ստանձնել է 46 մլն դրամ պարտքով, որի առյուծի բաժինը կազմել է աշխատավարձը: Չնայած ներդրված պատկառելի գումարներին` մինչեւ երրորդ վերանորոգումը կենտրոնի շենքն ունեցել է վթարային տանիք, տարրական պայմաններից զուրկ հիվանդասենյակներ, չգործող սանհանգույց, կոյուղու վթարված համակարգ:
2009-ի սեպտեմբերի 1-ին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով սկսվել է կենտրոնի շենքի երրորդ կապիտալ վերանորոգումը: «Ամբողջ շենքի կապիտալ վերանորոգման համար, մեր հաշվարկներով, անհրաժեշտ կլինի 2,5 մլն դոլար: Կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է 193 մլն դրամ, որից Սոցներդումների հիմնադրամի 108 մլն դրամ արժեցող ծրագրով սկսվել է մասնաշենքի վերանորոգման աշխատանքների առաջին փուլը: Վերանորոգվել են ստացիոնար մասի տանիքը, երրորդ հարկը, որտեղ տեղակայված է ընդհանուր վիրաբուժական բաժանմունքը, եւ երկրորդ հարկը` ընդհանուր թերապեւտիկ բաժանմունքը: Այս աշխատանքները կատարվեցին ըստ գրաֆիկի` տեւեցին 210 օր եւ ավարտվեցին ապրիլի 1-ին»,- ասաց Ստեփան Մոսինյանը: Մասնաշենքում իրականացված շինարարական աշխատանքները, ըստ տնօրենի, կատարված են բարձր որակով: Այն կատարել է Վանաձորում գրանցված «Կանակա» ԲԲԸ շինարարական կազմակերպությունը: Սակայն արդեն 5 ամիս է, ինչ հիվանդանոցային մասնաշենքի վերանորոգված բաժանմունքների դռները փակ են եւ չեն ծառայում քաղաքի բնակչությանը: Անբարեկարգ վիճակում է մասնաշենքի առաջին հարկը, չեն գործում կոյուղու ներքին եւ արտաքին, ինչպես նաեւ ջեռուցման համակարգերը: «Առաջին փուլի ավարտից հետո սկսվեցին երկրորդ փուլի ֆինանսական աղբյուրների որոնողական աշխատանքները, որի ընթացքում խնդիրներ առաջացան: Երկրորդ փուլում նախատեսվում է հիմնանորոգել ստացիոնար մասի ամբողջ առաջին հարկը, արտաքին կոյուղագիծը, կաթսայատունը` ջերմամատակարարման ամբողջ համակարգով, եւ թթվածնային ամբարը` կենտրոնացված թթվածնային ամբողջ համակարգի սպասարկումով: Սրանց նախահաշվային գումարը կազմում է 85 մլն դրամ, Առողջապահության գործակալության կողմից ներդրումային գումարը` 4,2 մլն դրամ: Վերջինը արդեն գործակալության կողմից փոխանցվել է Ալավերդի համայնքին, որն էլ այն փոխանցելու է Սոցհիմնադրամին»,- ներկայացրեց կենտրոնի տնօրենը:
Ս. Մոսինյանը նշեց, որ առողջապահության նախարարի` մի քանի ամիս առաջ Ալավերդի կատարած այցից հետո կենտրոնի վերանորոգման նախագծային փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ. «Ամբուլատոր մասը ներկա նախագծով պետք է տեղափոխվի ստացիոնար մասի առաջին հարկ, իսկ ծննդատունը կտեղավորվի կենտրոնի ամբուլատոր մասի երկրորդ հարկում: Արդեն ավարտվել են նաեւ ամբողջ ամբուլատոր մասի վերանորոգման նախագծման աշխատանքները, մնում է, որ շարունակական փուլային համակարգով այդ աշխատանքները կատարվեն»:
Թե վերջնականապես երբ կավարտվի առողջապահական կենտրոնի վերանորոգումը, կենտրոնի տնօրենը դժվարացավ պատասխանել: «Չե՞ք կարծում, որ հիվանդանոցի մասնաշենքի շահագործման հետաձգումը եւս մի քանի տարով կարող է վնասել արդեն կատարված շինարարական աշխատանքներին»,- հարցրինք տնօրենին: «Իհարկե, հնարավոր է, եթե այս ձմռանը մենք այդ մասնաշենքը չշահագործենք, այնտեղ այնպիսի հիմնանորոգում է կատարվել, որը առանց ջեռուցելու կարող է վնասվել: Հատակի եւ պատերի վնասման խնդիրներ կառաջանան»,- ասաց նա: Այս խնդրի լուծման համար Ստեփան Մոսինյանը մի քանի անգամ հանդիպել է Լոռու մարզպետարանի, առողջապահության նախարարության ներկայացուցիչների եւ Սոցներդրումների հիմնադրամի տնօրենի հետ: «Նրանք քաջատեղյակ են վերանորոգման բոլոր աշխատանքներին, բայց բոլորս էլ մի տանից չենք, մի երկրից ենք, գիտենք, որ ֆինանսական այս ճգնաժամի ժամանակ նմանատիպ գումարների ստեղծումը լուրջ խնդիրների հետ է կապվում: Սակայն ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո կենտրոնի հիվանդանոցային մասը կշահագործենք»,- վստահեցնում է պրն Մոսինյանը: Ժամկետների վերաբերյալ տնօրենը դժվարանում է հստակ պատասխան տալ: «Բացի վերանորոգումը, մենք վերանորոգված մասնաշենքի չոր ու փափուկ գույքի խնդիր ունենք»,- նշեց նա:
Սոցներդրումների հիմնադրամի հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ «հիվանդանոցի առաջին ծրագրի համար համայնքի կատարելիք 10 տոկոս նեդրումն առայսօր չի կատարվել, եւ ձգձգման պատճառներից մեկը հենց դա է եղել: Երկրորդ փուլի աշխատանքներն ընթացքի մեջ են, առաջիկայում կհայտարարվի շինարարական մրցույթ, եւ հիմնադրամը կհասցնի ավարտել ջեռուցման համակարգի եւ կաթսայատան շինարարական աշխատանքները: Իսկ դրանց շահագործման համար պետք է մտածեն համայնքային մարմինները եւ հիվանդանոցի տնօրինությունը»:
Առողջապահական կենտրոնի հիվանդանոցի մասնաշենքի հրատապ շահագործումը Ալավերդիում կենսական խնդիր է, քանի որ կենտրոնի հիվանդանոցային բաժանմունքները ներկայումս հարմարեցված են Ալավերդու Շահումյան թաղամասում գտնվող ծննդատան` տարրական պայմաններից զուրկ մասնաշենքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել