HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երբ մարդիկ քեզ հասկանում են, բեռդ մի տեսակ թեթեւանում է

Լուսինե Վայաչյան` նոր դեմք, նոր խոսք Գյումրիի 7-րդ բիենալեում: Նրա նախագիծն ամենաանսպասելին էր, իր համարձակությամբ ու անկեղծությամբ` ամենատպավորիչը: «Ես եմ ու ինձ հետ պատահած իրական պատմությունը, որ լուսանկարների միջոցով փորձել եմ հասցնել մարդկանց,- անկեղծացավ Լուսինեն,- զարմացած եք... ինչ արած, ես էլ էսպիսի մարդ եմ:

Կարծում եք նրանք, ովքեր թաքցնում են, ավելի ազնի՞վ են, թեկուզ հենց իրենք իրենց հետ»: Գյումրիի 7-րդ բիենալեի երիտասարդ համադրողներից Կարեն Ալեքյանը Ֆեյսբուք համացանցում տեսել էր լուսանկարների հավաքածուն ու հրավիրել Լուսինեին մասնակցելու: «Ամեն մեկը չէր համարձակվի,- նկատեցի ես»: «Դե ես համարձակվեցի,- ժպտաց Լուսինեն,-ու դեռ 5 տարի առաջ, երբ ինքնակենսագրական վեպ գրեցի: Դժվար էր, իհարկե, բայց այդ բեռը լուռ կրելն էլ ավելի դժվար էր»: Լուսանկարներում իրար են հաջորդում Լուսինեի երջանիկ, անմեղ մանկությունն ու երազային պատանեկությունը: 18-ամյա ժպտացող աղջնակի դեմքը հաջորդ լուսանկարում աղավաղված է: Բռնաբարության մի պատմություն, 18-ամյա աղջնակի փշրված երազանքներ, կորսված հավատ, ծնողներից թաքցնելու, հասարակությունից թաքնվելու մղում, կատարվածը միայնակ վերապրելու կարողություն եւ, ի վերջո, բաց ու շիտակ արտահայտվելու ցանկություն, թեկուզ եւ շատ տարիներ անց: Ահա այսպիսի տպավորություն ես ստանում Լուսինեի լուսանկարների հավաքածուն դիտելիս: «Լուսանկարների այս հավաքածուն մի անգամ արդեն ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում էս տարվա ապրիլին,- շարունակեց Լուսինեն,- մարդիկ շոկի մեջ էին սկզբում: Նրանց ավելի շատ ոչ թե պատմությունն էր շփոթեցնում, այլ այն, որ դրա հետեւում իրական մարդ է կանգնած»:

Ըստ Լուսինեի` հիմա արվեստում առավել գնահատվում է անկեղծությունը: Այսինքն, երբ դու գրում ես հորինված մի պատմություն եւ դրա ետեւում իրական մարդ չկա, դժվար ընկալելի է, նաեւ` մի տեսակ խորթ: Մարդկանց առավելապես գրավում են այն պատմությունները, որոնք ոչ միայն իրական հենք ունեն, այլ որոնց ետեւում հենց հեղինակն է: «Իսկ ինչպե՞ս ընդունեցին քեզ գյումրեցիները»,- հարցրի: «Տարօրինակ բան պիտի ասեմ. լավ, լավ ընդունեցին: Մի կին մոտեցավ ինձ ու ասաց. «Ես հիանում եմ ձեզանով, որ այդքան համարձակություն եք ունեցել ներկայացնելու այս ամենը: Ես դա գնահատեցի, քանզի ասվել էր պահպանողական մի քաղաքում, լենինականցի կնոջ կողմից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter