HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիի 7-րդ բիենալեն ձեւի եւ բովանդակության համապատասխանություն էր

Հարցազրույց «Քաղաքային ուսումնասիրություններ» կենտրոնի ղեկավար, ճարտարապետ Աշոտ Միրզոյանի հետ Սկզբի համար եկեք հիշենք նախորդ տարիների բիենալեները եւ փորձենք համեմատության սկզբունքով գնահատական տալ: Կարելի է համեմատական տանել նախորդ բիենալեների հետ եւ հայտնաբերել անկումներ, կարելի է եւ հակառական անել` տեսնել զարգացումներ: Գյումրիի բիենալեն, որ 3 հիմնադիր արվեստագետների մտահղացումն էր, նյարդերի, ջանքերի ու էնտուզիազմի հաշվին միս ու արյուն ստացած տեղային նշանակության մշակութային միջոցառում էր: Առաջին բիենալեն նախ եւ առաջ պետական, կառավարական մարմինների եւ նրանց կից մշակութային շատ հետաքրքիր ֆորմա էր, տեղ էր, որտեղ իրենք գալիս էին, կտրում էին կարմիր ժապավենը, ապահովում մասնակցություն վարչապետի, նախարարների մակարդակով: Այն ժամանակ վարչապետը Արմեն Դարբինյանն էր: Փաստորեն, բիենալեն նախագիծ էր, որ սկսվեց կառավարական մակարդակով, եւ հիմա մենք ընդամենը անում ենք միջոցառում, որ համարվում է միջազգային, եւ ոչ մի պետական ուշադրություն: Ամեն տարի արտաքին թաղանթը կար, ապահովված էր, սակայն ներքուստ, բիենալեից բիենալե, այն փոխվում էր, դառնում այլ, եւ վերջապես տեղի ունեցավ ձեւի եւ բովանդակության համապատասխանություն: Փուչիկ էր, փսսաց, ձեւը իջավ, եւ մնաց զուտ բովանդակությունը: Խոսքն արդեն վերաբերում է 7-րդ բիենալեին: Նշանակում է` տարիներ շարունակ այն ֆարս է եղել, եւ հիմա տեսանք այն, ինչ պիտի լիներ ի սկզբանե, ես ձեզ ճիշտ հասկացա՞: Սկիզբը պետք է լիներ այնպիսին, ինչպիսին մենք տեսանք, սակայն միայն տարիներ անց մենք, ի վերջո, հանդիպեցինք էն իրականին, որ նախորդների ժամանակ կորել էր: Հիմա տեսանք համապատասխանություն ձեւի ու բովանդակության: Այնպիսին, ինչպիսին ներկայացավ 7-րդ բիենալեն: Մեր մեջ, իհարկե, դեռ կա այդ թախիծը, ես կասեի, շոուների նկատմամբ, որ ուղեկցում էին նախորդ բիենալեները: Ցանկություն` տեսնելու այն, ինչ իրենց հետ բերում էին դրսի արվեստագետները: Ցանկություն է առաջանում մեղադրել սրան կամ նրան, փնտրել մեղավորներ, թե ինչու բիենալեն էսպես եղավ, ինչ-որ անձերի փնտրել դրա ետեւում, նույնիսկ իմ մեջ կա այդ գայթակղությունը: Բայց երբ ավելի օբյեկտիվ եմ դիտարկում տեղի ունեցածը, հասկանում եմ, որ սա մենակ անձերի հետ չի կապված, եւ ոչ էլ` անհեռատես քաղաքականության: Մեր զգացողություններն են մեզ շատ հաճախ խանգարում տեսնելու իրականությունը: Եվ եթե այդ բոլոր նեգատիվը հանենք իմ, մնացածների միջից, ապա կստացվի, որ բիենալեն Գյումրիի համար, ինձ համար անձամբ, բավականին հետաքրքրիր, արվեստի իրագործում էր` խտացված երկու օրվա մեջ, եւ որ տարվա մնացած 362 օրը չեմ տեսնի այնպիսին, ինչպիսին այս 2 օրը: Կնշանակի` այն լավ բան էր, չնայած ընդամենը 2 օր էր: Եթե ես կարողանամ ազատվել Գյումրիի բիենալեի հանդեպ ունեցած անցյալի իմ նախապաշարումից եւ պատկերացնեմ մի նոր բիենալե, այն ինձ համար դրական է: Այնպես, որ ֆարսի մասին խոսք լինել եւս չի կարող: Այդ ամենի պատախանը պետք է ամեն մեկս փնտրենք մեր մեջ: Արվեստի գործը յուրաքանչյուրը յուրովի է հասկանում, ճի՞շտ է...Այդպես էլ ամեն մեկս ունենք մեր պատկերացրած բիենալեն: Բիենալեն կոչվում է «Գյումրիի միջազգային բիենալե», ձեր կարծիքով` այն որքանո՞վ կապ ունի այս քաղաքի, գյումրեցիների հետ: Նույն հաջողությամբ այն կարելի էր անցկացնել մեկ այլ քաղաքում, նույն արվեստագետների մասնակցությամբ, կոչել միջազգային եւ չտեղայնացնել, չհարազատացնել: Եկ դիտարկենք այս տեսանկյունից. Գյումրիի բիենալե եւ ժամանակակից արվեստ: Ինչքանո՞վ այդ երկու հասկացությունները մոտեցան իրար եւ արդյոք կարո՞ղ են մոտենալ: Իմ կարծիքով, գյումրեցիների մեծամասնությունը պատկերացում չունի, թե ինչ բան է ժամանակակից արվեստը, ճի՞շտ է... Բայց դա չի ենթադրում, որ մենք չենք սիրում մեր քաղաքն ու գյումրեցուն միայն այն բանի համար, որ արվեստի որոշակի տեսակի նկատմամբ նա անտարբեր է: Բայց ի սկզբանե պիտի հասկանայինք, թե ով է այստեղ առավել ճկուն` ժամանակակից արվե՞ստը, թե՞ գյումրեցին: Որովհետեւ մեկն ու մեկը պիտի կարողանար գտնել իր արտացոլումը մյուսի դրսեւորումների մեջ: Ես հիշում եմ մի գործ Ալբերտ Վարդանյանից, որը մինչեւ հիմա էլ կա. դա բնակելի տան ճաքված պատն է, որ ինքը մետաղական թելերով կարել է ու ասեղն էլ թողել վրան: Ցանկացած գյումրեցի դա կհասկանա: Ես դա տեսել եմ ու համոզվել, ու դա այդպես է: Ես չգիտեմ` դա՞ է ճիշտ ուղղությունը, անել մի բան, որ հասկանալի լինի ու հարազատ հասարակ մարդուն, բայց դա օրինակ է ինձ համար: Դա արդյո՞ք նշանակում է գնալ մի ճանապարհով, երբ ոչ թե մենք ենք ձգտում բարձրանալ արվեստի մակարդակին, այլ փորձում ենք այն իջեցնել, դնել մեզ տեսանելի ու հասկանալի հարթության վրա: Ես շատ հարցերի պատասխաններ չունեմ, եւ այս պահին մենք ավելի շատ տեսության ոլորտի հարցեր ենք քննարկում, բայց քո հարցադրման մեջ ես կասեի միանշանակ` մարդը պիտի փորձի բարձրանալ: Բայց կուզենայի, որ թե ես, թե դու մի խնդիր դնենք մեր առաջ` կարո՞ղ է, արդյոք, ժամանակակից արվեստը կապ ունենալ գյումրեցու հետ, մեզ հետ, մեր մտքերը, մեր ցավերը կարո՞ղ են արտահայտվել ժամանակակից արվեստի լեզվով, նրա մետաֆորաներով եւ իր լեզվական կառուցվածքով, թե՞ անհնար է: Այս հարցերին պատասխանելու դեպքում կկարողանանք հստակ հասկանալ` պե՞տք է այս քաղաքին ու նրա մարդկանց ժամանակակից արվեստը: Էսթետիկայի հետ կապ չունեցող արվեստի տեսակ է «ժամանակակից արվեստ» հասկացությունը, դա գաղափար է` քաղաքական, սոցիալական, անձնական, հոգու հետ կապված վերլուծություններ են: Այն լայն հնարավորություններ ունի: Ես չեմ կարող արտիստին պարտադրել մտածել գյումրեցու համար, չեմ պատկերացնում էդպիսի ձեւ, բայց գիտեմ, որ արտիստը կարող է լինել աշխարհի ցանկացած ծայրից եւ անել մի բան, որը մեզ դուր գա` մնալով ժամանակակից, ոչ ավանդական արվեստի սահմաններում: Հասկանանք, որ այդ տարբերակն էլ կա ու չզարմանանք, որ նույն գյումրեցին դա կարող է ընդունել: Եթե նորից անդրադարձ կատարենք Գյումրիում անցկացված 6 բիենալեներին, է՞լ ինչով նշանավորվեց 7-րդը` իր զրո բյուջեով, սակայն տեղացի արվեստագետների ընդգրկուն մասնակցությա՞մբ: Հարցիդ մեջ մասնակի պատասխան կա: Նախ` որ բյուջե չուներ ու չկային ինչ-որ պետական, իմիջային երեւույթներ, ցուցադրական շոուներ, թեպետ մարդիկ դա սիրում են: Փոքր բյուջե ունենալը հանում է նաեւ պատասխանատվությունը որոշակի շրջանակների առաջ: Այս տարբերակով 7-րդ բիենալեն ապահովեց արտիստ-մշակույթ- հասարակություն սերտ շփումը, որը, իհարկե, դեռ այդքան ուժեղ չէր, բայց քայլ էր: Նաեւ, ի տարբերություն նախորդ տարիների, հիմնականում ներկայացված էին հայ արվեստագետները, մեծ տոկոս էին կազմում երիտասարդները: Այս տարի մենք կարողացանք, ի վերջո, տեսնել եւ հասկանալ, թե ինչ են տվել մեր երիտասարդներին նախորդ տարիների բիենալեները: Սա ամենակարեւոր ու հետաքրքիր մասն էր այս տարվա բիենալեի: Նախորդ տարիներին բողոքում էինք, թե` լավ եք անում կազմակերպում եք, լավ եք անում դրսից մարդ եք բերում, բայց գոնե մեր տեղացի արտիստներին էլ ընդգրկեք: Ձեւի համար մեկ-երկուսին ընդգրկում էին, բայց էդպես չի, է~: Այս անգամ բիենալեն կորցրեց իր պրոֆեսիոնալ, «էլիտնի» կերպարը, ու մնաց էն, ինչ որ երեւի պիտի մնար: Հիմա կասես` կեցցե՜ զրո բյուջեն (ծիծաղում է - հեղ.), ինչ-որ առումով դա դերակատարություն ունեցավ, իհարկե, բայց ամեն դեպքում պետական աջակցության անհրաժեշտությունը կա: Թող գումարը տան, բայց չխեղդեն, թող մարդիկ անեն այն, ինչ պետք է անեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter