Շանհայում 2 մլն մարդ այցելել է հայկական տաղավար
Չինաստանում անցկացվող «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսի շրջանակներում 2 միլիոնից ավելի մարդ Է այցելել հայկական տաղավար, ինչը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին լուրջ նվաճում է համարել։ ՀՀ տաղավարը գնահատվել Է լավագույններից մեկը, դրա գաղափարները համահունչ են ցուցահանդեսի գաղափարախոսությանը։ Այս գաղափարի մշակմանը մասնակցել են բազմաթիվ ճարտարապետներ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը շատ հագեցած և հետաքրքրիր է որակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն իր պաշտոնական այցի ծրագիրը: Նա նախ կարևորել է Չինաստանի առաջին փոխվարչապետ Լի Կեցյանի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Մասնավորապես, նշվել Է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած մայիսյան այցի ընթացքում շահագործվել է առաջին խոշոր համատեղ «Շանսի-Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի ձեռնարկությունը։ Խոշորագույն այս ձեռնարկությունը ստեղծվել Է հայկական տեխնոլոգիաներով: Այս անգամ քննարկվել են համատեղ գործունեության նոր ծրագրեր։ Հայկական կողմը պատրաստել է փոխադարձ հետաքրքրություն ունեցող նախագծերի փաթեթ, և բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն Է ձեռք բերվել միջկառավարական հանձնաժողովի` առաջիկայում Երևանում կայանալիք նիստին դրանք մանրակրկիտ քննարկել։
Անդրադառնալով Չինաստանի հնարավոր մասնակցությանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը` ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ առաջարկները ներկայացված են չինական գործընկերներին, և այժմ դրանք գործնական քննարկման փուլում են:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ միաժամանակ ներկայացվել են նոր ծրագրեր, մասնավորապես, բազալտի վերամշակման, բազալտի մանրաթելի ստացման, արևային մարտկոցների թողարկման, կիսահաղորդիչների թողարկման, այլ նախագծեր, որոնք ընդգրկում են գյուղատնտեսության, գիտության, արդյունաբերության ոլորտները։
Թե որքան Է «Աշխարհի քաղաք» հայկական նախագծի իրականացման հնարավորությունը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ցանկացած մեծ նախագիծ սկսում Է երազանքից։
«Այսօր մենք ականատեսն ենք, թե ինչպես Է Շանհայը աճելով դարձել աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը, որի հիմնադիրները ևս ժամանակին ունեցել են երազանք։ Ես համոզված եմ, որ եթե Հայաստանում լինեն մարդիկ, որոնք կարողանում են անկեղծորեն հավատալ նոր գաղափարներին, որոնք երազել են այսպիսի «Աշխարհի քաղաք» կառուցելու մասին, ապա այն անպայման կկառուցվի»,-ասել է վարչապետը։
Նա հայկական տաղավարում մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված, «Հայփոստ»-ի թողարկած նոր նամականիշի մարմանը: Ներկայացվել է նաև «Շանհայ էքսպո-2010»-ում հայկական տաղավարին նվիրված նամականիշը։
ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է նաև Արգենտինայի և Անգլիայի տաղավարներ, ներկա եղել ազգային օրվան նվիրված Եվրոպայի հրապարակում կազմակերպված եզրափակիչ համերգին` հայ կատարողների մասնակցությամբ։
ՀՀ վարչապետի այցը կավարտվի սեպտեմբերի 23-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել