HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանների համալիր կառավարման երկկողմ աշխատաժողով` Երևանում

Այսօր «Թեքեյան» մշակութային կենտրոնում մեկնարկեց Հայաստանում և Վրաստանում սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) ռազմավարությունների մշակման և կատարելագործման համար պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբերի համար կազմակերպված երկկողմ աշխատաժողովը: Աշխատաժողովը կազմակերպվել է «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» (ՀԿՍՀԿ) ծրագրի կողմից` ազգային ռազմավարության մշակման համար հիմնական պատասխանատու պետական մարմնի` ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ընդհանուր համակարգմամբ: Եռօրյա աշխատաժողովի բացման նիստին ներկա էին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննո Սիմոնսը, ՀԿՍՀԿ տարածաշրջանային համակարգող Ֆիլիպ Փիրսը, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում ՍՀԿ, սահմանի անվտանգության ռազմավարությունների և դրանց առնչվող իրավական ակտերի մշակման համար պատասխանատու պետական մարմինները ներկայացնող ղեկավար պաշտոնատար անձինք: Աշխատաժողովը բաղկացած է զեկույցներից և աշխատանքային քննարկումներից, որոնք կվարեն փորձառու միջազգային և տեղական փորձագետները, և ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) հայեցակարգը, ՍՀԿ ռազմավարության մշակումը, ՍՀԿ համատեքստում ներգերատեսչական, միջգերատեսչական և միջազգային համագործակցության սկզբունքները, Վրաստանում արդեն գործող, իսկ ՀՀ-ում դեռևս ձևավորման փուլում գտնվող ՍՀԿ ռազմավարությունից բխող ազգային օրենսդրության մշակում: Ողջունելով միջոցառման մասնակիցներին`Դ. Բոբերգն նշեց. «Լավ հայտնի է, որ ՍՀԿ-ն շատ երկրներում համեմատաբար նոր գաղափար է, սակայն հավատացած եմ, որ ԵՄ անդամ-պետություններում ընդունված և լայն կիրառում ստացած առաջադեմ փորձը կարող է հիանալի հիմք դառնալ հարավկովկասյան տարածաշրջանի երկրներում ՍՀԿ համակարգերի ձևավորման համար, որոնք համաձայնեցված կլինեն թե տարածաշրջանային, և թե միջազգային մակարդակներում»: Նա շնորհակալություն հայտնեց ԵՄ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի իր գործընկերներին շարունակական օժանդակության համար և սեմինարի մասնակիցներին հորդորեց օգտվել ՍՀԿ հետ կապված գիտելիքի և փորձի փոխանակման ընձեռված հրաշալի հնարավորությունից` միմյանց, ինչպես նաև խորվաթ, հունգար և ֆրանսիացի գործընկերների հետ ակտիվ գործնական շփման միջոցով: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կծանոթանան ՍՀԿ ռազմավարության և դրան առնչվող օրենսդրության մշակման եվրոպական փորձին, կքննարկեն միջգերատեսչական մակարդակում համատեղ գործողություններ իրականացնելու հեռանկարները, կկիսվեն տեղեկատվական հոսքերի կառավարման ոլորտում իրենց ունեցած գիտելիքով, կնախանշեն սեփական երկրներում ներգերատեսչական և միջգերատեսչական համագործակցության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ միջազգային համագործակցության առաջնահերթությունները: ՀԿՍՀԿ ծրագրիրը ԵՄ ֆինանսավորմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագիր է, որի բյուջեն կազմում է 1.403.000 եվրո: Ծրագրի նպատակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում սահմանների համալիր կառավարման սկզբունքների գործնական աշխատակարգերի ներդրումն է, ինչպես նաև ներգերատեսչական, միջգերատեսչական և միջազգային համագործակցության ընդլայնումն ու զարգացումը, մասնավորապես` Հարավային Կովկասի երկրների, ԵՄ անդամ-պետությունների և միջազգային կառույցերի միջև, ինչն ուղղված է ապրանքների և մարդկանց օրինական տեղաշարժերի ապահովմանը և միաժամանակ` ցանկացած ապօրինի գործունեությունից պետական սահմանների պաշտպանվածությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter