Թագավորական նվագախումբը կհանդիպի ծնողազուրկ ու անօթեւան երեխաներին
Միացյալ Թագավորությունում լավագույնի ճանաչումն ունեցող Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում հանդես է գալիս երկու բացառիկ համերգով «21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Նվագախումբը հայտնի է ոչ միայն բարձրակարգ կատարումներով, այլև կրթական ծրագրով, որը հայտնի է «Նվագախմբի անդրադարձներ» անվամբ: Տարբեր երկրներում երաժիշտները հանդիպում են ծնողազուրկ և անօթևան երեխաների հետ, անցկացնում դասընթացներ` նրանց համար բացահայտելով երաժշտությունը` որպես զորեղ և ոգևորիչ գործիք հաջողության ճանապարհին:
Հայաստանում Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները կնվագեն և մասնագիտական գաղտնիքներ կբացահայտեն Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի շնորհալի սաների համար: Այս դպրոցում սովորում են ծնողազուրկ և անօթևան երեխաներ: Բրիտանական խորհրդի աջակցությամբ համերգից առաջ երաժիշտները կհանդիպեն դպրոցի փողային նվագախմբի փոքրիկ երաժիշտների հետ և նրանց համար կանցկացնեն վարպետության դասընթաց:
Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցն իր տեսակի մեջ միակն է կովկասյան տարածաշրջանում: Այստեղ երեխաները ստանում են հանրակրթական և երաժշտական դպրոցների ծրագրերին համապատասխան լիարժեք կրթություն: Դպրոցը հիմնադրվել է դեռ 1937 թվականին Սուխումիում` նպատակ ունենալով ապաստան տալ ծնողազուրկ երեխաներին և նրանց կրթել որպես զինվորական փողային նվագախմբի երաժիշտների: Երկրորդ աշխարհամարտի տարիներին դպրոցը տեղափոխվում է Երևան: Տասնամյակներ շարունակ դպրոցում սովորում էին երեխաներ Խորհրդային Միության տարբեր երկրներից: Նրանցից շատերը հետագայում իրենց կյանքը կապեցին Հայաստանի հետ: Դպրոցի նկարագիրը չի փոխվում նաև Հայաստանի անկախությունից հետո: Ներկայումս դպրոցում փողային բաժնից բացի գործում են դաշնամուրային, լարային, ժողգործիքները և վոկալի բաժինները:
Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1946 թվականին և այդ ժամանակվանից ի վեր հանդիսատեսին է ներկայացել միայն լավագույն համերգասրահներում և հարուստ երաժշտացանկով: Միայն վերջին հինգ տարվա ընթացքում նվագախումբը համերգներով շրջել է աշխարհի ավելի քան 30 երկրներում:
Սեպտեմբերի 23-ին Երեւանի պետական կոնսերվատորիայում նվագախումբը կանցկացնի վարպետության դասընթաց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել