«ԱրմենՏելը» մոլորեցրել է սպառողներին եւ տուգանվել կես մլն դրամով
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի սեպտեմբերի 22-ի հերթական նիստում հանձնաժողովը որոշեց անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոց կիրառել «ԱրմենՏել» ՓԲԸ նկատմամբ:
Ընկերությունը սպառողներին մատուցվում է «Hi-Line» («Հայ Լայն») ծառայություն, որի շրջանակներում իրականացվող ակցիաների վերաբերյալ զանգվածային լրատվության (այդ թվում` ընկերության ինտերնետային կայքով) և արտաքին գովազդի միջոցներով սպառողներին տրամադրվում է տեղեկատվություն առ այն, որ «Hi-Line» ծառայությանը միանալու դեպքում այն կմատուցվի առանց որևէ վճարի` «0 դրամ մոդեմ, 0 դրամ միացում, 0 դրամ առաջին ամիսը»:
Հանձնաժողով դիմած սպառողները բողոքել են, որ թեեւ մոդեմը հատկացվում է անվճար, սակայն, որպեսզի այն լիարժեք գործի, անհրաժեշտ է կատարել համակարգչային կարգավորումներ, միացումներ:
Նիստի ընթացքում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը մասնավորապես նշեց. «Մոդեմը տրամադրվում է, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է կատարել նաեւ միացումներ, որոնք ինքնուրույն կատարելու դեպքում սպառողները որոշակի դժվարությունների են հանդիպում, իսկ երբ զանգահարում են «ԱրմենՏելի» «100» հեռախոսահամարին, ապա նրանց ուղղորդում են օգտվել համակարգչային միացումներ իրականացնող վճարովի ծառայությունից, որն արժե 3000 դրամ»:
Գովազդում հայտարարված եւ փաստացի մատուցվող ծառայությունների ուսումնասիրության նպատակով հանձնաժողովի աշխատակիցների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ «Hi-Line» ծառայությունն ակտիվացնելու և ծառայության սակագնային տարբերակն ընտրելու մասին դիմում-հայտի մեջ նշված է, որ «Hi-Line» ծառայության ակտիվացման համար սպառողը պետք է վճարի 4800 դրամ:
«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին մատուցվող «Hi-Line» ինտերնետ ծառայության շրջանակում սպառողներին մատուցվող ««Hi-Line» Բոլորի համար» ակցիայի գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների ընթացքում «անվճար ակտիվացում» կամ «ակտիվացում 0 դրամ» բառերի փոխարեն «անվճար միացում» կամ «միացում 0 դրամ» բառերի օգտագործումը, ինչպես նաև որոշ սպառողների կողմից «Hi-Line» ծառայության ակտիվացման համար 3000 դրամ վճարելը հանձնաժողովը որակեց որպես ընկերության կողմից առաջարկվող կամ մատուցվող ծառայության պայմանների նկատմամբ հասարակության մոլորեցում`որոշում կայացնելով ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության գործողության համար կիրառել տուգանք` 500 000 դրամի չափով, հանձնարարել ընկերությանը դադարեցնել և հետագայում բացառել գովազդի ընթացքում հասարակության մոլորեցմանը հանգեցնող գործողությունները կամ վարքագիծը եւ փոխհատուցել անբարեխիղճ մրցակցության հետեւանքով տուժած սպառողների կրած վնասները:
Նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատեց նաեւ մի շարք ապրանքային շուկաներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ բնագավառի գրեթե բոլոր ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, կան գերիշխող դիրք գրավորղ ընկերություններ, որոնք հանձնաժողովի որոշմամբ կգրանցվեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում:
«Պաստերիզացված եւ ստերիլիզացված (մանրեազերծված) կաթի» շուկայում գերիշխող դիրքում են «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Չանախ» ընկերությունները` գրավելով շուկայի 69.4 տոկոսը:
«Թթվասեր» ապրանքային շուկայում գերիշխող դիրք են գրավում «Դուստր Մարիաննա» եւ «Աշտարակ-Կաթ» ընկերությունները` միասին գրավելով շուկայի 85.1 տոկոսը:
«Պաղպաղակ» ապրանքային շուկայում նույնպես գերիշխող դիրք գրավող ընկերությունները երեքն են` «Թամարա», «Աշտարակ-Կաթ» եւ «Գրանդ Քենդի», որոնք միասին գրավում են շուկայի 67 տոկոսը:
Ի դեպ, մինչ այժմ վերոհիշյալ երեք ապրանքային շուկաներում գերիշխող դիրք էր գրավում միայն «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ը:
«Մածուն» եւ «Քամած մածուն» ապրանքային շուկաներում եւս հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներով գերիշխող դիրք ունեցող են համարվել «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Չանախ» ընկերությունները` որոնք գրավում են շուկայի 74.4 տոկոսը:
«Յոգուրտ» ապրանքային շուկայում , որտեղ նախկինում բարձր կենտրոնացվածություն չէր գրացվել այժմ գերիշխող են համարվել «Աշտրակ-Կաթ», «Արթ Վայն» եւ «Բրենդ Լիդեր» ընկերությունները` գրավելով շուկայի 78.9 տոկոսը:
«Կեֆիր» ապրանքային շուկայում եւս նախկինում բարձր կենտրոնացվածություն չէր գրանվել, սակայն այժմ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են գերիշխող դիրք գրավող 3 ընկերությւոն` «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Բիո Կաթ» (88.5 տոկոս):
«Կաթնաշոռ» ապրանքային շուկան եւս առաջին անգամ է գրանցվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում: Այստեղ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում գրանցվել է 3 ընկերություն`«Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Չանախ», որոնք գրավում են այս շուկայի 86.8 տոկոսը:
Իսկ «Կաթնաշոռի պանրիկ» ապրանքային շուկայում հայտնաբերվել են գերիշխող դիրք գրավող 2 ընկերություն`«Դուստր Մարիաննա» եւ «Աշտարակ-Կաթ», որոնք գրավում են շուկայի 96.2 տոկոսը:
Հանձնաժողովի ուսումնասիրության առարկա հաջորդ շուկան մանկական սննդի շուկան է, որտեղ եւս բացահայտվել է կենտրոնացվածության բարձր աստիճան, իսկ ապրանքային շուկաներում գործող խոշոր ընկերությունները, հանձնաժողովի որոշմամբ, գրանցվցին գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում:
«Մայրական կաթին փոխարինող կերերի» ապրանքայի շուկայում տեղի է ունեցել գերիշխող դիրք գրավող սուբյեկտի փոփոխություն: Նշված շուկայում այժմ գերիշխող են ճանաչվել «Ալեքս Գրիգ», «Սլավեքս», «Նյու Ֆորս» ընկերությունները, որոնք գրավում են շուկայի 90.77 տոկոսը, նախկինում գրանցված «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ –ի փոխարեն:
«Մանկական շիլաներ» ապրանքային շուկայում գերիշխող դիրքում են «Սլավեքս», «Նյու Ֆորս» եւ «Բեյբի Սիմ» ընկերությունները, որոնք գրավում են շուկայի 83.68 տոկոսը:
«Մանկական խյուսեր (պյուրեներ)» ապրանքային շուկայում նախկինում միանձնյա գերիշխող դրիք գրավող «Ալեքս Գրիգ» ընկերությունն այսուհետ այդ հորիզոնականը կկիսի «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի հետ` միասին գրավելով շուկայի 99.53 տկոկսը:
«Մանկական հյութեր» շուկայում նույնպես գերիշխող են ճանաչվել վերոհիշյալ երկու ընկերությունները` գրավելով շուկայի 100 տոկոսը: Նախկինում այս շուկայում գերիշխող դիրք էր գրավում «Սալեքս Գրուփ» ընկերությունը` 60.6 տոկոսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել