Հակահայ կեցվածքով շվեդ պատգամավորը չի վերընտրվել
Հայ Դատի հանձնախումբը աշխատել է նրա չվերընտրվելու օգտին
ՀՅԴ մամլո դիվանը տեղեկացնում թ, որ շուտով կհրապարակվեն սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Նախնական տվյալներով, Գյոթեբորգ քաղաքից Չափավոր (Moderate) կուսակցության թեկնածու, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մինչ այդ Շվեդիայի պատվիրակության անդամ, հակահայ կեցվածքով հայտնի շվեդ պատգամավոր, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը չի վերընտրվել: Թեեւ իր ընտրատարածքում իր կուսակցության քվեների թիվն ու տոկոսը ավելացել են, Լինդբլադը ոչ միայն չի վերընտրվել, այլ հանդիսանում է երկրորդ փոխանդամ. այսինքն` վերընտրվելու համար, անհրաժեշտ է, որ իր ընտրատարածքից ընտրված իր կուսակիցներից առնվազն երկուքը հրաժարվեն:
Գորան Լինդբլադի չվերընտրվելու օգտին հատուկ աշխատանք է տարել Հայ Դատի հանձնախումբը` կապ հաստատելով եւ գործակցելով Գյոթեբորգ քաղաքի տարբեր (ներառյալ Չափավոր) կուսակցությունների եւ համայնքների հետ: Հայ Դատի հանձնախումբը, հաշվի առնելով Շվեդիայի ընտրական համակարգի առանձնահատկությունները, իր աշխատանքը կենտրոնացրել է հատկապես Լինդբլադի չընտրվելու եւ ոչ թե` իր պատկանած կուսակցության քվեները պակասացնելու վրա:
Միաժամանակ, Հայ Դատի հանձնախումբը աջակցել է Քրիստոնյա Դեմոկրատ կուսակցության պատգամավոր Աննելի Էնոքսոնի վերընտրությանը, որովհետեւ նա հակառակ իր կուսակցության պաշտոնական կեցվածքին 2010թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանում կողմ քվեարկեց Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւին: Նախնական տվյալներով, Էնոքսոնը վերընտրվել է:
Հայ Դատի հանձնախումբը գործակցել է նաեւ Սոցիալ դեմոկրատ եւ Ձախ կուսակցություններին պատկանող մի շարք թեկնածուների ընտրության ի նպաստ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել