Պատիժ կրող անչափահասների համար արվեստով և արհեստով զբաղվելու գումար պարզապես չկա
Հարգելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ քաղաքացիներ
Խնդրում եմ չանտեսել այս նամակը և չթողնել այն առանց պատասխանի:
Սույն նամակով ցանկանում եմ ձեր ուշադրությունը սևեռել մի կարևոր խնդրի շուրջ, որպեսզի միացյալ ուժերով լուծում տանք այդ խնդրին:
ՀՀ-ում գործում է «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն»: Այն գործում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և իննամյա պատմություն ունի: Այն հիմնադրվել է «Տրտու» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Թեմիկ Խալափյանի կողմից:
Կենտրոնի գործառույթն է անազատության մեջ գտնվող երեխաներին կենտրոնում սովորեցնել կերպարվեստ, խեցեգործություն, փայտի փորագրություն, թատերական արվեստ, ազգագրական երգ-պար, տալ համակարգչային գիտելիքներ, ինչպես նաև` հրատարակել «Էջ» պարբերականը: Թեև 2007թ.-ից կենտրոնը ոչ կայուն դրամաշնորհային ֆինանսավորումից անցել է պետական հոգածության, սակայն շատ խնդիրներ մնում են չլուծված: Ոչ միայն այսօր երեխաները վերոնշյալ առարկաներից միայն երկուսն են անցնում` փայտի փորագրություն և խեցեգործություն, այլև պայմանները, ուր երեխաները անցնում են այդ առարկաները, բավականին անբարենպաստ են:
Տարածքը, ուր տեղի են ունենում դասընթացները, ոչ միայն փոքր է, այլև ավերակ վիճակում է, կարիք ունի հիմնովին վերակառուցման, այնտեղ տարվա ոչ մի եղանակին և ոչ մի ժամին արև չի ընկնում, ուստի ձմռան ամիսներին աշխատել չի լինում, քանի որ խոնավ է և առողջության համար վտանգավոր, իսկ սենյակներն էլ չեն ջեռուցվում: Բացի այդ, ներկայումս պրն Խալափյանի անձնական աշխատավարձի ներդրումների շնորհիվ է, որ գնվում են պիտույքներ, որոնցով հնարավոր է դառնում զբաղվել միայն խեցեգործությամբ և փայտի փորագրությամբ: Այլ արվեստով և արհեստով զբաղվելու գումար պարզապես չկա:
Մինչդեռ, պրն Խալափյանի համոզմամբ, պատիժը կրելու ընթացքում անչափահասը պետք է նախապատրաստվի հասարակություն ինտեգրվելուն, իսկ քանի որ դժվար բան է երեխային, առհասարակ, սովորեցնել սովորել, հատկապես՝ եթե նա ազատազրկման վայրում է, ուստի պետք է սովորելը նրա համար գայթակղիչ դարձնել, իսկ դա, թերևս, կարելի է անել արվեստի՝ գեղեցիկի օգնությամբ: Ուստի, պրն Խալափյանը արվեստի միջոցով մուտք գործեց այդ աշխարհ` գեղեցիկի միջոցով այդ երեխաներին դեպի լավը փոխելու նպատակով: Պարոն Խալափյանի նպատակն էր նպաստել այդ երեխաների աշխարհայացքի ճիշտ ձևավորմանը, նրանց վերինտեգրմանը հասարակություն, սովորեցնել նրանց մի բան, որը նրանց կօգնի հետագայում ազատության մեջ քիչ կախված լինել գործատուներից` տիրապետելով մի մասնագիտության:
Վերոնշյալ խնդիրներից մեկով` սենյակային բարենպաստ պայմաններ ստեղծելու խնդրով, դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարություն, քանի որ կենտրոնը այս նախարարության ենթակայության տակ է, որտեղից պատասխանել են, որ, ըստ հաստատված հայեցակարգի, նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների կապիտալ շինարարություն և վերանորոգման կատարման աշխատանքներ մինչ 2018թ.: Իսկ ներկայացրած մյուս առաջարկություններիս համար` «ֆինանսական միջոցները բացակայում են»:
Ուստի, կարծում եմ, որ եթե նույնիսկ պետությունը անկարող է սույն խնդիրներին լուծումներ տալ, ապա հասարակությունը չպետք է անմասն մնա նման դեպքերում: Միայն տարածք տրամադրելը բավականին քիչ է, քանի որ ունենալ տարածք, որտեղ կարելի է սովորել, կարևոր է, բայց արվեստ և արհեստ սովորելու համար նաև միջոցներ են հարկավոր:
Հրատապ խնդիր է, մասնավորապես, գումար ունենալ արվեստի և արհեստի վերոնշյալ ճյուղերով զբաղվելու համար համապատասխան պիտույքներ ձեռք բերելու համար:
Ուստի, սույն նամակով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը սևեռել սույն խնդրին և առաջարկել օգնել կենտրոնին հետևյալ կերպ.
- Եթե ձեր գրասենյակներում ունեք ավելորդ համակարգիչներ, որոնք թեև սարքին են, այնուամենայնիվ, չեն օգտագործվում (օրինակ` հին մոդել է), խնդրում եմ այն փոխանցել վերոնշյալ կենտրոնին և երեխաներին տալ հնարավորություն սովորել այդ համակարգիչներով («Տրտու» ՀԿ-ի հասցեն է Շարուրի 20/12, Երևան, Հայաստան, հեռախոս (+37410) 42 16 57, (+37493) 517326, էլ. փոստ [email protected]:
- Եթե կարող եք օգնել այլ կերպ, օրինակ, ձեր կազմակերպության անունից նվիրել կերպարվեստի, խեցեգործության, փայտի փորագրության համար պարագաներ, ապա սա ևս մեծ պարգև կլինի կենտրոնին:
- Կարելի է նաև դրամահավաք կազմակերպել ՀԿ-ների միջև` վերոնշյալ պարագաները գնելու նպատակով: Նույնիսկ եթե յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն (որոնց ես դիմում եմ սույն նամակով) նվիրաբերի 5000-ական դրամ, սա ևս կլինի մեծ ներդրում`կենտրոնին օգնություն ցուցաբերելու կարևոր գործում (դրամահավաքի համար խնդրում եմ դիմել ինձ` Սոֆյա Մանուկյան, [email protected]):
- Եթե ունեք այլ առաջարկություններ, գաղափարներ, ապա դրանք ևս կարող ենք քննարկել և իրագործել` այդպիսով ևս մեր լուման ունենալով վերոնշյալ երեխաներին կրթելու գործում:
Ակնկալում եմ ստանալ ձեր պատասխանները:
Կանխավ շնորհակալություն
Հարգանքներով,
Մեր երկրի ապագայով մտահոգված ՀՀ քաղաքացի
Սոֆյա Մանուկյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել