HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Վարդան Այվազյանի` գնաճը մենաշնորհների հետևանք չէ

Գագիկ Մինասյանն էլ ասում է, որ առանց կառավարության քայլերի` գնաճն ավելի բարձր կլիներ

«Վերջին մի քանի ամսվա ընթացքում մեզ չի հաջողվում նվազեցնել բավականին մեծ գնաճը. անցյալ ամսվա համար ցուցանիշը կազմել է 7,7 %, որը էապես գերանզանցում է այն ցուցանիշը, որը սահմանված է «Պետական բյուջեի մասին» օրենքով»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ գնաճի մակարդակի համար պատասխանատու են Կենտրոնական բանկը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և կառավարությունն` իր լծակներով: Գագիկ Մինասյանի խոսքերով` պետք է անել ամեն հնարավորը, որ տարվա վերջում գնաճը լինի բյուջեով սահմանված շրջանակներում (5,5 %): Լրագրողը հարցրեց, թե ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է անի կառավարությունը` գնաճը մեղմելու համար, և ինչ անեն մարդիկ, եթե տարեվերջին ոչինչ չփոխվի: Գագիկ Մինասյանն ասաց, որ միշտ չէ, որ ծրագրով նախատեսված ցուցանիշները լիովին համընկնում են տարեվերջին արձանագրվող ցուցանիշներին: Նրա խոսքերով` Հայաստանում գնաճը պայմանավորված է թե ներքին, թե արտաքին պատճառներով: Ներքին պատճառը այս տարվա խիստ անբարենպաստ բնակլիմայական պայմաններն են: Իսկ արտաքին շուկաներում խնդիրներ առաջացան հատկապես հացամթերքի բնագավառում: Գագիկ Մինասյանն ասաց, որ Կենտրոնական բանկը ողջ տարվա ընթացքում տոկոսադրույքի նվազեցման ճանապարհով փորձում էր զսպել գնաճը, և եթե այդ քայլին չգնար, ապա գնաճը շատ ավելի բարձր կլիներ: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ևս իր որոշումներով կարգավորում է տարբեր շուկաներում տիրող իրավիճակը: «Սակայն ակնհայտ է, որ այս բնագավառում մենք չենք կարող կանգնել ձեռք բերվածի վրա, և պետք է անենք ամեն ինչ, որ ցուցանիշները մոտեցնենք պետական բյուջեի նախագծով նախատեսվածին: Այնպես որ տարվա ընթացքում էական քայլեր են կատարել գնաճի բարձր մակարդակը նվազեցնելու ուղղությամբ, և այդ քայլերը դեռ կշարունակվեն»,- ասաց Գագիկ Մինասյանը: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն, օրինակ բերեց Վրաստանը, որտեղ, նրա խոսքերով, ևս արձանագրվել է կտրուկ գնաճ: Նա ևս նշեց, որ գործադիր իշխանությունը և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ձեռնարկում են օրենքով սահմանված բոլոր միջոցները, որ զսպեն գնաճը: Լրագրողներն արձագանքեցին, որ գնաճը զսպելուն ուղղված քայլերի արդյունքը չի երևում: Վարդան Այվազյանը պատասխանեց, որ եթե այդ քայլերը չիրականացվեին, գնաճը շատ ավելի բարձր կարող էր լինել: Վկայակոչելով ԿԲ-ի հավաստիացումները` Վարդան Այվազյանը կանխատեսեց, որ տարեվերջին գնաճը կլինի բյուջեով նախատեսված սահմաններում, եթե միջազգային շուկայում գնաճային նոր սպասումներ չլինեն: Հայաստանում արձանագրված գնաճն, ըստ նրա, կապված չէ ներքին սպառման, ներքին արտադրության հետ: «Դա հիմնականում արտաքին շուկայից եկած, մատուցված, այսպես ասած, «նվերն» էր»,- ասաց Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով` Հայաստանում արձանագրված կտրուկ գնաճը մենաշնորհների հետևանք չէ: Նա ասաց, որ ոչ ոք չէր սպասում, որ, օրինակ, Ռուսաստանը, որն ակնկալում էր 85 մլն տոննա ցորենի բերք ստանալ, կկորցնի այդ բերքի 30 %-ը և կարգելի ցորենի վաճառքը, միջազգային շուկայում այդ ապրանքատեսակի գինը կտրուկ կաճի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի հացամթերքների գների բարձրացման Հայաստանում: Լրագրողներն ասացին, որ Հայաստանում կտրուկ թանկացավ այն ցորենը, որը Հայաստան էր ներմուծվել մինչև միջազգային շուկայում գների բարձրացումը, և Վարդան Այվազյանին հիշեցրին, որ այդ օրերին գյուղնախախարն ինքն էր հայտարարել, որ Հայաստան ցորենի նոր խմբաքանակ դեռևս չի ներկրվել: Վարդան Այվազյանն ասաց, որ մենք ինքներս օրենքով թույլ ենք տվել, որ գերիշխող դիրք ունեցող ձեռնարկություններ գործեն: «Իրականում մենաշնորհները ունենում են լուրջ բացասական ազդեցություն մասնավորապես այդ հարցում: Եթե ես գիտեմ, որ վաղը այս ջուրը ես պետք է առնեմ 1 դրամով, բայց վաղը ջուրը դառնում է 10 դրամ, ձեզանից որ ջուր ուզեն, դուք 1 դրամո՞վ կվճառեք: Այստեղից ի հայտ է գալիս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործառույթը»,- ասաց Վարդան Այվազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter