Գերմանիայում կքննարկվեն հայաստանյան կրթության ոլորտի հարցեր
Սեպտեմբերի 26-28-ը Հայաստանի պատվիրակությունը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, կգտնվի Գերմանիայում՝ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Բավարիայի կրթության նախարարության հրավերով:
Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի, Բավարիայի կրթության և գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև Բավարիայի պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև 2000 թ.-ից ձևավորված համագործակցության արդյունքները' կապված «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական դասընթացի ներդրման, Գերմանիայում մագիստրոսական պրակտիկայի, համագործակցության շարունակության ու ընդլայնման հետ:
Բավարիայի օրենսդիր և գործադիր ոլորտների պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվելու են ՀՀ բուհերի հետ կրթական համագործակցության, հայ ուսանողների պրակտիկան Գերմանիայում շարունակաբար կազմակերպելու հարցերը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ հայաստանյան պատվիրակության կազմում են «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լ.Սարգսյանը և Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել