«Գերասիմ Ալավերդյանը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին»
«Բնավ չեմ կարող արդարացնել գյուղատնտեսության ոլորտում տարվող քաղաքականությունը: Ըստ իս՝ այդ քաղաքականությունը հավասար է զրոյի կամ ավելի ցածր»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Ըստ տնտեսագետի` գյուղատնտեսության ոլորտում պետք է տարվի այնպիսի քաղաքականություն, որը կբացառի գնային ցնցումները։
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ասուլիսի ժամանակ կոնկրետ ինչ է ասել Թաթուլ Մանասերյանը:
«Այսօր ցանկացած ոլորտում, այդ թվում գյուղատնտեսության նախարարությունում, վարվում է ոչ թե կուսակցական, այլ պետական քաղաքականություն: Թաթուլ Մանասերյանի հետ երկար եմ աշխատել, եւ որպես լավ ֆինանսիստ, կարծում եմ, քաջատեղյակ է, որ Սահմանադրությամբ գների կարգավորումը կենտրոնական բանկի գործառույթն է, բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է. պետք է համակարգված աշխատանք տանել»,- ասաց Հ. Մարգարյանը:
Այն, որ գյուղմթերքների գները վայրիվերումների են ենթարկվում, Հ. Մարգարյանը կապեց համաշխարհային տնտեսության եւ ֆինանսական ճգնաժամի հետ:
«Բոլորիս աչքի առաջ բնակլիմայական պայմանները հենց տարվա սկզբից անբարենպաստ էին գյուղատնտեսության համար: Այսօրվա դրությամբ ֆինանսատնտեսական ճգնաժամը հնարավորություն չի տալիս ցանկալի ձեւով կարգավորել Հայաստանում գները: Իհարկե, սա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, շատ աշխատելու տեղ կա եւ պետք է հետեւողական աշխատանք տարվի, որպեսզի գների էական բարձրացում չլինի»,- ավելացրեց պատգամավորը:
Նրա ասելով` օրգանապես կապված ենք համաշխարհային տնտեսության հետ եւ այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, Հայաստանն էլ, լինելով հիմնականում ներկրող երկիր, ուղղակի այդ ազդեցությունը կրում է:
Հ. Մարգարյանը նշեց, որ գյուղնախարարությունում ձեռքբերումները շատ են, որոնցից թվարկեց մեքենատրակտորային կայանների ստեղծման, ինչպես նաեւ գյուղացիներին տրվող բարձրորակ սերմացուի ծրագրերը:
Ինչ վերաբերում է գյուղնախարար, ՕԵԿ անդամ Գերասիմ Ալավերդյանի շուրջ պտտվող խոսակցություններին, թե նա իր գիտելիքներով չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, Հովհաննես Մարգարյանն ասաց, որ նախարարի գիտելիքների եւ անցած ճանապարհի մասին բոլորը գիտեն:
«Նա համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնին: Գերասիմ Ալավերդյանն ունի համապատասխան փորձ, որ կարողանա կոորդինացնել նախարարության աշխատանքները, եւ այդպես էլ անում է: Նա մեր թիմի քաղաքական աջակցությունը ստացել եւ ստանալու է»,-ավելացրեց պատգամավոր Մարգարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել