Ժողովուրդը նույն է, հասարակությունը` ոչ
Ի՞նչ կատարվեց հայ հասարակության հետ
Գրողների միության տանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով օրերս կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը: Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ քննարկելու հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը և փորձելու ենք նշել այն ելքերը, որոնք թույլ կտան որակապես և կտրուկ կերպով փոխել իրավիճակը, երկրում հաստատելով ժողովրդի իշխանություն:
Հայ ժողովրդի պատմության օրհասական պահերին կարևորվել են և առանցքային են եղել մտքի մարդկանց խոսքն ու խորհուրդը, և այժմ նույնպես մեր երկրի ներկայի և ապագայի համար կարիք կա խելք-խելքի տալու, քննարկելու ստեղծված իրավիճակը և առաջարկելու ուղիներ:
Ի վերջո, անհրաժեշտ է պարզել, թե ի՞նչ կատարվեց հայ հասարակության հետ, ինչպե՞ս պատահեց, որ 1988-94 թթ. հանդես բերելով ոգու և կամքի փայլուն դրսևորումներ, այժմ չենք ճանաչում ինքներս մեզ, մեր երկիրը, քաղաքը և ժողովրդին:
Իսկապես, մենք փոխվել ենք: Այն հասարակությունը, որն ընդվզեց 1988-ին և վերստեղծեց հայոց պետականությունը, այլևս չկա: Ժողովուրդը նույն է, իսկ հասարակությունը ոչ:
Կատարեմ մի փոքր անդրադարձ մեր ոչ վաղ անցյալից. 80-ականների վերջին Հայաստանում ապրում էր մի հասարակություն, որն ուներ այն, ինչ կարելի է անվանել միջին խավ: Հասարակության 70-80 տոկոսը իր եկամուտներով, կենցաղով, հայեցակարգով ուներ քաղաքակրթական, աշխարհայացքային և քաղաքական ընդհանրություն, իսկ կուսակցական նոմենկլատուրան և լյումպենը, պարզ ասած` քրեական տարրերը դոմինանտ դեր չէին խաղում հասարակության մեջ: Ոչ խորհրդային պաշտոնական գաղափարաբանությունը, և ոչ էլ քրեականների աշխարհընկալումը դոմինանտ չէին, այլ հակառակը` ժողովրդի կմախքը կազմող մեծամասնությունը պարտադրում էր ապրելաձևի իր կանոնները, մշակութային ճաշակը, ազգային էթիկան և էսթետիկան: Կարևոր չէր, թե ինչպիսին էր այն, յուրահատկություններով և թերություններով հանդերձ, կարևորն այն էր, որ դա քրեական, այսինքն` ապադասակարգայնացված տարրերի մշակույթ չէր, իսկ պաշտոնական կոմունիստական քարոզչությունը այդ ընթացքում նպատակային չէր և վերածվել էր ձևականության և խորքային իմաստներ չէր հետապնդում:
Բացի այդ` մեր հասարակությունը իր բոլոր առանձնահատկություններով և բացառություններով, այնուամենայնիվ, կայսրության պրոյեկտ էր, կայսրությանը յուրահատուկ կրթական, ընդհանուր մշակութային, աշխարհայացքային շեշտադրումներով:
Այդ հասարակությունը հաղթեց պատերազմում, վերստեղծեց պետականություն: Հետագայում տնտեսական ճգնաժամը, երկրի դեինդուստրիալիզացիան և զանգվածային արտագաղթը աստիճանաբար սպանում էին այդ հասարակությանը, որի մեջ կատարվեցին անդառնալի համակարգային և որակական փոփոխություններ, ինչը կարելի է բնութագրել որպես դեսոցիալիզացիա: Բնակչությունը կորցրել է իր միջին խավին, դասական արտադրող-աշխատող մարդկանց փոխարինեցին ծառայություններ մատուցող և թույլ սոցիալական կապեր ունեցող մարդիկ: Այդ ընթացքում խախտվեց սոցիալական կառուցվածքի համամասնությունները, ինչպես նաև սոցիալական բուրգի հիերարխիան: Երկրում անմիջականորեն արտադրության ոլորտում աշխատող մարդկանց քանակն ընդհանրապես նվազեց, իսկ պետական ապարատում ներգրավված կամ ապարատից կախվածություն ունեցող զանգվածն էլ հենց համարվեց ներկայիս «միջին խավը»:
Ցավոք սրտի, բարեփոխումների շրջանում չընկալվեց, որ տնտեսական բարեփոխումների հիմքը, ինչպես նաև յուրաքանչյուր մարդկային համակեցության ձևի հիմքը բարոյական նորմերն են, էթիկան, ի վերջո հասարակությունը, սոցիումը: Սոցիումը ավելի կարևոր է, քան նույնիսկ տնտեսական աճը, առավել քան քսան կամ քառասուն մեծահարուստների ընտանիքները: Կորցնելով սոցիումը, հասարակությունը միշտ ստանում է սոցիալական կապեր, պարտավորություններ և գիտակցություն չունեցողների իշխանություն, իմա` քրեականների իշխանություն:
Չընկալվեց, որ չի կարելի կառուցել «լիբերալիզմ» կամ «սոցիալիզմ», որը խորհրդային ժամանակներից եկած մի կաղապարված մտածողության արդյունք էր, որը ենթադրում էր նեղ կուսակցական աշխարհայացք: Նույն սովետական մարդը, որ կոմունիստ էր իրեն պատկերացնում, մոլեռանդությամբ փորձում էր լինել Հռոմի Պապից կաթոլիկ և կառուցել հերթական կոմունիզմը, իմա` լիբերալիզմը:
Մինչդեռ անհրաժեշտ էր հստակորեն տարբերակել միջոցները նպատակներից. ազատականությունը, ինչպես և սոցիալիզմը, միջոց է, իսկ նպատակը ողջամիտ, հավասարակշռված պետության, ներդաշնակ հասարակության և սոցիալապես արդյունավետ տնտեսության կայացումն է, արդարության և ազատության գաղափարների վրա հիմնված համակեցության երաշխավորումը:
Այսպիսով, մեզանում այժմ առկա է ծայրաստիճան բևեռացում, իսկ հասարակական բուրգի վերևում հայտնվել է հենց այն լյումպենը, որը նորմալ հասարակություններում նստած էր բանտերում: Ավելին, հայ հասարակության դեսոցիալիզացիայի ամենավտանգավոր կողմը հասարակության ձևի և բովանդակության անհամապատասխանությունն է: Հայաստանում բժիշկը, ուսուցիչը, ոստիկանը և նույնսիկ դերասանը իր բարքով և հասարակական գործառույթներով կաշառակեր է, հանցավոր համակարգի մասնակից և հանցակից, հետևաբար այդ բյուջետային զանգվածը նույնպես չունի ինքնուրույն հասարակական և, հասկանալի է, քաղաքական դիրքորուշում:
Այդ` կարծես թե ավանդաբար գիտակից զանգվածի ներգրավվածությունը և կախվածությունը իշխող դասից հանգեցրել է ոչ թե իշխանության, այսպես ասած, քաղաքակրթմանը, այլ հակառակը` այդ հարակից և դաշնակից խավերի լյումպենացմանը: Մշակութային և էթիկական ազդեցությունը հանգեցրել է հասարակության համատարած քրեականացմանը. մշակույթը, լեզուն, վարվելաձևը և այս ամենի թելադրողը դարձել է լյումպենը: Սին են այն հույսերը, թե ժամանակի ընթացքում կարելի է քրեական իշխանությունը հղկել:
Այդ իսկ պատճառով չի կարելի հանդուրժել գողական-քրեական մշակույթի ոչ մի դրսևորում և օրինակ. մենք պարտավոր ենք արմատախիլ անել այդ քրեակատարողական, փողոցային ժանտախտը մեր մշակույթից, քանի որ այն, ինչքան էլ որ զավեշտալի է, բայց և գաղափարական հիմքն է այս իշխանության համար:
Սոցիալական խմբերի համամասնությունների խախտում, սոցիալական բուրգի հիերարխիայի փոփոխություն և սոցիալական խմբերի ձևի և էության անհամապատասխանություն, գումարած հասարակության լյումպենացում. ահա սրանք են մեր արդի հասարակության խնդիրները և սրանք են «Սարդարապատ» շարժման կարծիքով լիարժեք հասարակության և պետության վերստեղծման համար կարևորագույն թիրախները:
Հետայսու, մեր կարծիքով, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման դոմինանտ ուղղություններն են միջին խավի, արտադրության մեջ զբաղված և պետական բյուրոկրատիայից անկախ քաղաքացիների ստվար զանգվածի վերականգնումը նպատակասլաց սոցիալ-տնտեսական քաղաքականության միջոցով: Այդ ճանապարհին կարևորում ենք պետության վերադարձը տնտեսություն և պետական մասնակցությամբ արդյունաբերության վերականգնումը: Եվ, այո, մենք պատկերացնում ենք Հայաստանը որպես երկիր-պրոյեկտ: Կարիք չկա վախենալ մեծ և պատվախնդիր ծրագրերից, քազի վստահ ենք, որ մենք կմնանք կամ որպես պրոյեկտ կամ ընդհանրապես ոչինչ չի հաջողվի, ինչպես չի հաջողվում առայժմ:
Վերադառնալով ներկային` հասկանալի է, որ ստեղծված պայմաններում խոսել կուսակցությունների մասին, հատկապես լիբերալ ուղղվածությամբ կուսակցությունների մասին, անիմաստ է, քանի որ քաղաքական կազմակերպությունների համար բացակայում են սոցիալական բազան` միջին դասակարգը: Այստեղ էլ իր դերն է խաղում նաև հասարակության բարոյալքումը, որը հետևեց դեսոցիալիզացիային: Եվ ունենալով ստվար, աղքատ զանգված, այդ զանգվածում ենք տեսնում առավել նվազ քաղաքական գիտակցություն, ի տարբերություն քիչ թե շատ ապահով խմբերի: Այս իրարամերժությունը ունի երկու պատճառ.
- վերջին տարիներին քաղաքական դաշտում գործող կուսակցությունները, թե աջ, թե ձախ կողմնորոշմամբ, անկարող եղան մոբիլիզացնելու և առաջնորդելու այդ զանգվածին, ինչը հիասթափություն առաջացրեց, աջերը` գաղափարախոսական կարծրացած պատկերացումներից, ձախերը` անձնական մորթապաշտությունից ելնելով,
- իշխանավորների` լյումպենացման նպատակասլաց քաղաքականության հետևանքով առավել աղքատ խավերը առավել ապաքաղաքականացվածն են և ապատեղեկացվածը, ինչը փաստացի հանդիսանում է իշխող վարչակարգի կայունացման ռեսուրս և կադրերի շտեմարան` շրջանցելով ավելի կրթված և քաղաքականացված խմբերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել