Ախթալեցի երեխաները նոր խաղահրապարակ ունեն
Իսկ Ա. Մարգարյանի անվան դպրոցի երեխաները` քիմիայի և ֆիզիկայի նոր լսարաններ
Սեպտեմբերի 23-ին «Փյունիկ» հիմնադրամի բարեգործությամբ Լոռու մարզի Ախթալա քաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցում բացվեցին քիմիայի և ֆիզիկայի նոր լսարաններ` ժամանակակից լաբորատորիաներով: Ախթալա քաղաքի կենտրոնական մասում բացվեց երեխաների նորակառույց խաղահրապարակը, որի կառուցման համար 3,8 մլն դրամի ներդում կատարել է Ախթալայի քաղաքապետարանը:
Լսարանների և խաղահրապարակի բացման արարողությանը մասնակցեցին հիմնադրամի համանախագահներ Գաբրիել Ջամբարջյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր` Լևոն Սարգսյանը: Նրանց ուղեկցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ և հոգևորականներ:
Ախթալեցիները հյուրերին ընդունեցին ուրախ երաժշտությամբ ու աղուհացով: Հիմնադրամի համանախագահները դիտեցին իրենց բարեգործությամբ դպրոցի ֆիզիկայի և քիմիայի նոր սարքավորումներով և լաբորատոր նյութերով հագեցված լսարանները: Ախթալայի դպրոցի տնօրեն Լեռիկ Ճիճիլյանը հայտարարեց, որ այսուհետ դպրոցի ֆիզիկայի լսարանը կկոչվի բարերար, «Փյունիկ» հիմնադրամի համանախագահ Գաբրիել Ջամբարջյանի եղբոր`Սարգիս Ջամբարջյանի անվամբ:
Համանախագահները նաև այցելեցին խաղահրապարակ, որտեղ նրանց սպասում էր Ախթալայի գրեթե ողջ բնակչությունը: Ախթալայի քաղաքապետարանի միջոցներով խաղահրապարակում տեղադրվել էր խաչքար, որն օրհնեց Սիրիայից ժամանած Արքեպիսկոպոս Սուրեն Սրբազանը:
Համանախագահներին ողջունեց Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը: Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ, ախթալեցի Վազգեն Խաչիկյանը, ով Ախթալայի զարգացման լայնամասշտաբ միջոցառումների հեղինակն ու կազմակերպիչn է, իր ելույթում ասաց. «Այս վայրը ընդամենը 4 ամիս առաջ բանջարանոց էր, այս հողամասից օգտվում էին ընդամենը մի 15-20 ընտանիք: Երբ խնդիր էր դրված խաղահրապարակ սարքել, 2-3 հոգի գտնվեցին, որ ասացին, թե իրենց տարիներով ցանածը մենք ուզում ենք ոչնչացնել: Բայց հիմա տեսնում ենք, որ արդեն այս տարածքից օգտվում են ոչ 15-20, այլ ավելի շատ բնակիչներ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել