HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարի հանդիպումները Նյու-Յորքում

Նյու-Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի երրորդ օրը եւս հագեցած է եղել տարբեր ձեւաչափերի հանդիպումներով: Նա աշխատանքային օրը սկսել է իր վրացի գործընկերոջ` Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումով, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: Երկխոսությունը շարունակելու նպատակով հոկտեմբերի սկզբին Գրիգոլ Վաշաձեն կժամանի Երեւան: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Պատրիսիա Օ’Բրայանին հանձնել է «Միջազգային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի Հայաստանի կողմից վավերացման մասին փաստաթղթերը: Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Յանդրոկովիչի հետ հանդիպմանը Է. Նալբանդյանն իր խորվաթցի գործընկերոջը փոխանցել է Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչին ուղղված ՀՀ նախագահի ուղերձը: Նախարարները նշել են, որ անցյալ տարվա ընթացքում մեր երկրների միջեւ նախագահական մակարդակով բարձրաստիճան փոխայցելությունները լավ նախադրյալներ ստեղծեցին հայ-խորվաթական քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Նախարարներ Նալբանդյանն ու Յանդրոկովիչն անդրադարձել են նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Էդվարդ Նալբանդյանը եւ Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը քննարկել են հաջորդ ամիս Սլովենիայի նախագահի Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները, անդրադարձել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Սլովենիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցկասի հետ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Հունաստանի արտգործնախարարը տեղեկացրել է ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով իրականացվող աշխատանքները: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը` Հունաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Հայաստան կայցելի այս տարվա ընթացքում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Նալբանդյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների ջանքերը ՄԱԿ-ի ԳԱ նախորդ նստաշրջանում ադրբեջանական ապակառուցողական բանաձեւի նախագծի հետկանչման հարցում: Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են մինչ ս.թ. դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը իրենց կողմից նախատեսվող քայլերի մասին: Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ էր: Զրոււցակիցները գոհունակություն են հայտնել վերջերս համագործակցության տարբեր ուղղություններով նկատվող ակտիվության կապակցությամբ եւ պայմանավորվել հավելյալ աշխատանքներ տանել հարաբերությունների առավել զարգացման համար: Նախարարներ Նալբանդյանն ու Մուալիմը մտքեր են փոխանակել Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում Է. Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել մեկ ամիս առաջ Հայաստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին կայացրած որոշումների իրականացման գործընթացին, քննարկվել են կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման աշխատանքները: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է իր իրաքցի գործընկերոջ Հոշյար Զեբարիի հետ: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Իրաքի հետ համագործակցության զարգացումը եւ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել վերաբացել Բաղդադում Հայաստանի դեսպանությունը: Իրաքի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը դեսպանություն հիմնելու համար, ասել է, որ իր կառավարությունը եւս մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երեւանում: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Հոշյար Զեբարին ներկայացրել է Իրաքում իրադրության կայունության հաստատմանն ուղղված իշխանությունների ջանքերը եւ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձեւավորման շուրջ ընթացող բանակցությունները: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, երեկ երեկոյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter