
«Ժառանգությունը» մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին
Սեպտեմբերի 24-ին Վանաձորում էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության այլ ներկայացուցիչների հետ: Վանաձորցիների հետ նրանց հանդիպումը տեղի ունեցավ «Երկաթուղայինների ակումբում»: Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ իր այցը կոնկրետ նպատակ չի հետապնդում. Վանաձոր է եկել ՀՀ անկախության 20-ամյակի առիթով՝ ոչ միայն քննադատելու երկրում տիրող իրավիճակը, այլև հասկանալու ժողովրդի «զարկերակը»:
Դիմելով վանաձորցիներին՝ «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ բախտորոշ ժամանակաշրջան է, ժողովուրդը ընտրությունների առաջ է կանգնած և արդեն «ունի սեփական ճակատագիրը որոշելու պատասխանատվություն. պիտի հասնի այն բանին, որ Հայաստանը դառնա ազատ, ժողովրդավարական, արժանապատիվ երկիր»:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ժողովրդի համար առաջնահերթը աշխատանքի իրավունքի իրացումն է, աշխատանքային արժանապատվությունը: Նրա կարծիքով՝ սա հեշտ կազմակերպվելիք խնդիր է: Այս և մի շարք այլ խնդիրների լուծումը Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավոր համարեց իշխանափոխության ճանապարհով: Իր հայտարարությունը պարզաբանելով՝ ասաց, որ իշխանափոխություն ասվածի մեջ կուսակցականություն և «ժառանգականություն» չկա: Իշխանությունը, նրա ասելով, այսպես թե այնպես պիտի փոխվի. կա 2 ճանապարհ՝ «ներքուստ», ինչը վերջին տարիներին չի եղել, և ընտրությունների միջոցով:
Րաֆֆի Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ «Ժառանգությունը» մասնակցելու է առաջիկա ընտրություններին, բայց դեռ վաղ է ասել՝ ինչ ձևով: Անցյալի փորձն ունենալով՝ հավանաբար նույն ձևով էլ հանդես կգա՝ «ի մի բերելով քաղաքական և քաղաքացիական տարբեր հոսանքներ»: Կուսակցության ղեկավարի ասելով՝ «Ժառանգությունը» կփորձի իր «ճակատը» կազմակերպել առավելապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով՝ ոչ կուսակցական կազմակերպություններ, մտավորականներ, երիտասարդներ:
«Իսկ եթե անցյալի նման անհնար դառնա, ամեն մեկը ուզենա իր ճամփով գնա, իր փոքր պատառիկը վերցնի, ստիպված միայնակ կմտնենք պայքարի մեջ»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, նրա ասելով, չի քննարկվում, բայց համագործակցության դեպքում, պարզ է, «Ժառանգությունը» դաշինք կկազմի հին և նոր ընդդիմադիր կուսակցությունների հետ:
Վանաձորցիները «Ժառանգության» ներկայացուցիչներին դիմեցին իրենց հուզող խնդիրներով՝ կապված աշխատատեղերի, աշխատավարձերի, կենսաթոշակների, ավանդների հետ: Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ բարձրացված սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրները նոր չեն.«դրանք լուծելու մեխանիզմներ կան, կլինեն առաջիկա ընտրական գործընթացների միջոցով»:
«Ժառանգության» անդամները նշեցին, որ պետությունն ունի հնարավորություն՝ բարձրացնելու բյուջետային աշխատողների աշխատավարձերն ու կենսաթոշակները: Բայց դա պետք է լինի պետական չարաշահումների և «ձախ» եկամուտների հաշվին:
«Այն բոլոր եկամուտները, որոնք ձախ եղանակներով մտնում են ամենատարբեր ոլորտներ, եթե 24 ժամվա մեջ այդ ձախ եկամուտները սառեցվեին և մտցվեին պետբյուջե, հաջորդ օրը նույն պետական ծառայողները, չինովնիկները, բժիշկները, ուսուցիչները իրավական մարմինների ներկայացուցիչները կունենային էապես բարձրացված աշխատավարձեր»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Սրա վերաբերյալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ պետության ցանկացած բնագավառում կատարած ուսումնասիրությամբ Վերահսկիչ պալատը, որ նույնպես իշխանության ներկայացուցիչ է, 20%-ի յուրացում է հայտնաբերում: Ա. Մարտիրոսյանը հայտարարեց, որ եթե «Ժառանգության» պահանջն ընդունվեր, և Վերահսկիչ պալատը ընդդիմությանը տրվեր, 40%-ից պակաս յուրացում չէր հայտնաբերվի:
Պատգամավորն ասաց, որ հենց իշխանության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ ասֆալտապատման համար հատկացված գումարի ընդամենը 30%-ն է ծախսվում նպատակային, իսկ 70%-ը յուրացվում է տարբեր եղանակներով: Անխնա շահագործվում է նաև ազգային հարստությունը. իշխանությունները նշում են, թե հանքարդյունաբերության ոլորտում աճ կա, մեծ եկամուտ է ստացվում: Բայց պատգամավորի ասելով՝ հանքարդյունաբերությունից ստացված եկամտի չնչին՝ առավելագույնը 5% տոկոսն է բյուջե մտնում: Խոսելով «ձախ» եկամուտների մասին՝ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում եկամուտների 50%-ը ստվերում է:
«Ցանկություն է պետք՝ քիչ թալանել, քիչ յուրացնել, ապրել մարդավայել,- ասաց պատգամավորը:-Իշխանություններն իրենց ճոխություններ են թույլ տալիս: Բայց պետությունը պետք է հարուստ լինի, ոչ թե 1 քաղաքացի»:
«Ժառանգության» անդամ Գառնիկ Սահակյանն էլ խոսեց առողջապահության ոլորտում պետական գնումների չարաշահումների մասին: Ասաց, որ հիվանդանոցների, բուժսարքավորումների, բժշկական պարագաների, դեղերի համար պետության հատկացրած գումարի 30%-ը փոշիացվում է: Դա հովանավորում է բարձրագույն իշխանությունը: «Գլխավոր տնօրենները 99%-ով խամաճիկներ են»,- ասաց Գ. Սահակյանը:
Փոքր բիզնեսը տնտեսական համակարգից դուրս է մղվում: Չի կարող գնումների գործընթացին մասնակցել ու շահել կամ մասնակցելու դեպքում էլ կարողանալ մատակարարել: 2010-ին ընդամենը 2 բուժհաստատություն է, որ օրենքի տառին համապատասխան բաց գնումների մրցույթ է անցել, որից մեկը Վանաձորի թիվ 2 հիվանդանոցն է:
Գ. Սահակյանի կարծիքով՝ մինչև չքանդվի իշխանության և խոշոր բիզնեսի սերտաճումը, մինչև տնտեսությունը չազատականացվի, երկրում որևէ լավ բան հնարավոր չէ: Ըստ նրա՝ դեռ հարց է՝ օլիգարխի ունեցվածքի 90 %-ը նրա՞ն է պատկանում, թե՞ երկրի բարձրագույն իշխանությանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել