HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Աշխարհի չեմպիոնի կոչումը նաեւ իմ երազանքն էր»,-խոստովանում է Տիգրան Մարտիրոսյանի մայրը

Գյումրեցի 22-ամյա ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանի հայրական տունն երեկ գիշերվանից չի դատարկվում: «Սովորական երեւույթ է,- ժպտում է Տիգրանի մայրն ու «համեցեք, նստեք» ասելով` շարունակում,- ես դեռ երեկ հանել եմ Տիգրանիս մեդալները, գավաթները, բոլոր պարգեւները շարել եմ, որովհետեւ գիտեի, բարեկամներին, հարեւաններին զուգահեռ լրատվամիջոցներից անպայման գալու են»: Տիգրանի մայրը` Սեդա Յախանեջյանը, երեկվա հուզմունքից դեռ ուշքի չի եկել: Խոստովանում է, որ աշխարհի չեմպիոնի կոչումը միայն տղայի երազանքը չէր: «Ես միշտ Տիգրանիս կողքին եմ, նրա ձգտումները, նրա ցանկությունները, նրա երազանքները, դրանք բոլորը իմն են»,- ասում է տիկին Սեդան: Ծանրամարտիկ հոր` Գեւորգ Մարտիրոսյանի մահից հետո երեք տղաների համար թեւ ու թիկունք է եղել մայրը: 10 տարի առաջ արդեն պարզ էր, որ երեք եղբայրներից ծանրամարտի ասպարեզում մեծ բարձունքներ գրավելու պատիվը վերապահված է միջնեկին` Տիգրանին: «Տիգրանս սկսել է պարապել 11 տարեկանից: Հայրն էլ էր զգում, որ տղան տաղանդավոր է: Մեծս` Հայկը, էլի ծանրամարտիկ է, բայց ինքը հասավ մինչեւ սպորտի վարպետի թեկնածության ու սպորտը թողեց,- պատմում է տիկին Սեդան,-կարծում եմ` գեներն էլ են դեր խաղացել Տիգրանիս դեպքում, միայն սպորտի նկատմամբ հոր սերմանած սերը չէր: Այսինքն` իրա մեջ կար դա դրված ի վերուստ: Դե, երեքից մեկը պիտի շարունակեր հոր ուղին: Դա եղավ Տիգրանս»: Հաղթանակից րոպեներ անց Տիգրանը զանգահարել է մորն ու ասել. «Մենք հասանք մեր երազանքին, մամ ջան, կատարվեց էն, ինչ երկուսով էս տարիներին երազել ենք»: Տիկին Սեդան խոստովանեց, որ երբեք չի դիտում տղայի բարձրացումները: Երբ Տիգրանը մոտենում է ծանրաձողին, ինքն անմիջապես բակ է դուրս գալիս: Ձայնը պահած ներսից եկող տղամարադկանց ձայներին` փորձում է կողմնորոշվել, թե հեռավոր երկներում ինչ է տեղի ունենում բեմահարթակում այդ պահին: Երեկ էլ բացառություն չէր: «Ես էնքան եմ հուզվում, որ չեք պատկերացնի ու որպեսզի իմ բացասական էմոցիաները չփոխանցեմ տղայիս, թողնում դուրս եմ գալիս տնից, բակում սկսում եմ հետ ու առաջ քայլել,- խոստովանում է տիկին Սեդան: - Հետո էդ ժամանակ մեր տանը միշտ լիքը մարդ է լինում: Ես գոռոցներից արդեն կողմնորոշվում եմ, թե ներսում ինչ է կատարվում: Գալիս եմ ներս, որ կրկնապատկերը նայեմ: Ես միշտ տղայիս ելույթների կրկնապատկերն եմ տեսել»: Սեդա Յախանեջյանը հիշում է, որ գյումրեցի ծանրորդ Նազիկ Ավդալյանի մայրը նույնպես չի դիտում աղջկա ելույթները: «Մոր սերը երեւի հակառակ ազդեցությունն է ունենում,- տիկին Սեդան ժպտում է,- ես երկու անգամ նայել եմ այլ մրցույթների ժամանակ, երկու անգամ էլ Տիգրանս զրո է ստացել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter