
Երեկ` կառավարության նիստի ժամանակ, քննարկվել են հոկտեմբերի 5-ին ուսուցչի տոնին նվիրված միջոցառումների անցկացման մանրամասները: Նիստի ընթացքում հնչել է մի միտք, որին թերևս կարելի էր և հումորով վերաբերվել, եթե լեզվի սայթաքում լիներ: Ցավոք, այդպես չէ: Հարցի վերաբերյալ զեկուցող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե ամեն տարի հանրապետության լավագույն ուսուցիչներին «ժիգուլի» ավտոմեքենաներ ենք նվիրում, և առաջարկել այս տարի «ցածրբյուջետային, բայց արտասահմանյան մանկիշի մեքենա» նվիրել:
Այդ երբվանի՞ց «ժիգուլին» դարձավ տեղական: Եթե դա ասեր, այսպես կոչված, «հին սերնդի» ներկայացուցիչը, որ իր գիտակցական կյանքի մեծ մասն ապրել է Սովետական Միությունում, երևի ուշադրություն էլ չգրավեր: Բայց երբ «ժիգուլին» տեղական մեքենա է համարում, այսպես կոչված, «նոր սերնդի» ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, որն իր ապրած 35 տարիներից միայն 16-ն է ապրել Սովետական Միությունում, իսկ 19-ը` Անկախ Հայաստանում, արդեն վտանգավոր է: Այստեղ գործ ունենք հոգեբանության հետ:
…Այս ջահելների համար մայրաքաղաքը շարունակում է մնալ Մոսկվան, պրեզիդենտը Պուտինն է կամ լավագույն դեպքում Մեդվեդևը, իսկ Սերժ Սարգսյանը Մեդվեդևի ու Պուտինի «մոտիկն է»` ՌԴ Հայաստանի մարզի գեներալ գուբերնատորը:
Ուշագրավ է նաև այն, որ կառավարության նիստին ներկա մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ ՀՀ վարչապետը, նույնիսկ չնկատեցին, թե ինչպես իրեն «նժդեհական» համարող Աշոտյանը Հայաստանը պաշտոնապես ընկալում է ՌԴ հեռավոր մարզ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել