HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարաշահումներ Արարատի մարզում. մեղադրանք է առաջադրվել 6 մարդու, այդ թվում՝ նախկին մարզպետին

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թվով 6 անձի կողմից Արարատի մարզում չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզակացությունը:

Նախաքննությամբ Արարատի մարզում որոշ չարաշահումներ են հայտնաբերվել հողահատկացման և դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում: Մասնավորապես պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Վ. Հովակիմյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նույն մարզի Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Գինեվետ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հա-ն արդյունաբերական նշանակության է:

Ըստ նախաքննության նյութերի՝ Գինեվետ համայնքի ղեկավարը հրավիրել է ավագանու նիստ՝ 30 հա հողամասը որպես արդյունաբերական տարածք ներկայացնելու, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ընդգրկելու և արդյունաբերական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու համար:

2010թ. ապրիլի 13-ին կեղծ տեղեկություններ պարունակող հողաշինարարական գործը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ այդ հողատարածքը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու համար:

Առանց գյուղատնտեսական հողատարածքն արդյունաբերականի փոխելու կառավարության որոշման և ՀՀ տարածքային կառավարման նախարարության դրական եզրակացության՝ Վ. Հովակիմյանը Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին հանձնարարել է, իբրև արդյունաբերական նշանակության հողատարածք կառուցապատման նպատակով, վարձակալության տրամադրելու համար անցկացնել մրցույթ և որպես հաղթող ճանաչել «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին, որը և կատարվել է 2010թ. մայիսի 5-ին:

Նախաքննությամբ պարզվել է, որ չարաշահումներ են հայտնաբերվել նաև մարզի տարածքում որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում: Մասնավորապես, 2007-2010թթ. ընթացքում պետության ֆինանսավորմամբ իրականցվել են Արարատի մարզի Վեդու թիվ 2, Նոյակերտի և Ոսկետափի թիվ 2 դպրոցների վերանորոգման աշխատանքները, որոնցից Վեդու թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մանուելա» ՍՊԸ-ն, իսկ Նոյակերտի և Ոսկետափի թիվ 2 դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «ՆՆԱ» ՍՊԸ-ն:

Քննության տվյալներով Վ. Հովակիմյանը՝ որպես մարզպետ, «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի 1.12 կետի «բ» ենթակետի համաձայն, պարտականություններ ունենալով տնօրինելու պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկելու այդ միջոցների նպատակային օգտագործումը, այն չի կատարել, ստորագրել է ներկայացված հանձնման-ընդունման արձանագրությունները:

Արդյունքում 2008-2010թթ. ընթացքում «Մանուելա» ՍՊ ընկերության տնօրեն Է. Բազիկյանը խարդախության միջոցով կատարել է 23 715 970 դրամի հավելագրում, իսկ «ՆՆԱ» ՍՊ ընկերության տնօրեն Ն. Անդրեասյանը՝ 12 699,6 հազար դրամի հավելագրում:

Արդյունքում, նախաքննական մարմնի գնահատմամբ, Արարատի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետ Գ. Եղիազարյանի և քաղաքաշինության վարչության պետ Ռ. Մկրտչյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նախկին մարզպետ Վ. Հովակիմյանի կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող ընդհանուր 36 415 570 դրամ վնաս:

Պետությանը պատճառված վնասը հայտնաբերվել է ՀՀ ֆինանսների նախարարի՝ 2010թ. նոյեմբերի 18-ի թիվ 18-Ա հանձնարարագրի համաձայն կատարված ստուգման արդյունքում:

Պետությանը «ՆՆԱ» ՍՊ ընկերության պատճառած վնասը նախաքննության ընթացքում վերականգնվել է ամբողջությամբ, իսկ «Մանուելա» ՍՊ ընկերության պատճառած վնասը՝ մասնակի՝ 8 254 620 դրամի չափով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով, Ռ. Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Գ. Եղիազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ. Սանթոյանին՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, Է. Բազիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ն. Անդրեասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով:

«Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»,- հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանություններ (1)

Հեղինե
Գագիկ Եղիազարյանը 29.01.2008թ.-ից մինչև 01.02.2010թ-ը ՀՀ Արարատի մարզպետարանում աշխատել է ոչ թե ճարտարապետաշինարարական բաժնի պետ, այլ կոմունալ ծառայության և բարեկարգման բաժնի վարիչ, և քաղաքացիական ծառայության կոդ թիվ 62-2.2-2 պաշտոնի անձնագրով սահմանված` աշխատանքի կազմակերպման, ղեկավարման, որոշումներ կայացնելու, լիազորությունների, իրավունքների և պատասխանատվությունների ոչ մի կետի պահանջով համապատասխան իրավունքներ և լիազորություններ չի ունեցել և հետևաբար պաշտոնական դիրքի չարաշահում չէր կարող կատարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter