HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ողբերգություն հայկական ձեւով

Եթե ամսի 23-ը ոսկե օր էր հայկական սպորտի համար (Տիգրան Գ. Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Թուրքիային), ապա սեպտեմբերի 24-ը քիչ ուրախանալու առթի տվեց մեզ: Ավելին` մեր շախմատիստ-շախմատիստուհիների փայլուն ելույթները Խանտի-Մանսիյսկում որոշակիորեն երկրորդ պլան մղվեցին այն բանից հետո, երբ Անթալիայում մեր գյումրեցի անվանի ծանրորդները, մեղմ ասած, անհաջողության մատնվեցին: Արա Խաչատրյանը, որն իր կարիերայի ընթացքում ոչ մեկ անգամ շատ մոտ է եղել ոսկուն, այս անգամ, թերեւս, ամենալավ հնարավորությունն ուներ, ու, կարծես, նրան ոչինչ չպիտի խանգարեր, քանի որ գլխավոր մրցակիցը` աշխարհի գործող չեմպիոն Յոնգ Լուն, լավ մարզավիճակում չէր: 2007-ին 77 կգ քաշում Արան Եվրոպայի առաջնությունում առաջին տեղը զիջեց իր թիմակից Գեւորգ Դավթյանին, 2008-ին առանց Գեւորգի նա նորից երկրորդն էր Եվրոպայում, 2010-ին արդեն 85 կգ-ում Արային գերազանցեց նորից իր թիմակիցը` Գեւորիկ Պողոսյանը, որն աշխարհի այս առաջնությունում տեղափոխվել է 94 կգ քաշային կարգ: Իսկ հիմա պոկում վարժության փոքր ոսկին նվաճելուց ու երկրորդ տեղից 2 կգ-ի առավելություն ունենալուց հետո Արայի ճանապարհը փակեց... ծանրաձողը: Ըստ նախնական տեղեկության` Արան կտրել է աջ արմունկի մկանը, ինչը շատ լուրջ վնասվածք է ծանրամարտիկի համար: 2008-ի օլիմպիական խաղերում Արան վնասել էր ոտքը, սակայն 2010-ի Եվրոպայի առաջնությունում նա կրկին հարթակ ելավ: Ցավալին այն է, որ Արան, այսքան լավ հնարավորություն ունենալով, չկարողացավ մեր թիմին վարկանիշային միավոր բերել, քանի որ հրում վարժությունից դուրս մնաց: 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերից առաջ եւս մեկ վարկանիշային մրցաշար կա` Փարիզի 2011-ի աշխարհի առաջնությունը: Բայց կմասնակցի՞ դրան մեր մարզիկը. դժվար է ասել: Չնայած այս անգամ մենք արդեն տղամարդկանց աշխարհի չեմպիոն ունենք, բայց, ըստ էության, այս աշխարհի առաջնությունն ավելի անհաջող է մեզ համար, քան նախորդը: Այս առաջնությանը չեն մասնակցում մեդալի հավակնորդներ Սմբատ Մարգարյանը, Առաքել Միրզոյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Նազիկ Ավդալյանը: Ու հիմա վնասվածք ունեցողների շարքը համալրեցին Գեւորգ Դավթյանը, որի մեջքի հին վնասվածքը, ըստ էության, նորից զգալ տվեց, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը երեկ վնասեց մատը ու նույն կերպ ձախողեց պոկում վարժության բոլոր երեք փորձերը: Հատկանշական է, որ անցյալ տարվա աշխարհի առաջնությանը Մարտիրոսյանը պոկում ձեւում փոքր արծաթ նվաճեց, բայց մեջքի ցավի պատճառով հանվեց հրում վարժությունից: Արայի հաջողության ու հետո ողբերգության ֆոնին Տիգրանը կարող էր եթե ոչ մեդալ, ապա գոնե օլիմպիական անհրաժեշտ վարկանիշներ բերել մեր թիմին, բայց, փաստորեն, շատ ավելի շուտ ձախողվեց: Մեր մարզիչներն ու ծանրամարտի ֆեդերացիան, նաեւ ՀԱՕԿ-ը պետք է լուրջ հետեւություններ անեն այս երկու օրվա ընթացքում ստացած զրոներից ու վնասվածքներից: Մենք Չինաստանը չենք, որ մեզ նման շռայլություն թույլ տանք: Ամեն մի հայ ծանրամարտիկի թեթեւ վնասվածքն անգամ լուրջ հարված է մեր թիմի համար, որից սպասելիքները միշտ էլ մեծ են եղել: Հուսանք, որ այսօր Հռիփսեիմե Խուրշուդյանն ու Գեւորիկ Պողոսյանը մոռանալ կտան երեկվա անհաջողությունը: Խուրշուդյանը 75 կգ-ից տեղափոխվել է +75 կգ, այսինքն` կանանց գերծանր քաշ, որտեղ 100 կգ-ից ավել քաշ ունեցողների հետ պիտի մրցի, իսկ 85 կգ-ում Եվրոպայի գործող չեմպիոն Պողոսյանը առաջին անգամ պիտի մրցի 94 կգ քաշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter