Դրամփյանների հետնորդները պահանջում են իրենց ժառանգություն-շինությունները
«Վարդանը Ղուկասյան ինձ կանչել էր իր մոտ եւ առաջարկում էր 2000 դոլար, որպեսզի մեր ընտանիքը հրաժարվի նախկին ժողդատարանի շենքից: Գյումրիում բոլորը գիտեն, որ էդ շենքը Դրամփյաններինն է, այսինքն` պատկանել է իմ տատիկի ծնողներին եւ կտակով փոխանցվել է մայրիկիս,-Գյումրիում հայտնի Դրամփյանների տոհմի շառավիղ Աստղիկ Դրամփյանի աչքերը փայլում են զայրույթից,
- հիմա մեզ շառլատան են կոչում, էն դեպքում, երբ իրենք 50 մլն արժողությամբ շենքը չնչին կոպեկներով փորձում էին գնել մեզնից: Տեսան` չի ստացվում, մեզ շառլատան սարքեցին»: Կռվախնձոր դարձած շենքը պատկանել է Լեւոն Դրամփյանին: Ունեցել է 22 սենյակ` իր մառաններով եւ ձիանոցով: Գրավական արժեքը եղել է 325 հազար ռուբլի: Կառուցվել է 1873 թ.: Ճարտարապետական մեծ նշանակություն ունեցող այս շենքը 1920 թ. հանձնվել է ժողդատարանին: 1990-ականներին այս շենքի շուրջ ծավալված դատական գործը տեւել է 10 տարուց ավելի: 53.389.747 դրամ կադաստրային արժեքով համայնքային գույք համարվող շենքը, որտեղ երկրաշարժից հետո երկար տարիներ գործել է մարզի Ընդհանուր իրավասության դատարանը, քաղաքապետարանը, ի վերջո, վաճառել է: Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի Գյումրիի տարածքային ստորաբաժանումից ստացած պաշտոնական գրությամբ հիմնավորվում է շենքի վաճառքը: Ըստ այդմ` այն գնել են Համլետ Ռոբերտի Գրիգորյանը եւ Լիանա Պետրոսի Հակոբյանը` որպես համատեղ սեփականություն: Ոչ պաշտոնական տեղեկություններով, որոնք երբեմն Գյումրիում շատ ավելի հավաստի են լինում, շենքի սեփականատերը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Խոսակցությունների մակարդակի այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով «Հետքը» հուլիսի 9-ին պաշտոնական գրությամբ դիմել է Գյումրիի քաղաքապետին, 2,5 ամիս է` պատասխան չի ստացել, մեր զանգերին քաղաքապետարանից պատասխանել են, թե իրավաբանը արձակուրդում է: «Հետքին» մասնավորապես հետաքրքրում էր, թե երբ, ում եւ ինչ նպատակներով է վաճառվել Կումայրի արգելոցի հաշվեկշռում գտնվող Աբովյան փողոցի թիվ 262 շենքը:

Ինչպիսի փոխհատուցում է առաջարկվել Դրամփյան քույրերի իրավահաջորդ Իրինա Աբաջյան-Դրամփյանին, որպեսզի վերջինս դադարեցնի անընդհատ ձգձգվող դատական գործընթացն ու բողոքները: «Հետքին» նաեւ հետաքրքրում էր այն, որ Գյումրիում անընդհատ խոսվում է ազգային պատկերասրահ ունենալու մասին, արդյոք հնարավոր չէ՞ր մեծարժեք այդ շենքը ծառայեցնել հենց այդ նպատակին կամ, ասենք, տրամադրել Երկրագիտական թանգարանին, որը 20 տարի է` շենքային նորմալ պայմաններ չունի, չկան պահոցներ` չնայած մի քանի հազարի հասնող նյութերի առկայությանը, կամ «Կումայրի արգելոց» թանգարանին, որը քաղաքապետը լուծարել է, կազմալուծել ու տեղավորել կիսաքանդ մի տան երկու նեղլիկ սենյակներում: «Հետքին» հետաքրքրում էր, թե մարդիկ, ում վաճառվել է շենքը, ինչ նպատակներով են այն ձեռք բերել, եւ ինչու մինչեւ օրս այնտեղ ոչ մի գործ չի կատարվում: Եվ, իհարկե, ամենավերջին հարցը` արդյոք ճի՞շտ են այն խոսակցությունները, որ շենքն իրականում քաղաքապետի սեփականությունն է:
«Հըլը էն ժամանակ էին ասում, թե Վարդան Ղուկասյանը շենքն ուզում է տղի համար, հյուրանոց է սարքելու,- մանրամասնում է տիկին Իրինա Աբաջյան-Դրամփյանը,- որ դատարանը գնաց իրա նորակառույց շենքը, ես Աստղիկիս ու թոռներիս հետ եկա, սկսեցի շենքի մի սենյակում բնակվել»:
Սկզբում քաղաքապետարանից Դրամփյաններին առաջարկել են լքել տարածքը իրենց կամքով, այնուհետեւ հնչել են սպառնալիքներ: «Վիզդ կկտրենք, դուրս եկեք էդ շենքից,- հիշում է տիկին Իրինան,- դուբլյոնկեքով, հագած-կապած տղեք էին, կանգնել էին մեր պատուհանների տակ ու գոռում էին»: Իրինա Դրամփյանն անմիջապես դատախազություն հայտարարություն է տվել, որ իր ընտանիքին անհանգստացնում են ու սպառնում, որից հետո ժամանակավորապես սպառնալիքները դադարել են: Սակայն դրան հաջորդել է վտարման գործընթացը:
«Աշոտ Քալաշյանը քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետն է, հարբած եկել էր, մեզ վտարում էր: Երեխեքը վախից կպել էին ինձ, լացում էին,- պատմում է Աստղիկ Դրամփյանը,- Քալաշյանն էլ երեւի ուզում էր ցույց տալ, որ իր դեմը խաղ չկա, սպառնում էր, թե միլիցիայով ձեզի կհանենք, ես էլ ասի, որ ես ձեզ միլիցիա կտամ էն բանի համար, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը հերիք չի հարբած գալիս է, հետն էլ սպառնում է»:
«Իսկ ինչու՞ են ձեզ շառլատան համարում»,- հարցս ուղղում եմ տիկին Իրինային, սակայն պատասխանում է աղջիկը: «Գիտե՞ս ինչի ենք շառլատան, որովհետեւ իրանց առաջարկած պայմաններով չուզեցինք խաղալ: Որովհետեւ որոշել ենք մինչեւ վերջ գնալ,-ասում է Աստղիկ Դրամփյանը,- 10 տարուց ավելի է` դատական քաշքշուկների մեջ ենք քաղաքապետարանի հետ ու հիմա էլ գործն ուղարկել ենք Եվրադատարան: Շառլատանն իրանք են, որ հայտարարում են, թե մեզ փոխհատուցում են տվել, բայց մենք, փաստորեն, հիմա ապրում ենք Վանաձորում, վարձու բնակարանում: Էդ ի՞նչ է փոխհատուցել քաղաքապետը, որ էդ մասին էլ հայտարարում են»: Ստիպված էի բացատրել, որ Դրամփյանների ժառանգներին շառլատաններ համարողները դա մեկնաբանում են հետեւյալ կերպ. «Լեւոն եւ Աստղիկ Դրամփյանները սեփական զավակներ չեն ունեցել»:
«Հետո՞ ինչ,- զարմանում է տիկին Իրինան,- մի՞թե որդեգիրը չունի նույն իրավունքները, ինչ սեփական զավակը: Այո, իմ մորը որդեգրել է տատիկս: Մորս կոչել են Փերինա: Նրան տատս գտել է Ձիթողցոնց որբանոցից: Մորաքույրս եւս որդեգիր է: Բայց նրանք են համարվում Լեւոն եւ Աստղիկ Դրամփյանների զավակները: Ես կարող եմ էդ չհավատացողներին էնպիսի մի արխիվ ներկայացնել, էնպիսի փաստաթղթեր, որ իրանք էլ զարմանան: Եթե մենք չենք Դրամփյանների ժառանգները, կնշանակի Վարդան Ղուկասյանն է, որ այդպես համառորեն մեզ վտարում էր մեր պապական տնից»:
Լեւոն Դրամփյանը 1920 թ. ամուսնացել է բժշկուհի Աստղիկ Մանուկյան-Դրամփյանի հետ: Վերջինս իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ զբաղվել է հասարակական աշխատանքով: Աստղիկ Դրամփյանը 15 տարի անընդմեջ եղել է ՀՀ Գերագույն խորհրդի անդամ, որից 5 տարին` ԳԽ նախագահի տեղակալ: Տիկին Աստղիկը մահացել է 98 տարեկանում: Իսկ նրա ամուսինը` Լեւոն Դրամփյանը, մահացել է 1941 թ.:
Լեւոնն ու Աստղիկը սեփական զավակներ չեն ունեցել, սակայն որդեգրել եւ մեծացրել են Լիանային ու Հասմիկին` վերջիններիս տալով իրենց ազգանունը: Ահա այս կանայք էլ 1993 թ. որոշել են խորհրդային տարիներին պապից խլած սեփականությունը վերադարձնել եւ դիմել են դատարան: Ախուրյանի շրջանի ժողդատարանը, 1993 թ. սեպտեմբերի 3-ին քննության առնելով գործն ըստ հայցի Լիանա Լեւոնի Դրամփյանի եւ Հասմիկ Լեւոնի Դրամփյանի` ընդդեմ «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի, Գյումրի քաղաքի թիվ 2 երաժշտական դպրոցի եւ Գյումրի քաղաքի Շիրակի շրջանի ժողդատարանի` ժառանգական շենքերը ապօրինի տիրապետումից եւ օգտագործումից հետ պահանջելու եւ հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը հարգելի համարելու եւ այն վերականգնելու պահանջի մասին, հայցը բավարարել է եւ վճռել բաց թողնված հայցային վաղեմության ժամկետը վերականգնել:
Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 260 շենքը, որը օգտագործման իրավունքով հանձնված էր թիվ 2 երաժշտական դպրոցին, Աբովյան փողոցի թիվ 262 շենքը, որ օգտագործման իրավունքով հանձնված է եղել Շիրակի շրջանի ժողդատարանին, ներկա վիճակով անձնական սեփականության իրավունքով վերադարձնել այդ շենքերի նախկին սեփականատիրոջ ժառանգներ, հայցվորներ Հասմիկ Լեւոնի Դրամփյանին եւ Լիանա Լեւոնի Դրամփյանին: Վճիռը չի բողոքարկվել եւ մտել է ուժի մեջ 10 օր անց` սեպտեմբերի 13-ին: Նշված վճռի եւ Գյումրիի քաղխորհրդի գործկոմի 1988 թ. հոկտեմբերի 11-ի թիվ 21 որոշման համաձայն` նշված շենքերի նկատմամբ սեփականության հայցվորների իրավունքը տեխնիկական գույքագրման վարչության Գյումրիի բյուրոյում գրանցվել է 22.03.94 թ.: 1996 թ. դեկտեմբերին հայցվորները հրավիրվել են Արթիկի շրջանի ժողդատարան` նույն գործը քննելու համար:
Պարզվել է, որ ՀՀ Գերագույն Դատարանի նախագահի բողոքի հիման վրա քաղաքացիական գործերով դատական կոլեգիան Ախուրյանի ժողդատարանի 03.09.1993 թ. վճիռը բեկանել է եւ գործը քննության համար հանձնել Արթիկի ժողդատարան: Արթիկի ժողդատարանը 1996 թ. դեկտեմբերի 6-ին կայացրել է վճիռ, որով Լիանա եւ Հասմիկ Դրամփյանների հայցը մերժվել է: Նրանց հետագա բոլոր բողոքները մնացել են անարդյունք: Հասմիկ Դրամփյանը մահացել է 1994 թ. հուլիսի 27-ին, Լիանա Դրամփյանը` 2007 թ. հոկտեմբերի 15-ին: Նրանց կազմած կտակների համաձայն` իրենց անվամբ գրանցված տները հանձնվել են Իրինա Ֆյոդորի Աբաջյանին` Հասմիկի աղջկան: Տիկին Իրինան ստանձնել է նաեւ դատական հետագա քաշքշուկային գործընթացը:
շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել