HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հանրային պաշտպանը թրաֆիքինգի հոդվածը որակեց հաշվեհարդար իր պաշտպանյալների նկատմամբ

Ամբաստանյալի նստարանին հայտնված Կարինե Հարությունյանը եւ Մելանյա Հովհաննիսյանը մեղադրվում են գործով տուժող 3 կանանց` Նելլիին, Արմինեին եւ Աննային թրաֆիքինգի ենթարկելու եւ պոռնկության դրդելու համար:

Ըստ մեղադրանքի` Կարինե Հարությունյանը Նելլիին Թուրքիայի Կոնյա քաղաք է փոխադրել եւ այնտեղ սեռական շահագործման մեջ ներգրավել: Մելանյա Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ` նա Արմինեին սեռական շահագործման մեջ է պահել, իսկ Մելանյա Հովհաննիսյանը նպաստել է, որպեսզի Աննան եւ Նելլին պոռնկությամբ զբաղվեն:

Այս դեպքի առթիվ 13.03.2010 թ. Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ Քր. օր.-ի 132-1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 132 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետով եւ 262 հոդ. 1-ին մասով հարուցված քրեական գործի դատաքննությունը շարունակվեց վկաների հարցաքննությամբ: Գործով վկա Ժանետա Սուլյանը դատարանում հաստատեց, որ ճանաչում է ամբաստանյալներ Մելանյա Հովհաննիսյանին եւ Կարինե Հարությունյանին:

Տուժողներից Արմինեի դուստրը` Դիանան, հաճախակի է այցելել իրեն, եւ ինքը կապված է եղել նրա հետ: 2010 թ. փետրվարին իր բնակարան է եկել Արմինեն եւ պատմել, որ Մելանին ու Կարինեին մեծ գումար է պարտք եւ չի կարողանում վերադարձնել: Որպես ելք` պարտատերերն իրեն առաջարկել են աշխատել Թուրքիայում: Արմինեն ասել է, որ ուզում է աղջկան թողնել Ժանետայի մոտ: Վերջինս համաձայնվել է, սակայն մի քանի օր անց Արմինեն եկել ու ասել, որ Մելանյան պահանջում է Դիանային թողնել իր տանը, որպեսզի ինքը ճանապարհից չփախչի:

Վկաների հարցաքննության փուլում դատարանում նույնը պատմեց նաեւ տուժողի աղջիկը` գործով վկա Դիանան: Թուրքիայից վերադառնալուց հետո Արմինեն կրկին գնացել է վկա Ժանետայի տուն եւ արտասվելով պատմել, որ Թուրքիայում եղած ժամանակ Կարինեի պարտադրանքով զբաղվել է մարմնավաճառությամբ: Վկան պատմեց նաեւ, որ Թուրքիայում Արմինեն չի կարողացել գումար վաստակել, եւ Մելանն առաջարկել է, որպեսզի վերջինս մարմնավաճառությամբ զբաղվի իր տնակում:

Դրանից հետո, մարտ ամսին Ժանետան իմացել է, որ ոստիկանները ձերբակալել են Մելանի բնակարանում մարմնավաճառությամբ զբաղվողներին: Գործով վկաներ Գագիկ Գալստյանի, Մկրտիչ եւ Մելիք Առաքելյանների նախաքննական ցուցմունքներով հաստատվել է, որ Գյումրի քաղաքի «Պետուշոկ» կոչվող թաղամասում, մաքսատան հետնամասում գտնվող տնակներում մարմնավաճառներ են բնակվում: Գործով վկա Գագիկ Գալստյանի ցուցմունքներով` ինքն այնտեղ այցելել է 2010 թ. մարտի 12-ին եւ Աննա անունով մի մարմնավաճառի հետ 2000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունեցել: Երբ ցանկացել է հեռանալ, իրեն նկատել են ոստիկաններն ու հրավիրել ոստիկանության բաժին:

Մկրտիչ եւ Մելիք Առաքելյանների ցուցմունքների համաձայն` նույն նպատակով հիշյալ թաղամասի տնակներ այցելել են նաեւ իրենք: 2010 թ. մարտի 12-ին գնացել են Մելանի տնակ: Թակել են դուռը եւ մի կնոջ հարցրել, թե կարող են արդյոք սեռական հարաբերություն ունենալ մարմնավաճառների հետ: Կինը պատասխանել է, որ աղջիկները զբաղված են, եւ փակել է դուռը: Դրանից հետո իրենց են մոտեցել ոստիկաններն ու հրավիրել ոստիկանության բաժանմունք: Վկաներից Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Խաչիկ Յարջոյանը պատմեց, որ մարմնավաճառների տեղն իմացել է մի երիտասարդից:

Գյումրիում գտնվելու ժամանակ գնացել է մաքսատան հետնամասում գտնվող տնակներ եւ այնտեղ ծանոթացել Աննա եւ Արմինե անունով մարմնավաճառների հետ: Ապա 2000 դրամի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել Աննայի հետ: Երբ փորձել է հեռանալ, իրեն են մոտեցել ոստիկանության աշխատակիցներն ու հրավիրել բաժին: Ամբաստանյալներից առաջինը հարցաքննվեց 1956 թ. ծնված Մելանյա Հովհաննիսյանը:

Գրանցված լինելով Արմավիրի մարզի Նորապատ գյուղում` փաստացի բնակվել է Գյումրիի Շիրակացի փողոցի 204/239 տնակում: Ամուսնալուծված է, երեխաներ չունի: Սոցիալական պայմաններից ելնելով` իր հարեւանուհու` գործով տուժող Նելլիի հետ 2003 թ.-ից զբաղվել է մարմնավաճառությամբ: Սկզբում փողոց են դուրս եկել, հետագայում, երբ արդեն հաճախորդները ճանաչել են իրեն, նրանց սպասարկել է սեփական տնակում: Առաջադրված մեղադրանքում Մելանյան սկզբում իրեն մեղավոր էր ճանաչել եւ զղջացել կատարվածի համար, սակայն հետագայում հրաժարվել էր` նշելով, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն մասնակիորեն:

«Ես միայն 262 հոդվածն եմ ընդունում, հարգելի դատարան, էն 132 է, ինչ է, ես էդ հոդվածով բան չեմ արել,- դատարանում հայտարարեց ամբաստանյալը,- եթե դատում եք, ապա դատեք 262-ով միայն»: Մելանյա Հովհաննիսյանը չժխտեց, որ զբաղվել է մարմնավաճառությամբ, քանի որ ապրուստի ուրիշ միջոց չի ունեցել: Հաստատեց, որ իր հետ նույն գործով զբաղվել են նաեւ տուժողները:

«Բայց ես ոչ մեկին չեմ ստիպել, իրանք իրանց կամքով են զբաղվել: Սուտ է, թե ես Արմինեի աղջկան բռնի իմ մոտ եմ պահել կամ ստիպել իրա մորը, թե գնա Թուրքիա ու մարմնավաճառությամբ զբաղվի: Ես չեմ էլ իմացել, որ ինքը ուզեցել է գնալ Կարինեի մոտ,- ասաց ամբաստանյալը,- քանի որ Արմինեն ապրանքի պարտք ուներ ինձ ու Կարինեին, ինձնից պարտքով փող վերցրեց, որ գնա Թիֆլիս` տեգրոջից փող բերելու: Ես 10 օր հետո եմ իմացել, որ ինքը Թուրքիայում է»:

Ամբաստանյալ Կարինե Հարությունյանը եւս իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքներում: Կարինեն Մելանյայի քրոջ աղջիկն է: 34-ամյա ամբաստանյալը միայնակ մայր է, ծնունդով Երեւան քաղաքից, սակայն հաշվառված է եղել Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի238/119 տնակում, ունի 14 տարեկան տղա: Կարինեն պատմեց, որ 10 տարի է գնում-գալիս է Թուրքիա եւ կապեր ունի այնտեղ:

«Ես հիմնականում առեւտուր եմ արել, ապրանք եմ բերել Հայաստան: Երբ փողի քչություն է արել, էնտեղ մարմնավաճառությամբ եմ զբաղվել,- հայտարարեց ամբաստանյալը,- տուժողները ինչ ասել են իրենց շահագործելու հետ կապված, սուտ են ասել ու հիմա էլ են ստում: Ես իրանց միշտ էլ օգնել եմ: Նելլին շատ լավ իմացել է, որ գալիս է Թուրքիա մարմնավաճառության: Ինքն էր խնդրել, որ իրան տանեմ: Դրանից հետո արդեն ինքնուրույն է գնացել: Ինչ մնում է Արմինեին Թուրքիայում մարմնավաճառության դրդելուն, ասեմ, որ էդ էլ է սուտ: Չէր ուզում` թող չգար հասներ Թուրքիա: Որ ասում է` իրան փող չեմ տվել, ի՞նչ էր աշխատել, որ ինչ էլ տայի: Ինքը լացում էր, թե թող ջահել կլիենտ լինի, բայց էդ հո մեր ուզելով չի: Ինչ գումար էլ աշխատել է, իրան շոր-մոր եմ առել, որ հագնելու բան ունենար»:

Ամբաստանյալների պաշտպան Աշոտ Հովսեփյանն իր ճառում նշեց, որ այս գործում թրաֆիքինգի ենթարկվածների չի տեսնում: Բոլորն էլ զբաղվել են մարմնավաճառությամբ եւ Թուրքիա գնացել են իրենց հոժար կամքով, իսկ որ տեղաշարժի հնարավորություն չեն ունեցել, ապա տուժողներն իրենք դատարանում հաստատեցին, որ լեզուն չեն իմացել, եւ եթե անգամ անձնագիրն իրենց մոտ լիներ, միայնակ չէին կարող շրջել օտար քաղաքում: Պետմեղադրողի պահանջը` Մելանյա Հովհաննիսյանին դատապարտել 9 տարի, իսկ Կարինե Հարությունյանին` 11 տարի ազատազրկման, հանրային պաշտպանը հիմնազուրկ որակեց:

«Միջնորդությունը դաժան է, եւ այնպիսի տպավորություն է, որ հաշվեհարդար է իրականացվում իմ պաշտպանյալների նկատմամբ»,- հայտարարեց Աշոտ Հովսեփյանը: Դատարանը` նախագահությամբ Շիրակ Հակոբյանի, որոշեց պատիժները նշանակել քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի` հանցանքների համակցության կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մելանյա Հովհաննիսյանն ու Կարինե Հարությունյանն առաջադրված հոդվածներով երբեւէ նախկինում դատապարտված չեն եղել:

Դատարանը որոշեց Մելանյա Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման, 132-1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, 262 հոդվածի 1-ին մասով` 1 տարի ազատազրկման: Քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի` հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոններով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Մելանյա Հովհաննիսյանին վերջնական պատիժ նշանակեց 8 տարի ժամանակով` առանց գույքի բռնագրավման: Կարինե Հարությունյանին նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը 8 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Տուժողներ Նելլիին, Արմինեին եւ Աննային իրավունք վերապահվեց հանցագործությամբ իրենց պատճառված վնասի հատուցման պահանջով քաղաքացիական դատավարության կարգով դիմել դատարան:

Հ.Գ. Տուժողների անունները փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter