HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Սահմանը պաշտպանած «ոչ շարային ծառայողները» եւ զինկոմի փախստական որդին

Նոյեմբերյան քաղաքի բնակիչներ, ամուսիններ Ռուբիկ Բայրամյանը եւ Ջուլիետա Ղարախանյանը բողոքում են անարդարության դեմ, որ իրենց որդիները ժամկետային զինվորական ծառայությունն անցկացրել են Լեռնային Ղարաբաղում, առաջին դիրքերում, սակայն նրանց զինվորական գրքույկներում նշված է, որ պիտանի են ոչ շարային ծառայության:

Ամուսինների ավագ որդին` Ստեփան (Ստյոպա) Բայրամյանը, 2005-2007 թթ. ծառայել է Քելբաջարում, պաշտպանել Օմարի լեռնանցքի դիրքերը: Կրտսեր որդին` Արտակը, 2007-2009 թթ. ծառայել է Մարտակերտի զորամասերից մեկում, պաշտպանական առաջին գծում:

Զորացրվելուց հետո Արտակը ցանկացել է ծառայության անցնել ներքին զորքերում, սակայն նրան մատնացույց են արել իր զինվորական գրքույկը, որտեղ գրված է` «պիտանի է շարային ծառայության, սահմանափակ»: Մինչդեռ զինվորական գրքույկի այլ էջում գրված են բազում զինատեսակների անուններ, որոնց տիրապետել է Արտակը: Ավագ որդու` Ստեփանի (Ստյոպայի) զինգրքույկում նշված է, որ նա պիտանի է ոչ շարային ծառայության: Մինչդեռ զինգրքույկում նրա զինվորական մասնագիտությունը հրաձիգ է նշված:

Ս. Բայրամյանին հրամանատարության կողմից տրված բնութագրում նշված է. «Բարեխիղճ եւ օրինակելի ծառայության համար խրախուսվել է թանկարժեք նվերով, շնորհակալական նամակով եւ կարճատեւ արձակուրդով: Կարգապահական տույժի չի ենթարկվել, պատվով է կրում զինվորական համազգեստը»: Բարձրագույն կրթությամբ Ստյոպան եւ քոլեջն ավարտած Արտակը այժմ աշխատանք չունեն, մինչդեռ, ծնողների համոզմամբ, սահմանամերձ Նոյեմբերյանում կարող էին աշխատանքի անցնել ուժային կառույցներում` ազգային բանակում, ոստիկանությունում եւ այլն: Կարելի է մտածել, որ Նոյեմբերյանի զինկոմիսարիատում անփույթ կամ, որ առավել վատ է, միտումնավոր են սխալ գրել: Հիմա տեսնենք, թե փաստաթղթերի «դասավորման գործն» ինչպես է կատարվել 1992-2010 թթ. Նոյեմբերյանի զինկոմ աշխատած, փոխգնդապետ Անդրանիկ Հարությունյանի ընտանիքում:

18 տարի շարունակ Նոյեմբերյանի զինկոմ աշխատած, մշտապես զինակոչի առաջադրանքները կատարած եւ գերակատարած Անդրանիկ Հարությունյանի միակ որդին` 1998 թ. ծնված Աշոտ Հարությունյանը, որպես Ադրբեջանից փախստական, Հայաստանի զինված ուժերում չի ծառայել: Դեռեւս խորհրդային իշխանության տարիներին Կուբայում իր «ինտերնացիոնալ պարտքը» կատարած 48-ամյա Անդրանիկ Հարությունյանը Նոյեմբերյան քաղաքում շուրջ 82 քմ մակերեսով բնակարան ունի, ուր բնակվել է իր ընտանիքով: Սահմանամերձ, բազում կռիվներ տեսած, հանուն հայրենիքի նահատակներ տված Նոյեմբերյանում բնակված զինկոմի կինն ու որդին այդպես էլ Հայաստանի քաղաքացիություն չեն ընդունել:

Այս տարվա սեպտեմբերի 4-ին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին տեղեկացրել է, որ ««Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն` փախստականի եւ ժամանակավոր ապաստանի վավեր վկայականներ ունեցող անձինք հնարավոր կարճ ժամկետում պետք է դիմեն տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն` այդ վկայականները կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերով փոխանակելու համար: Ելնելով վերոգրյալից` խնդրում ենք հնարավոր բոլոր միջոցներով իրազեկել Ձեր համայնքում բնակվող փախստականներին եւ աջակցել նրանց փաստաթղթերի հավաքագրման գործում»:

Այս հայտարարությանը կից ցանկում ներկայացվել է կոնվենցիոն փաստաթղթեր ստանալու համար պահանջվող թղթերի ցանկը` դիմում, լուսանկար եւ այլն: Նաեւ ներկայացված են Նոյեմբերյան քաղաքում բնակվող այն 3 փախստականների անունները, որոնք պետք է ստանան արտերկրում ճանապարհորդելու իրավունք տվող այդ փաստաթղթերը: Նոյեմբերյան քաղաքից ներկայացված 3 քաղաքացիներից 2-ը զինկոմի կինն ու տղան են` 1966 թ. ծնված Իրինա Հարությունյանը եւ 1988 թ. ծնված Աշոտ Հարությունյանը: 18 տարվա ընթացքում հազարավոր զինակոչիկների ծառայության ուղարկած զինկոմն այդպես էլ չի ցանկացել, որ իր միակ որդին դառնա Հայաստանի քաղաքացի եւ ծառայի:

Նոյեմբերյանում երկարատեւ ծառայության ընթացքում առնվազն երկու անգամ զինկոմը խնդիր է ունեցել իրավապահների հետ: Տարիներ առաջ, երբ ծնողներից մեկը կաշառք հանդիսացող, հատուկ լուծույթով նախօրոք մշակված փողը հանձնել է զինկոմ Հարությունյանին, «օպերացիայի» պլանի համաձայն` զինկոմի աշխատասենյակ են ներխուժել իրավապահները: Որպես կաշառք տրված փողը մոտեցրել են զինկոմիսարատի աշխատողներից մեկին` հարցնելով, թե դրա վրա ինչ է գրված: «Կալանք»,- պատասխանել է զինկոմիսարիատի սպան:

«Ոչ թե կալանք, այլ` կաշառք, կալանքը հետո է լինելու»,- ասել են իրավապահները: Սակայն հետո զինկոմը չի կալանավորվել, կարելի է ենթադրել, թե ինչու: Անդրանիկ Հարությունյանը, ով հուլիսի 23-ից գտնվում էր հերթական արձակուրդում, հուլիսի 29-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ազատվել է աշխատանքից, ուղարկվել «կադրերի տրամադրության տակ»: Նրան կամ այլ աշխատանք կառաջարկեն կամ էլ կուղարկեն կենսաթոշակի: Մեր տեղեկություններով` նա իր աշխատանքից ազատման հրամանի մասին լսել է Ֆրանսիայում, ուր գտնվել է այդ երկրում բնակություն հաստատած իր ամուսնացած աղջկա տանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter