HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6 ծնողներ հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել

Շնողի 6 առաջին դասարանցիների` դասի չհաճախելու պատմությունը դուրս է եկել համայնքից եւ քննարկման նյութ դարձել տարածաշրջանում: Իրադարձությունների հետագա զարգացումը հասցրել է նրան, որ առաջին դասարանի 20 երեխաների ծնողների մի խումբ փորձել է ստանալ մյուսների համաձայնությունը երեխաներին դպրոց չուղարկելու հարցում եւ դասվար Անուշ Ղումաշյանի դեմ սաբոտաժ անելու նպատակով ստորագրահավաք է կազմակերպել:

«Այդ կազմակերպիչները չգիտեմ` ովքեր են: Բայց անպայման կազմակերպել են, 5-6 ծնող են, ես չգիտեմ` ով ա դրանց լիդերը»,- ասաց Շնողի դպրոցի տնօրեն Գեւորգ Ավետյանը: Վերջին 10 տարիներին Շնողի դպրոցի աշակերտների թիվը նվազել է` 589-ից դառնալով 369: Դպրոցն ունի 17 դասարան, որտեղ դասավանդում են 44 մանկավարժներ: Ուսուցիչների միջին ծանրաբեռնվածությունը 10-12 դասաժամ է: Այսուհանդերձ, դպրոցի տնօրենը լուրջ խնդիրներ է ունենում մանկավարժական կադրերին դասաժամերով ապահովելու հարցում: Այս տարի առաջին դասարանում սովորելու համար դպրոցի տնօրենին գրավոր դիմում է ներկայացրել 20 ծնող, սակայն դասի է հաճախում 14 աշակերտ:

 Մյուս 6 երեխաների ծնողները սեպտեմբերի 3-ից արգելել են իրենց երեխաներին դպրոց գնալ: Այս ուսումնական տարում, աշակերտների թվին համապատասխան, դպրոցն ունի մեկ առաջին դասարան, որտեղ աշխատելու հայտ են ներկայացրել 2 դասվարներ` Անուշ Ղումաշյանը` 5 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով, եւ Նաիրա Ճիճիլյանը` 15 տարվա ստաժով: Նրանց ընտրության հարցում անտեսվել է դպրոցի շահը, իսկ տնօրենի անվճռականությունը հասցրել է ծնողների ինքնագործունեությանը, որի մասին «Հետքին» պատմեցին դասվարներն ու ծնողները:

«Օգոստոսի 31-ին դպրոց գնացինք, առաջին դասարան ընդունվող երեխաների հարցազրույցը պետք է տեղի ունենար: Նախօրոք ծնողներից մեկը դպրոցի տնօրեն Գեւորգ Ավետյանին հարցրեց, թե ով պետք է դասավանդի առաջին դասարանում: Տնօրենն ասաց, որ հարցազրույցից հետո ինքը կասի: Հարցազրույցից հետո նա հայտնեց, որ Ղումաշյանը պետք է դասավանդի առաջին դասարանում: Ղումաշյանը ես եմ: Այդ ժամանակ մեկը, Ասյա էր անունը, բարձրաձայն ասաց, որ ինքը չի ուզում, որ իր երեխային ես դասավանդեմ: Դրանից հետո մյուս դասվարի անմիջական հարեւանն ասաց, որ ինքն էլ չի ուզում: Հետո նրանց միացան դասվար Նաիրա Ճիճիլյանի մորաքրոջ աղջիկը, մորաքրոջ տղան, մորաքրոջ հարսը, ասացին, որ իրենք էլ չեն ուզում:

Դասվարի անունը պահանջել է հրապարակել նաեւ Նաիրա Ճիճիլյանը, ում տնօրենը պատասխանել է. «Դե լավ, սեպտեմբերի 1-ին կգաք դպրոց, ես 9:30 րոպեին կասեմ, թե ով պետք է դասավանդի առաջին դասարանում»»,- պատմեց դասվար Անուշ Ղումաշյանը: Սեպտեմբերի 1-ին, ժամը 9:30-ին առաջին դասարանն ընդունել է դասվար Նաիրա Ճիճիլյանը, ով էլ իր հերթին պատմեց. «Պարզապես 2 դասվար ենք, դասարանը տրվել է ինձ, որտեղ աշխատել եմ 3 օր, այնուհետ ինչ-ինչ պատճառներով դասարանը վերցրել են իմ ձեռքից: Ինձ չեն հրամանագրել, որովհետեւ տարեֆիկացիան սեպտեմբերի 3-ին է հաստատվել: Դպրոցի տնօրենը ինձ պաշտոնապես հրավիրել է իր աշխատասենյակ եւ դասարանը տվել ինձ: Սեպտեմբերի 3-ի կեսօրին արդեն, երբ տարեֆիկացիան հաստատվել է, ինձ ասել են, որ ես այլեւս առաջին դասարանի դասվարը չեմ»:

Նաիրային այնուհետեւ դասաժամեր են տվել 2-րդ դասարանում. «Դասարանը կիսել են մյուս դասվարի հետ, առարկայացված է: Ես ու մյուս դասվարը աշխատում ենք»,- ասաց նա: Նաիրա Ճիճիլյանը գտնում է, որ իր նկատմամբ տնօրենը սխալ է թույլ տվել: Նա բողոք-նամակ է գրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարին ու Լոռու մարզպետին: «Առայժմ պատասխան չունեմ»,- ասաց նա: Առաջին դասարանում 3 օրվա ընթացքում 2 դասվար նշանակելու փաստի առթիվ խնդրեցինք տնօրեն Գեւորգ Ավետյանի մեկնաբանությունը:

«Դրա մեկնաբանությունը նա է, որ ստացվել ա նենց, որ ով որ տարրական դասարանը ավարտացնում ա, նա էլ ընդունում է նոր առաջին դասարանը»,- ասաց տնօրենը: Ըստ այս տրամաբանության` առաջին դասարանի դասվար պետք է աշխատեր Անուշ Ղումաշյանը: «Այդ դեպքում, ինչո՞ւ եք սեպտեմբերի 1-ին առաջին դասարանի դասվար նշանակել Նաիրա Ճիճիլյանին»,- հարցրինք տնօրենին: «Էդ դեպքում, գիտեք ինչումն է խնդիրը, որպեսզի Նաիրան ֆիզից հետո առաջին դասարան ունենա, այսինքն` էս առաջին դասարանը տանք Նաիրային, բայց հանգամանքները եղան նենց, որ հիմա պարապում է Անուշը»,- պատասխանեց տնօրենը: Նրան խնդրեցինք ներկայացնել «այդ հանգամանքները»:

«Դե ասեցին, որ ով ավարտեցրել ա, նա էլ պտի շարունակի»,- պատասխանեց Գ. Ավետյանը: «Ո՞վ է ասել»,- հարցրինք տնօրենին:

«Դե հմի եսիմ, չգիտեմ, թե ով ասեց, համենայնդեպս հրահանգը նենց էր, որ ինձ ասին` էսպես պետք է լինի: Հա, ես եմ դպրոցի ղեկավարը, բայց դպրոցը կառավարման խորհուրդ ունի, մանկավարժական խորհուրդ ունի»,- ասաց տնօրենը: Հետագա զրույցից պարզվեց, որ առաջին դասարանի դասվարի ընտրության հարցը դպրոցի մանկավարժական խորհրդում չի քննարկվել: «Կոնկրետ ես ասեմ, թե ով է ասել: Զանգել են ասել, որ, այսինքն` առիթի բերումով ես եղել եմ մի տեղ, ինձ ասել են, որ ընկեր Ավետյան, առաջին դասարանում դասվար լինելու ա Ղումաշյան Անուշը»,- խոստովանեց դպրոցի տնօրենը:

Ըստ դասվար Անուշ Ղումաշյանի` ստորագրահավաքի կազմակերպիչը Նաիրա Ճիճիլյանի տեգոր կինն է` Շնողի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Նախշուն Ամիրջանյանը: Վերջինս կտրուկ հերքեց այդ լուրը: Մեզ հետ զրույցում Նաիրա Ճիճիլյանը հայտնեց, որ իր մորաքրոջ թոռնիկը տոներից հետո դպրոց է գնալու: Սակայն ծնող Մհեր Ալիխանյանը հայտնեց, որ իր աղջկան, ով սեպտեմբերի 1-ին խփել է ուսումնական տարվա առաջին զանգը, դպրոց չի ուղարկելու, որովհետեւ վստահ չէ, որ դասվար Անուշ Ղումաշյանը բավարար գիտելիքներ ունի: «Նաեւ նկատել եմ` գյուղի դպրոցի մնացած ուսուցիչները այնքան ջանադրաբար չեն փորձում իրենց գիտելիքները մատուցել աշակերտներին, քան ինքը: Փորձում է անգամ երեխաներին սիրաշահել, անգամ լավ դաս պատասխանող երեխաներին խրախուսում է քաղցրավենիքով, բայց, դժբախտաբար, դա նրա գիտելիքների պակասը չի լրացնում»,- Անուշ Ղումաշյանի մասին ասաց Շնողի ավագանու անդամ Լյովա Ալիխանյանը:

Ըստ նրա` առաջին դասարանի դասվարի ընտրության հարցում տնօրենին ուղղորդել է Լոռու մարզպետի վարորդը: «Հետքը» փորձեց իմանալ մյուս ծնողների կարծիքը: Միլենա Ուլիխանյանի մայրը` Մանե Պետրոսյանը, ասաց. «Ես Անուշ Ղումաշյանին ծանոթ չէի, երեխայիս նրա դասարան ուղարկելուց առաջ միայն վատն էի լսել, բայց ես հիմա շատ գոհ եմ նրանից, մանկավարժական կրթություն ունեմ, նկատում եմ, որ շատ լավ է աշխատում երեխաների հետ»: Նոնա Պետրոսյանի մայրն էլ ասաց. «Գիտեք, ինքը իմ մյուս երեխայի դասվարն է եղել, երեխաս գերազանցիկ է եղել, նա շատ լավ է դասավանդել, այդ ստորագրահավաքին ես չեմ միացել:

Անուշ Ղումաշյանը շատ լավ դասատու է»: Դասվարների աշխատանքային հմտությունների մասին Շնողի դպրոցի տարրական դասարանների մեթոդական միավորման նախագահ Էմմա Քարամյանն ասաց. «Ես Ղումաշյանի մոտ դասեր եմ լսել: Սկսնակ ուսուցչուհի է, 12-ամյա դպրոցի առաջին դասարանը ինքն է դասավանդել: Փորձ պետք է ձեռք բերի: Ինչ վերաբերում է ծնողների գնահատականներին, ոչ մի ծնող էլ Անուշի մոտ դաս չի լսել: Բացի այդ, սկսնակ մարդը պետք է աշխատի, որ հմտանա: Նաիրան 15 տարիների աշխատանքի փորձ ունի: Նա հմտանալու կարիք չունի»: Թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը, դժվար է ասել, բայց որ այն արդեն վճռվելու է շատ վերեւներում, միաշանակ է: Ծնողների նամակներն արդեն հասել են կրթության եւ գիտության նախարարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter