HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ալեքսանյանին փորձում են ճնշե՞լ

Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ա. Բոժկոն եւ «Իմիջ հոլդինգ» ընկերության տնօրեն Ա. Գուսակը դիմել էին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` հաղորդելով ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս Գրուպ» (հետագայում դարձել է «Ալեքս Գրիգ») ընկերության արտադրած օղիների` ուկրաինական արտադրության օղու տեսքին եւ ձեւավորմանը նման լինելու մասին:

Նրանք նշել են, որ «ղսՏտՓօ» («Խլոպցի») անվանումով օղու արտաքին ձեւավորումը (շիշը, խցանը եւ պիտակները) ամբողջությամբ նմանեցված են «Իմիջ հոլդինգ» ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող «ղՏՐՑՌՓՈ» («Խորտիցա») անվանումով արտադրանքի արտաքին տեսքի տարբերակիչ առանձնահատկություններին: ՏՄՊՊՀ-ն սկսել է օղու շուկայի ուսումնասիրություն եւ պարզել, որ «Սալեքս Գրուպ»-ի կողմից արտադրվում եւ իրացվում է նաեւ «Moskovskaya» («Մոսկովսկայա»), «Staraya Stolitsa» («Ստարայա Ստոլիցա») եւ «թՋՌսՍՈ» («Գժիլկա») ապրանքային անվանումներով օղի:

Մինչդեռ այդպիսի ապրանքանիշներ «Սալեքս Գրուպ»-ի անունով գրանցված չեն, դրանք սեփականության իրավունքով պատկանում են այլ ընկերությունների: ՏՄՊՊՀ-ն այս տարվա մայիսի 19-ին քննարկել է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի հարցը: Հանձնաժողովն արձանագրել է, որ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող համապատասխան անվանումներով «...օղու պիտակի վրա զետեղված է ապրանքային նշան, որը, հնարավոր է, կարող է շփոթություն առաջացնել սեփականության իրավունքով այլ տնտեսվարող սուբյեկտի պատկանող եւ վերջինիս անվամբ գրանցված ապրանքային նշանի նկատմամբ»:

Հանձնաժողովը եզրակացրել է, որ «Սալեքս Գրուպ»-ը օղու միանգամից 4 տեսակի արտադրանքով խախտել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը` թույլ տալով անբարեխիղճ մրցակցություն: ՏՄՊՊՀ-ն «Ալեքս Գրիգ»-ի նկատմամբ նշանակել է 500 հազար դրամ տուգանք եւ հանձնարարել դադարեցնել եւ հետագայում բացառել համապատասխան անվանումով ապրանքային նշանի օգտագործմամբ օղու իրացումը, երկամսյա ժամկետում հանել այն շրջանառությունից: Սակայն «Ալեքս Գրիգ»-ը չի վճարել տուգանքները, այլ դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ՏՄՊՊՀ-ի` մայիսի 19-ին կայացրած որոշումները:

«Ալեքս Գրիգ»-ի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ՏՄՊՊՀ-ն իրավունք չուներ տուգանել «Ալեքս Գրիգ»-ին, քանի որ հանձնաժողովի դատողությունները սուբյեկտիվ են եւ կարող էին ներկայացվել միայն որպես կարծիք, ավելին` չի եղել նաեւ փորձաքննություն կամ փորձաքննական եզրակացություն` պարզելու ապրանքային նշանների` շփոթության աստիճան նման լինելու հանգամանքը: Փաստաբանը կարծում է, որ այս գործընթացն ավելի շատ «Ալեքս Գրիգ»-ի տիրոջը` Սամվել Ալեքսանյանին, ինչպես նաեւ այլ ընկերությունների եւ գործարարների ճնշելու միտում ունի, քանի որ պետական բյուջեն լցնելու խնդիր կա, եւ ՏՄՊՊՀ-ի միջոցով փորձ է արվում լուծել խնդիրը:

Հայցվոր կողմը չի վիճարկում եւ ոչ մի խոսք չի ասում, թե ինչու են այդ ապրանքանիշները շփոթություն առաջացնում, կամ ինչու է «Ալեքս Գրիգ»-ը ուկրաինական օղուն այդչափ նման օղի արտադրում, այլ շեշտադրված է ՏՄՊՊՀ-ի` վարույթ հարուցելու եւ տուգանելու իրավասությունը: Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ «Իմիջ հոլդինգ» ընկերությունը պետք է անմիջականորեն դատարան դիմեր, այլ ոչ թե ՏՄՊՊՀ: «Այս վարույթների հարուցման համար հիմք է հանդիսացել Ուկրաինայի կառավարությունը ներկայացնող դեսպանի անմիջական միջամտությունը»,- կարծում է Լեռնիկ Հովհաննիսյանը եւ հավելում, որ դրա մասին են վկայում նաեւ այդ ժամանակահատվածում ՏՄՊՊՀ-ի նախագահի արած հայտարարությունները, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստի ժամանակ զեկուցողների ուղղակիորեն հնչեցրած խոսքերը: «Ալեքս Գրիգ»-ի ներկայացուցիչը պնդում է, որ ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթի ժամանակ չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննարկումը եւ, հետեւաբար, չի բացահայտել գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: «

Տվյալ դեպքում ՀՀ ՏՄՊՊՀ-ն, դուրս գալով ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, «իրականացրել է» մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունները «կարգավորողի», մասնավորապես` «օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առաքելություն», որպիսի իրավասություն Հանձնաժողովը չունի»,- նշել է փաստաբանը իր հայցադիմումում:

Ըստ հայցվորի` Հանձնաժողովը մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների վերաբերյալ գործերով վարույթ իրականացնելու իրավասությամբ է օժտված այն բացառիկ դեպքերում, եթե առկա է հիմնավորում առ այն, որ մտավոր սեփականության իրավունքներն օգտագործվում են մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման նպատակով: Ավելին, փաստաբանը նշում է, որ նույն հիմքով իրավասու էր բողոք ներկայացնել դատարան միայն մտավոր սեփականության օբյեկտի (տվյալ դեպքում` ապրանքային նշանի) նկատմամբ իրավունք ունեցող տնտեսվարող սուբյեկտը, այլ ոչ թե Ուկրաինայի դեսպան Ա. Բոժկոն:

ՏՄՊՊՀ-ն, սակայն, հակառակն է պնդում` նշելով, որ Հանձնաժողովի խնդիրն է, ի թիվս մյուսների, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը, որն իրականացնելու համար Հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում օրենքի պահպանության նկատմամբ:

Հանձնաժողովն իրավասու է ընդունել որոշումներ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտման փաստերի վերաբերյալ, նշանակել տուգանքներ, կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ: Ինչ վերաբերում է փորձագետ նշանակելու առնչությամբ «Ալեքս Գրիգ»-ի ներկայացրած դիրքորոշմանը, ապա ՏՄՊՊՀ-ն նշել է, որ ըստ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի` փորձագետ նշանակվում է, եթե փաստական հանգամանքների ուսումնասիրման համար դրա անհրաժեշտությունն առաջանում է:

Հանձնաժողովի` մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների` անբարեխիղճ մրցակցության գործողությունների վերաբերյալ իրավասություններն ուղղված են ոչ թե «տնտեսվարող սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առաքելություն իրականացնելուն», այլ ՀՀ-ում ազատ տնտեսական մրցակցությունը պաշտպանելուն եւ խրախուսելուն, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելուն, ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը նպաստելուն: Սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանում պետք է տեղի ունենար այս գործով առաջին նիստը:

Սակայն այն հետաձգվեց, քանի որ հայցվոր կողմը ՏՄՊՊՀ-ի պատասխանին առարկություններ էր ներկայացրել, եւ Հանձնաժողովի ներկայացուցիչ Լուիզա Ծատուրյանը ժամանակ խնդրեց առարկություններին ծանոթանալու համար: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter