Նամակներ՝ Ազգային ժողովին
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ստացել է նամակներ, որոնցով քաղաքացիները խնդրել են բնակարան կամ որդու հարսանիքը կազմակերպելու համար որոշակի գումարային օգնություն:
«Գագիկ Ծառուկյանը մեր հանձնաժողովի անդամ է, նման նամակներ գրող քաղաքացիները երեւի մտածում են, որ պրն Ծառուկյանից պետք է գումար վերցնենք, տանք իրենց»,- ասում է հանձնաժողովի փորձագետ Ալիկ ...:
12 մշտական հանձնաժողովներից փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ բովանդակությամբ նամակներ են ստանում քաղաքացիներից:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտները բազմազան են` մարդու եւ քաղաքացու իրավունքներ եւ ազատություններ, փաստաբանական, նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ եւ այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ եւ տեղեկատվություն:
Հանձնաժողովը ապրիլ-օգոստոս ամիսներին ստացել է 76 նամակ: Հանձնաժողովի փորձագետը փոխանցեց, որ իրենք տարաբնույթ նամակներ են ստանում, եւ ոչ բոլոր դեպքերում է, որ քաղաքացու բարձրացրած հարցը կամ պահանջը վերաբերում է հանձնաժողովի գործառույթներին:
Քանի որ հանձնաժողովի կանոնակարգում որպես գործառույթ նշված է «փաստաբանական ծառայությունները», քաղաքացիները հաճախ այն հասկանում են ուղիղ իմաստով, որ հանձնաժողովը փաստաբանական ծառայություններ է մատուցում, եւ տարբեր փաստաբանական հարցերով նամակներ են գրում:
Օրինակ` քաղաքացին դիմում է հանձնաժողովին, թե ամուսինը մահացել է, սակայն իր ազգանվան մեջ տառասխալ կա եւ չի կարողանում ժառանգություն ստանալ: Հանձնաժողը հայտնել է, որ դա դատարանի լուծելիք խնդիր է:
Մեկ այլ դեպքում երիտասարդը բանակից վերադարձել է, նրա հոր եւ հորեղբոր միջեւ բնակարանի վեճ կա, եւ իրեն չեն գրանցում այդ բնակարանում:
«Մենք գործադիրի լիազորություններ չունենք, եթե մեզ դիմած քաղաքացու գործը դատական փուլում է, հանձնաժողովին ներկայացրած նրա նյութերն ուղարկում ենք դատարան, որպեսզի կցվի գործին, այլ բան չենք կարող անել»,- պարզաբանում է փորձագետը:
Քաղաքացիներից ստացված մի քանի նամակ էլ վերահասցեագրվել է գլխավոր դատախազությանը, քանի որ քաղաքացին կոնկրետ նշել է, որ իրեն խաբել են կամ դարձել է խարդախության զոհ:
Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլ-հունիս ամիսներին քաղաքացիներից ստացվել է 31 նամակ:
Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի գործավարուհին փոխանցեց, որ քաղաքացիներից ստացված նամակների 98 տոկոսին դրական պատասխան է տրվում, իսկ նրանց պահանջը հիմնականում վերաբերում է պետպատվերով բուժում, ինչպես նաեւ` անվճար դեղորայք ստանալուն:
Մի քանի քաղաքացիներ էլ որոշել են, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պետք է զբաղվի բակում հարեւանի կառուցած ավտոտնակի, վերեւի հարեւանի անփութության հետեւանքով խոնավացած իր առաստաղի, մեկ այլ քաղաքացու կողմից իր հասցեին հնչեցված հայհոյանքների ու անվայել արտահայտությունների հարցերով:
Հանձնաժողովը ապրիլ-օգոստոս ամիսներին ստացել է 4 նամակ, նույնքան նամակ էլ մուտք է եղել սեպտեմբերին: Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի գործավարուհին տեղեկացրեց, որ ընդամենը մեկ քաղաքացու նամակ է վերաբերել հանձնաժողովի գործառույթներին:
Կրթությամբ իրավաբան քաղաքացուն հետաքրքրել է հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող մի քանի հարց: Քաղաքացու հետ հանդիպել եւ պարզաբանում է տվել անձամբ Ա. Ռուստամյանը: Մնացած նամակներն ունեցել են կենցաղային բովանդակություն:
«Սեպտեմբերին ստացած 4 նամակները նույն մարդկանցից ենք ստացել, ովքեր միշտ կենցաղային հարցերով են գրում հանձնաժողովին»,- տեղեկացրեց գործավարուհին:
Նույն ամիսներին Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քաղաքացիներից ստացել է 32 նամակ: Հանձնաժողովից տեղեկացրին, որ նամակները հիմնականում վերաբերել են կրթության ոլորտին:
Քաղաքացիները դիմել են անձնական հարցերով` խնդրելով զիջել իրենց զավակի ուսման վարձը կամ պահանջելով տրամադրել բանակից տարկետման իրավունք:
Քաղաքացիներից բազմաթիվ նամակներ է ստանում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: 100 նամակ մուտքագրվել է ապրիլ-հունիս ամիսներին, մոտ 50 նամակ էլ ստացել են հուլիս-օգոստոսին: Նրանց պահանջը մեկն է` ֆինանսական օգնություն:
Նամակ գրողները հիմնականում օգնության կարիք ունեցող հաշմանդամներ են կամ էլ ծնողներ, որոնց երեխաները սովորում են բուհերում եւ ուսման վարձը չեն կարողանում վճարել:
«Այդքան նամակ ստացել ենք հանձնաժողովի անունով, առանձին պատգամավորների անունով նամակներ նույնպես ստանում ենք եւ առանց կարդալու փոխանցում նրանց, ուստի չգիտեմ, թե ինչ բովանդակություն ունեն այդ նամակները»,- ասում է հանձնաժողովի նախագահի գործավարուհին` Լուսինեն:
Սակավաթիվ են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ստացած նամակները` ապրիլից մինչեւ սեպտեմբերի 9-ը մուտքագրվել է ընդամենը 12 նամակ:
Հանձնաժողովի փորձագետ Արտյուշա Ահարոնյանի ներկայացմամբ` քաղաքացիները հիմնականում իրենց դիմում են վարկեր եւ դրամական օգնություն ստանալու հարցերով:
«Օգնության խնդրանքով մեզ գրում են նաեւ քաղաքացիներ, որ ժամկետանց վարկեր ունեն: Եթե տեսնում ենք, որ քաղաքացու բերած փաստարկները խելամիտ են, դիմում ենք բանկի տնօրինությանը, որպեսզի ընդառաջեն: Բայց ասեմ, որ խելամիտ պատճառաբանություններ քիչ են պատահում»,- ավելացնում է Ա. Ահարոնյանը:
Մեր հարցումը միայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի քարտուղարուհու սրտով չէր: Նա կոպիտ կերպով ներկայացրեց միայն, որ հանձնաժողովը քաղաքացիներից ստացել է 64 նամակ, որից 42-ը` Դ. Հարությունյանի անունով:
«Ինչ հարցերով են դիմում հանձնաժողովին» հարցին նա պատասխանեց` նպատակահարմար չեմ գտնում ձեզ այլ տեղեկություններ տալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել