Գյուղացի են, բայց ապրում են քաղաքացու կենցաղով
Նորակերտ տանող ճանապարհի երկու կողմերում փռված են գյուղի մշակովի հողատարածքները: Անմշակ, կանաչից զուրկ դաշտերն արդեն վկայում են, որ մարդիկ «ձեռք են քաշել» հողից:
«Այսօր այն վիճակն է, որ մի հարուստ գա, մեր հողերը վերցնի, չգիտեմ վարկերով կամ դեֆիցիտ բաներ ցանելով եկամուտ ստանա ու մեզ աշխատացնի: Ուրիշ տեղերում երեւի լավ հողեր կան, հարուստներն այնտեղ են հետաքրքրություն ցուցաբերում, մեր հողերով դեռ չեն հետաքրքրվում»,- ասում է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ Նորիկ Դովլաթյանը:
Նորակերտն ունի 1100 հա գյուղնշանակության հողատարածք, որից ոռոգման ենթակա է 550-ը, սակայն փաստացի ոռոգվում է 150 հա:
Խորհրդային տարիներին խաղողի եւ պտղատու այգիներով աչքի ընկնող գյուղում այժմ ընդամենը մի քանի մարդ է հող մշակում, մնացածը կամ Երեւանում շինարարության վրա են աշխատում եւ օրվա հացի գումար վաստակում, կամ էլ մեկնում են արտագնա աշխատանքի:
Միջին հաշվարկներով` տարեկան 250 նորակերտցի աշխատանք գտնելու ակնկալիքով մեկնում է արտերկիր, նրանց մի մասն արդեն ընտանիքներով մշտական բնակության է տեղափոխվել:
Մինչ օրս գյուղացիները հիշում են, որ կոլխոզի ժամանակ Նորակերտում եղել է 360 հա խաղողի այգի եւ տարեկան 3600 տոննա բերք են ստացել, իսկ հիմա ընդամենը 40 հա այգի է մնացել գյուղում:
«Էն լավ տղերքը, որ մարզում հեկտարով այգիներ են հիմնել, դրանք արդեն բերքի են, ամեն մեկն էլ իր գործարանն ունի, իրենց խաղողը մթերում են, ու մտավախություն կա, որ 1-2 տարի հետո գյուղացուց այլեւս խաղող չեն մթերի, իրենց խաղողներն արդեն լրիվ հերիք է իրենց»,- ասում է Նորակերտի համայնքապետարանի հաշվապահ Աշոտ Դովլաթյանը:
Գյուղացիներն իրենց այգիները զանգվածաբար ոչնչացրել են 1993 թ., երբ հանձնած խաղողի դիմաց գործարանատերերը նրանց մի քանի լիտր բենզին տվեցին:
Նոր այգիներ հիմնելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ 1 հա խաղողի նոր այգի հիմնելու համար անհրաժեշտ է 10.000 դոլար:
Քանդած այգիների տեղում նորակերտցիները տարիներ առաջ ցորեն են ցանել, սակայն լավ բերք ստացել են ընդամենը 1-2 տարի, դրանից հետո ցորենի մշակման ծախսերն ավելացել են, ու մարդիկ հացահատիկ մշակելուց էլ են հրաժարվել:
Նորակերտում այս տարի եղել է ընդամենը 2 հա ցորենի արտ, իսկ աշնանացան ոչ ոք չի պատրաստվում կատարել:
«Գյուղի միակ առավելությունը Երեւանին մոտ լինելն է: Անասուն պահողները իրենց կաթ ու մածունը տանում Երեւանում վաճառում, ով էլ կարողանում է` մայրաքաղաքում տեղավորվում է աշխատանքի»,- ավելացնում է Ա. Դովլաթյանը:
Թեեւ գյուղացիները հող չեն մշակում, սակայն հողի հարկը վճարում են: Մինչ այս պահը որեւէ մեկը հողից հրաժարվելու դիմում չի ներկայացրել համայնքապետարան, քանի որ հույս ունեն, որ մի հարուստ գործարար կգա եւ ցանկություն կհայտնի հող գնել, իրենք էլ թանկ գնով կվաճառեն:
Գյուղամիջում հավաքված 4 տղամարդկանցից 3-ը գնորդ լինելու դեպքում պատրաստ էր իր հողը վաճառել, իսկ նրանցից տարիքովը` Սուրեն պապը, ասաց, թե հողը «մեծ կապիտալ է», ուստի չի վաճառի:
Գյուղն ունի մոտ 18 հա վարձակալական հողեր, այս տարի բոլորն էլ անմշակ են մնացել, սակայն վարձերը հավաքագրվել են: Հող չմշակելու եւս մեկ պատճառ նշեցին գյուղացիները. ոռոգման ջուրը թանկ է:
5 տարի առաջ գյուղում որոշակի աշխուժություն նկատվեց, երբ «Մասիս Տոբակոն» թութուն մթերելու պայմանագրեր կնքեց գյուղացիների հետ: Նորակերտում մոտ 60 հա թութուն է ցանվել, մթերումն էլ առաջին տարում ժամանակին իրականացվել է, բայց հետագայում պայմանագրեր այլեւս չեն կնքվել գյուղացիների հետ:
«Հրանտ Վարդանյանի տղեն Շամշադինից է պատգամավոր ընտրվել, հիմա էլ ընդեղ են պայմանագրեր կնքում գյուղացիների հետ, դրա համար էլ մեր հետ չկնքեցին: Մեզ ոչ մեկը չի ասել` թութուն մի ցանեք, բայց որ պայմանագիր չեն կապում, ո՞ւմ տանեմ հանձնեմ մշակածս թութունը»,- հարցնում է Ա. Դովլաթյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել