Ախալքալաքում կանգնեցվեց գուսան Հավասու հուշարձանը
Ախալքալաքում սեպտեմբերի 25-ին մեծ շուքով տեղի ունեցավ գուսան Հավասու կիսանդրու բացման արարողությունը: Ախալքալքի Չկալովի անվան փողոցում վեր խոյացավ 20-րդ դարի աշուղի հուշարձանը:
Քանդակի հեղինակը Սուրեն Մարտիրոսյանն է, ով 3 ամիս շարունակ կերտել է հավասու կիսանդրին: «Երբ իջավ սպիտակ սավանը, ես հուզվեցի: Թե ինչ զգացի այս պահին, երևի չէի զգացել այդ հուզմունքը ստեղծագործական ողջ պրոցեսի ընթացքում: Ինձ թվաց, թե հայտնություն կատարվեց: Եթե գործը հաջողված է, ապա արվեստագետը հուզվում է: Իսկ տեղը քաղաքային իշխանություններն են որոշել, լավ կլիներ, որ ավելի մարդաշատ վայրում լիներ, բայց եթե ժողովուրդը սիրի իր աշուղին, կապ չունի, թե որտեղ է գտնվում հուշարձանը», - ասաց քանդակագործ Սուրեն Մարտիրոսյանը:
«Այս ամենը երկու տարվա պատմություն ունի: Պատմությունը գեղեցկացնում է բնությունը: Այն ինչ արվում է, դա մեր ապագա սերունդների համար է: Հավասի, Ջիվանի, Տերյան, Դեմիրճյան սրանք մեր պատմությունն են, առհասարակ հուշարձանը հզոր հիմք է ապագայի համար: Այսօր էլի մի մարդ, շեշտում եմ` մարդ, հիմք դարձավ Ջավախք աշխարհում: Մարդիկ կան, որոնք հաճույք են ստանում բնությունից, և հակառակը` բնությունն է հաճույք ստանում մարդուց: Հավասին այն մեծությունն էր, որից բնությունն էր հաճույք ստանում», -ասաց ծնունդով Ջավախքի Գոման գյուղի, այժմ ռուսաստանաբնակ բարերար Արթուր Գիլոյանը:
Հավասին` Արմենակ Պարսամի Մարկոսյանը ծնվել է 1896թ. Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: Հավասին իր ստեղծագործական կյանքը սկսել է 1914-ին Ախալքալաքում: Հեղինակ է մոտ 3600 աշուղական բանաստեղծության, մոտ 2000 քառյակների և շուրջ 150 եղանակավոր երգերի ու երգախառն հեքիաթների:
Միջոցառմանը ներկան էին հյուրեր թե' Հայաստանից և թե' Վրաստանից: «Հուշարձան չեն կառուցվում գացողների համար, այն եկողների համար է,- ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը,- փոքր է Ջավախքը, սակայն սրբգործված է հանճարեղ անուններով` սկսած Գրիգոր Տաթևացուց մինչև մերօրյա ստեղծագործողները:»
Մերուժան Տեր-Գուլանյանը վերջում հանդես եկավ առաջարկությամբ, որ Չկալովի անվան փողոցը վերանվանվի Հավասու անունով, որպեսի ամեն ինչ ամբողջական լինի:
«Սա Հավասու նորովի վերադարձն է հայրենի օրրան, ասել է, թե չի դադարում երգել նրա սազը: Նրա ծնունդից 114 տարի անց ջավախքցիները նրան հիշում, երգում ու մեծարում են: Առհասարակ ջավախքցիներն իրենց մեծերին չեն մոռանում»,-ասաց Հավասու արվեստի սիրահար Հասմիկ Ուզունյանը, ում հայրը աշակերտել է Հավասու մոտ:
Արձանի կարմիր ժապավենը կտրեցին բարերար Արթուր Գիլոյանը, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, աշուղ Ալիք-Ջավախքի (Ալիկ Քսպոյանը) և Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը:
Օրն առանձնահատուկ էր հատկապես աշուղ Ալիք-Ջավախքի համար, որովհետև 20-րդ դարի աշուղ Հավասին միակն է, որին նա տեսել է կենդանի: Ավելին` Ալիք-Ջավախքի աշուղ ձեռնադրման արարողությունը կատարվել է այն ժամանակ, երբ Երևանում նշում էին Հավասու 110-ամյակը: Եվ վերջապես` նրա աշուղ ձեռնադրման արարողությունը կատարել է Հավասու թոռը` Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը: «Եվ ահա այն նույն փողոցի վրա վեր բարձրացավ աշուղի հուշարձանը, ուր գտնվում է իմ հայրական օջախը», - ավելացրեց աշուղ Ալիք-Ջավախքը:
Գուսան Հավասու արձանը Ախալքալաքում կանգնեցնելու մտահղացումը նախաձեռնել ու իրականացրել է Սանկտ Պետերբուրգում Ջավախքի հայ համայնքի նախագահ, գործարար և երկու տասնյակից ավելի աշուղական երգերի հեղինակ Արթուր Գիլոյանը: Ջավախքցիներն իրենց շնորհակալությունը բարերարին արտահայտեցին կտավի տեսքով` նրան նվիրելով մի կտավ, որի հակառակ կողմում ստորագրել էին միջոցառմանը ներկա մերօրյա մոտ 20 աշուղներ ու ջավախքցիներ:
Բացման արարողությունից հետո հավաքվածները շարժվեցին դեպի Ախալքալաքի մշակույթի պալատ, ուր ՀՀ Սայաթ-Նովա աշուղական անսամբլն ու «Ջավախք» ազգագրական երգի ու պարի համույթը 3 ժամ շարունակ կատարեցին գուսան Հավասու երգերը:
Աղունիկ Այվազյան
Ախալքալաք
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել