HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու պայմանական արժեքն ու երջանկության նորագույն մոդելը ներկայացրեց TEDx Երևանը

Շուշան Հարությունյան Հարավային Կովկասում առաջին TEDx ֆորմատի միջոցառումը շաբաթ օրը` առավոտից մինչ երեկոյան ժամը 6-ը, լարված պահեց Երևանի «Անի պլազա» հյուրանոցի դահլիճում հավաքված 200 հրավիրյալին: Փակ միջոցառմանը գաղտնաբառով մուտք գործած անգլախոս ներկաները մոտ 7 ժամ անընդմեջ հնարավորություն ունեցան լսելու շնորհանդեսներ ու ելույթներ` նորարարությունների, սոցիալական մեդիայի ու տեխնոլոգիաների, երիտասարդության, կրթության, հայրենիքի, աշխարհագրական բաժանումների, ընդհուպ մինչև մարդու արժեքի և երջանկության նորագույն մոդելների մասին: Խոսնակները Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բրիտանիայից, Քուվեյթից, Վրաստանից թվով 17 հրավիրյալ փորձագետներ էին, ինչպես նաև մրցույթով ընտրված մասնագետներ: Reddit.com համակարգի հիմնադիր, միջոցառման համանախաձեռնող Ալեքսիս Օհանյանը խոսեց ԱՄՆ բարեգործական արշավների ու սոցիալական համակարգերի մասին: Լրագրող, վավերագիր Վարդան Հովհաննիսյանը իր նկարահանած ֆիլմից մի հատվածի միջոցով պատմեց Աֆրիկա մայրցամաքի մի կղզու երջանկության մոդելի մասին: Այդ կղզում 20 հազար մարդ է ապրում, 6 հազար էշ, և միայն 2 ավտոմեքենա կա: TEDx Երևանի ժամանակ երաժիշտ Սոնա Հովհաննիսյանը ներկայացրեց մենեջմենթի մասին իր պատկերացումները: Ազգությամբ նորվեգացի Թիմոթի Դ. Սթրայթը ներկայացրեց «Եվրասիա» հասկացության ու վերջինիս հասարակական համոզմունքների և աշխարհաքաղաքականության հարաբերակցությունը: Քուվեյթաբնակ Հակոբ Էմրազիանը իր շնորհանդեսը սկսեց նրանից, թե ինչպես է ճանապարհատրանսպորտային վթարի ենթարկվել, և իր անձնական օրինակով ցույց տվեց կրթական ծրագրերում ամեն ինչ «ընկալելի» ներկայացնելու կարևորությունը: Ամերիկաբնակ Միքայել Արամը խոսեց դիզայնը, պարզունակ արվեստը գնահատելու ու դրսի աչքով նայելու իր հնդկական փորձից: «Icon» ընկերության տնօրեն Ռաֆֆի Քասարջյանի թեման ուղեղների արտահոսքի կանխման հաջողակ մեթոդներն էին: Իսկ բրիտանացի Սայմոն Սքեմլ-Քեթսը բացատրում էր, թե ինչու են մարդիկ անընդունակ ռացիոնալ որոշումներ կայացնել, և ինչու է որոշումների կայացումը առհասարակ կապված զգացմունքների ու հույզերի հետ: Ելույթները ընդմիջվում էին տարբեր երկրներում անցկացված TEDx ձևաչափի միջոցառումների ամենահետաքրքրական վիդեոելույթներով: Այս ձևաչափի ելույթով միջոցառմանը մասնակցելու ցանկություն էր հայտնել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը: Հատկանշական է, որ ինչպես ցանկացած նոր տեխնոլոգիական միջոցառմանը, TEDx-ի ողջ ընթացքում նույնպես Twitter միկրոբլոգային համակարգի 140 սիմվոլի շրջանում հասանելի էին միջոցառմանը ներկաների «լուսաբանումն» ու մեկնաբանությունները դահիճում կատարվող ամեն մի փոփոխության մասին: Հենց այստեղ էլ ժամանակ առ ժամանակ դժգոհություններ էին հայտնվում այս կամ այն խոսնակի` շնորհանդեսի հատվածին ոչ հաջող պատրաստվածության կամ տվյալ պահին ներկայացվող թեմայի հետաքրքիր կամ անհետաքրքիր լինելու մասին: TEDx-ի նախաձեռնող Կրիստինե Սարգսյանը հայտնեց, որ հնարավոր է` այս դեկտեմբերին Երևանում նոր TEDx կազմակերպվի, միայն թե այդ ժամանակ այն կանանց ուղղվածություն կունենա: Իսկ TEDx-ի Երևանի ելույթները շուտով հասանելի կլինեն միջոցառման պաշտոնական կայքում, և հասարակական ավելի լայն շերտեր հնարավորություն կունենան ծանոթանալու դրանց: TEDx-ը անկախ կազմակերպվող միջոցառում է, որի հիմնական նպատակը մասսայականացման արժանի գաղափարների տարածումն է: Այն առաջին անգամ կազմակերպվել է 1984 թ. Կալիֆորնիայում, ապա տարեցտարի ավելի մասսայական դարձել: Ի տարբերություն իր իննովացիոն ձևաչափին` TEDx-ը հստակ ու խիստ կանոններ ունի, որոնցից հատկանշականը անցկացման փակ ֆորմատն է, մասնակիցների խիստ ցանկն ու միջոցառման ընթացքում որևէ տեսակի տեսանկարահանման անթույլատրելիությունը: TEDx-ն այսօր համացանցում համաշխարհային ամենատարբեր խոսնակների ավելի քան 700 հետաքրքրական վիդեոշնորհանդես ունի, որոնք, բացի առևտրային նպատակներով օգտագործելուց, հասանելի են առանց որևէ սահմանափակման: TEDx-ը նաև ոգեշնչող միջավայր է, ինչի հաստատումը Երևանում գտնվող կանադաբնակ լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի ելույթն էր: Նա պատմեց, որ ըստ բժիշկների հաշվարկների` 10 օրից պիտի մահանար քաղցկեղից, բայց նույն ախտորոշմամբ արդեն 10 տարի, ինչ ճամփորդում է ամբողջ աշխարհով և լուսանկարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter