HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Ապացուցման բեռը դրվեց ՀՀ առողջապահության նախարարության վրա

Այսօր ՀՀ վարչական դատարանում կայացավ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության» գործով նախնական նիստը:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին ԽԱՊԿ-ն ՀՀ վարչական դատարան էր դիմել ՀՀ առողջապահության նախարարության գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու և տեղեկատվություն տրամադրելու հայցապահանջով, քանի որ փետրվարի 11-ին նախարար Հարություն Քուշկյանին ուղարկված՝ հավատարմագրված լրագրողների և հավատարմագրման դիմումների մերժման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցմանը նախարարությունը պատասխանել էր ապրիլի 5-ին՝ խախտելով «Տեղեկատվության մասին» օրենքով սահմանված ժամկետը: Եվ միայն այն բանից հետո, երբ ստացել էր հայցադիմումը, նախարարությունը տրամադրել էր պահանջված տեղեկությունները: ԽԱՊԿ-ի հարցման հիմքում ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի թիվ 333-Ն որոշումն է՝ ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի մասին:

Այսօրվա նիստում հայցվորի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը դատարանին տեղեկացրեց, որ քանի որ պատասխանող կողմն արդեն ուղարկել է պահանջվող տեղեկատվությունը, հայցվորը հրաժարվում է տեղեկատվությունը տրամադրելու հայցապահանջի մասից և խնդրում է դատարանին կարճել այն: Սակայն հայցվորը պնդում է առողջապահության նախարարության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցապահանջի մասը:

Դատարանը գտավ, որ ապացուցման բեռը պետք է դրվի պատասխանողի վրա, քանի որ, համաձայն Վարչական դատավարության օրենսգրքի, պետական մարմինը, որը չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն, հայցվորի պնդմամբ, պարտավոր էր այն կարարել, կրում է իր անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը, այն է՝ հիմնավորելու փետրվարի 11-ի օրենքով սահմանված ժամկետում պատասխան ներկայացված լինելու փաստը, եթե այդպիսի փաստ առկա է, իսկ այդպիսի փաստ առկա չլինելու դեպքում՝ այդպիսի փաստ չներկայացնելու իրավաչափությունը:

Դատավոր Ռ.Հակոբյանը հայտարարեց դատաքննության փուլ անցնելու մասին և դատաքննության օր նշանակեց նոյեմբերի 15-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter