Կարեւորը վարկանիշային միավորներն են
Ծանրամարտի աշխարհի ավարտված առաջնության վերջին օրը Հայաստանը 105 կգ քաշային կարգում ներկայացնում էր Արթուր Բաբայանը: Մեր ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 176 կգ-ոց ծանրաձողը, իսկ հրումում ցույց տվեց 218 կգ արդյունք եւ զբաղեցրեց 7-րդ տեղը (394 կգ): Երկամարտի 415 կգ-ով ոսկին նվաճեց գործող չեմպիոն, աշխարհի արդեն եռակի հաղթող լեհ Մարտին Դոլեգան: Գերծանր քաշային կարգում, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը բացակայում էր, հաղթող դարձավ իրանցի Բեհդադ Սալիմիկորդաշիաբին:
Աշխարհի այս առաջնությունում բացի մեդալներից վիճարկվում էին նաեւ օլիմպիական վարկանիշներ: Լոնդոնի 2012-ի խաղերին ծանրամարտի տղամարդկանց հավաքականները կարող են ներկայացնել առավելագույնը 6, իսկ կանայք` 4 ներկայացուցիչ: Այս առաջնությունում հաշվի էին առնվում տղամարդկանց եւ կանանց թիմերից համապատասխանաբար լավագույն 6-ի եւ 4-ի ցուցանիշները, որոնց հիման վրա էլ վարկանիշային միավորներ էին տրվում թիմերին: Մեր աղջիկներն այս առաջնությունում վաստակած միավորներով հավակնում են առավելագույն 4 ուղեգրի: Իսկ տղամարդկանցից 3-ը, ցավոք, զրո ստացան ու միավոր չվաստակեցին: Այսքանից հետո Արթուր Բաբայանի ու Գեւորգ Պողոսյանի արդյունքները մեր թիմի համար կարեւոր էին առավելապես օլիմպիական վարկանիշներ ձեռք բերելու համար: Նրանց եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանի հաջողության շնորհիվ այժմ մեր թիմը հավակնում է 4 ուղեգրի: Բայց 2011-ի Փարիզի աշխարհի առաջնությունում մերոնք շատ լավ հնարավորություն կունենան ուղեգրերի թիվը հասցնել առավելագույնի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել