Այսօր` Հայաստան-Ադրբեջան
Երեկ շախմատի համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց Հայաստան-Վրաստան (2-2) հանդիպումից նույն հաշվով իրենց մրցավեճը Ռուսաստան-2-ի հետ ավարտեցին մեր աղջիկները: Սպիտակներով խաղացող Դանիելյանն ու Գալոյանը հաղթեցին, իսկ սեւերով հանդես եկող Մկրտչյանն ու Աղինյանը պարտվեցին:
Տղամարդկանց մեր թիմը 6 տուրից հետո թիմային 11 միավորով առաջին տեղը կիսում է Ուկրաինայի եւ Վրաստանի հետ: Սակայն անհատական պարտիաներում վաստակած միավորներով ուկրաինացիները առաջինն են, մերոնք` երկրորդը, վրացիները` երրորդը: Այսօր` 7-րդ տուրում, մեր օլիմպիական չեմպիոնների մրցակիցն է Եվրոպայի գործող չեմպիոն Ադրբեջանի թիմը, որն այս պահին 8-րդն է մրցաշարային աղյուսակում: Սա լավ հնարավորություն է մեր թիմի համար, քանի որ այսօր իրար հետ մրցելու են նաեւ Ուկրաինան ու Վրաստանը եւ Ռուսաստանի առաջին երկու թիմերը: Բացի այդ վերելքով հանդես եկող մեր թիմը կարող է ռեւիանշ վերցնել ադրբեջանցիներից, որոնց այս տարվա սկզբին պարտվել էր թուրքական Բուրսայում անցկացված աշխարհի առաջնությունում:
Իսկ ահա մեր աղջիկները, ի թիվս այլ թիմերի, վաստակել են թիմային 9 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով 9-րդն են: 12 միավորով միանձնյա առաջատարը Ռուսաստան-1-ն է: Այսօր մերոնց մրցակիցը ԱՄՆ-ի թիմն է, որն այս պահին 8-րդ տեղում է: Ընդ որում` ԱՄՆ-ի երրորդ տախտակի վրա հանդես է գալիս Տաթեւ Աբրահամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել