HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոբելյանական ցուցահանդես` Ախալքալաքի նկարչական դպրոցում

Այսօր Ախալքալաքի նկարչական դպրոցը հոբելյանական ցուցահանդես էր կազմակերպել, որը նվիրված էր դպրոցի հիմնադրման 20-ամյակին: Դպրոցը հիմնադրվել է 1990-ին, սկզբնական շրջանում անմխիթար վիճակում էր գտնվում: Ընդամենը մեկ դասասենյակում 60 աշակերտ էր ուսանում: 2002-ին ամերիկահայ բարերար Հակոբ Մելիք-Բաղդասարյանցի աջակցությամբ դպրոցը հիմնովին բարեկարգվեց: Այնուհետև 2009-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարության կողմից կատարվեցին ներքին հարդարման աշխատանքներ: Ախալքալաքի միակ նկարչական դպրոցն այժմ ունի 3 դասասենյակ: Նկարչական դպրոց են հաճախում 80-ից ավելի երեխաներ: Ցուցահանդեսը ամենաշատը ոգևորել էր 3-ամյա Անիին, ով մեզ ուղեկցեց իր նկարների մոտ: Փոքրիկ Անին ոգևորված պատմեց, որ նկարել է իրենց ընտանիքը, որը բաղկացած է 3 անդամից. «Այ, այս փոքրը ես եմ, տեսար»: Ցուցահանդեսի ամենափոքր մասնակցի մայրը` Շուշանիկ Ալվերցյանը ուրախ է, որ իր եեխան այցելում է նկարչական դպրոց և հնարավորություն ունի` առնչվելու արվեստի հետ. «Շատ հաճելի ու գովելի է, որ Ախալքալաքում գործում է նմանատիպ դպրոց»: «20 տարի առաջ մեծ դժվարությամբ հիմնադրվեց այս դպրոցը: Այս տարիների ընթացքում նկարչական դպրոցն իր գոյությունը ոչ միայն պահպանեց, այլև արդարացրեց: Բոլոր սաների աշխատանքները ներկայացված են: Սա մեր մանկական պատկերասրահն է, որը ամեն գնով պետք է պահպանենք ու փոխանցենք սերունդներին: Հոբելյանական այս ցուցահանդեսը նոր ուժ ու եռանդ կհաղորդի թե մանուկներին, և թե ուսուցիչներին»,- ասաց Ախալքալաքի նկարչական դպրոցի տնօրեն Կառլեն Կարապետյան: Նկարչական դպրոցի հոբելյանին ներկա էին Ախալքալաքի վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը, Սուբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և ուրիշներ: Ախալքալաքի բնակիիչ Մկրտիչ Քթոյանի կարծիքով, դպրոցի վարպետությունը տարեց տարի բարձրանում է և սպասում նոր անունների: «Այնպիսի գործեր կան, որոնք կարելի է դասականների շարքին դասել: Լավ գործեր են ներկայացրել, օրինակ` Հայկազը, Եվան, Արթուրը և ուրիշներ: Նրանց ստեղծագործություններով այսօր ես հիացած եմ: Այս դպրոցից սպասում եմ նոր տաղանդավոր մարդկանց, որոնք իրենց ուրույն խոսքը կասեն արվեստում»,- ասաց Մկրտիչ Քթոյանը: Հոբելյանական ցուցահանդեսը անվճար է և բաց կլինի մինչև ուշ երեկո: Աղունիկ Այվազյան Ախալքալաք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter