
Թուրք ազգայնականները, ի պատասխան Աղթամարում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած պատարագի, առաջիկա ուրբաթ օրը խմբակային նամազ անցկացնելու նպատակով կհավաքվեն Անիի Մայր տաճարում:
«Այս եկեղեցում խմբակային աղոթքն արտոնելու դիմումով թուրք ազգայնականները արդեն դիմել են Կարսի նահանգապետարան: Մոտ 40 տեղական կազմակերպությունների ղեկավարների հավաքի ժամանակ «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի կառույցի առաջնորդը հայտարարել է այս մտադրության մասին` նշելով, թե «աղոթք է կազմակերպվելու հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի ավերակներում գտնվող Մայր տաճարում»,- տեղեկացրել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:
Անդրադառնալով թուրք ազգայնականների այս գործողության շարժառիթներին` Ա. Գոչունյանն ընդգծել է, որ «Սահմանադրական հանրաքվեից հետո «Ազգայնական շարժում» կուսակցության` «գորշ գայլերի» կուսակցության դիրքերը զգալիորեն թուլացել են: Ըստ երևույթին, ազգայնական շարժումների հիման վրա կուսակցությունը ցանկանում է վերագտնել իր քվեները, վերականգնել ներուժը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել