HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտագաղթի ֆինանսական բաղադրիչը. ի՞նչ է պետք, որպեսզի մարդիկ չհեռանան երկրից

Բնապահպանները պնդում են, որ գյուղնախարարությունը կեղծում է անտառի վերաբերյալ տվյալները, և իրականում այսօր Հայաստանի տարածքի ոչ թե 11.2 տոկոսն է անտառածածկ, այլ ընդամենը 7.5 տոկոսը (2006թ. տվյալներով)։ Նրանք պնդում են նաև, որ եթե անտառների ոչնչացումը շարունակվի նույն տեմպերով, արդեն 2020 թվականին Հայաստանում անտառներ չեն լինի։ Սա, իհարկե, ահավոր փաստ է, բայց շատ ավելի ահավոր է այն, որ փորձի համար այս փաստը ներկայացրեցինք ութ հոգու, և նրանցից յոթի արձագանքը բառացիորեն նույնն էր. «2020-ին Հայաստանում մա՛րդ չի մնալու, ուր մնաց՝ անտառ»։ Իրականում պատկերն, իհարկե, այդքան ահավոր չէ: Եթե արտագաղթը շարունակվի վերջին ամիսների տեմպերով, վերջին մարդը Հայաստանից կհեռանա 34 տարի հետո: Այսինքն` եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, Հայաստանը դեռ 34 տարի բնակչություն կունենա: Լավ բա ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությունները խոսքով «շենացնում են հայրենիքը», իսկ գործնականում այնպես են դեկավարում երկիրը, որ տարեկան մի քանի տասնյակ հազար մարդ անվերադարձ հեռանում է Հայաստանից։ Ի վերջո՝ ի՞նչ է պետք, որպեսզի մարդիկ չհեռանան երկրից։ Հավատացնում ենք՝ շատ բան պետք չէ։ Ընդամենը պետք է, որ ջիպերը քշեն միայն փողոցներով (և ոչ թե մայթերով), պետք է, որ քաղաքացին մի հասարակ տեղեկանքի համար ստիպված չլինի շաբաթներով քարշ գալ հիմնարկից հիմնարկ ու աջուձախ կաշառք տալ, պետք է, որ կարմիր բերետավորներն առանց որևէ պատճառի չհարձակվեն ուսանողների վրա, պետք է, որ գյուղացին իր աճեցրած մի բուռ բերքը վաճառելու համար ստիպված չլինի ստորանալ հազարումի թափթփուկի առաջ, պետք է, որ երեխան դպրոց գնա գիտելիք ստանալու և ոչ թե փող մուծելու համար, վերջապես՝ մարդիկ պիտի իմանան, որ երկրում օրենք կա, և եթե իրենց մի բան պատահի՝ կարող են դիմել իրավապահներին և առանց կաշառքի հասնել արդարության։ Կա՞ Հայաստանում այս ամենը։ Իհարկե չկա։ Ընդ որում, պատճառը ոչ թե բնակլիմայական պայմաններն են կամ մեր ազգային մենթալիտետը, այլ իշխանություններն են միտումնավոր արել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա բնակության համար ոչ պիտանի երկիր։ Իսկ ուրիշ ինչպիսին պիտի լիներ վիճակը մի երկրում, որտեղ իշխանությունները միայն մի նպատակ ունեն՝ հնարավորինս շատ փող աշխատելը։ Բնականաբար, նրանց համար աշակերտն արդեն ոչ թե «մեր ապագան է», այլ ընդամենը ծնողներից ամսական մի քանի հազար գրամ պոկելու «նաղդ» միջոց, գյուղացին արդեն ոչ թե «երկրի ողնաշարն է», այլ կթան կովի պես մի բան, անտառը ոչ թե երկրի հարստությունն է, այլ ընդամենը տարածք, որտեդ կողք կողքի «անտերուդուս» հարյուր դոլարանոցներ են աճում (միջին հաշվով այդքանի վառելափայտ է ստացվում մի ծառից) և այլն։ Մի խոսքով, պրոբլեմն այն է, որ Հայաստանում օրենքները չեն գործում, և մարդիկ հենց այդ պատճառով են հեռանամ երկրից։ Իսկ օրենքները չեն գործում, որովհետև իշխանություններին այդպես է ձեռնտու։ Հասկանայի է, չէ՞, որ եթե օրենքները գործեին, իրենք իշխանություն չէին լինի։ Եթե լինեին էլ՝ ստիպված պիտի լինեին գոյատևել չոր աշխատավարձով, իրենց լակոտ-լուկուտներն էլ ջիպերի փոխարեն երթուղայիններ պիտի նստեին։ Իսկ դուք ասում եք՝ եկեք բնակեցնենք ազատագրված տարածքները։ Գուցե սկզբում այնուամենայնիվ արժե Հայաստա՞նն ազատագրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter